Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասացին` Կարեն Սերոբիչը մատը քեզ վրա է դրել»

Հունվար 26,2018 13:30

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն իր անցած ուղու,
արվեստի, արվեստի` արհեստի ու լավատեսության մասին

Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի համար տարին հոբելյանական է, օրերս նա նշեց իր ծննդյան 75-ամյակը: Ի թիվս այլոց, քանդակագործին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: «Դու փառքի համար չաշխատեցիր, այլ արվեստը փառքի բերեցիր, արծվի նման բարձր տարար, մնացիր հեռատես, հասուն, վճռական ու գործնական, դրա համար ամենաբարի Աստված օրհնեց քո բոլոր օրերը ու պահեց, ինչպես միշտ քո բարձունքի վրա ու ադամանդյա տարեդարձդ պսակեց ուրախությամբ»,-գրված է սրբազան հոր շնորհավորական ուղերձում:
Ֆերդինանտ Առաքելյանը սիրով զրուցեց «Առավոտի» հետ:

«Մեծամեծ մարդկանց ու իմաստունների հետ եմ շփվել, նրանցից շատ բան եմ սովորել ու ընդհանրապես ես սովորություն ունեմ բոլոր խելոքներից ինչ-որ բան «փախցնելու»…Իմիջիայլոց, չէի պատկերացնում, որ այսքան կապրեմ: Հիմա եկել հասել եմ 75-ին ու շնորհակալ եմ Աստծուց: Մի բան էլ կարող եմ ասել` առաջնորդվում եմ Սոկրատի հայտնի խոսքերով` երկարակեցության միակ միջոցը ծերանալն է: Հիմա ապրում եմ ծերությունս, բայց սիրում եմ աշխատել: Այժմ Գրիգոր Նարեկացի եմ անում Եվրոպայի համար, որի պատվիրատուն Վատիկանն է: Գուցե դա դառնա իմ կարապի երգը, շատ սիրով եմ աշխատում այդ գործի վրա: Կուզենայի նստել՝ հուշերս գրել, շատերն են խնդրում, որ իմ անցած ճանապարհի մասին գրեմ»,-հայտնեց արվեստագետը:


Ֆերդինանտ Առաքելյանը մի դրվագ պատմեց, թե ինչպես է իրեն վստահվել Մարզահամերգային համալիրի «Վերածնունդ» հայտնի բարձրաքանդակը:
«Ես չէի պատկերացնում, որ Մարզահամերգային համալիրը կարող են ինձ վստահել, դա շատ ծանր գործ էր: Ինձ կանչեց Հայպետնախագիծ ինստիտուտի տնօրենը, Նիկոլայ Արտյոմիչը, որը աքսակալն էր մեր խմբի եւ ասաց` դա դու պետք է անես: Ճիշտն ասած, սկզբում ուրախացա, բայց նաեւ վախեցա, քանի որ այդպիսի մեծ բարդ գործ չէր արվել: Այն ոճը, որ տեսնում եք, իր նախատիպը ուներ Գյումրիի Շիրակ հյուրանոցում: Սկսեցի էսքիզներ անել, հետո հարցրի, թե ինչո՞ւ են ինձ վստահել նման պատասխանատու գործ: Ինձ ասացին, որ Կարեն Սերոբիչը մատը դրել է քեզ վրա: Այն ժամանակ մոտ չեմ եղել Կարեն Սերոբիչի հետ: Երբ Ստեփանավանի Շահումյան կոմպլեքսի վրա էի աշխատում` «Ամբոխները խելագարված» բարձրաքանդակն էի անում, Կարեն Սերոբիչը շատ էր հավանել, ասել է՝ այս համալիրն էլ էդ տղային կտաք: Մի խոսքով, էսքիզը տարա, հավանեցին ու անցա գործի:

Դա հսկա գործ էր` քարերի սիմֆոնիա, որ ունի 330 ֆիգուրա, դա խաղ չէր, ժամանակն էլ կարճ էր` 4 տարի: Ես աշխատեցի այնպես, ինչպես ուզում էի, նոր արվեստ բերեցի` ազգայինից, լեռներից, մինիատյուրաներից, չէ՞ որ ես սիրում եմ մեր ժողովրդի արվեստի ամբողջ անցյալը, Թորոս Ռոսլինին, Տրդատին …Միեւնույն ժամանակ, մտածում էի ինչպես անել, որ ոչ մեկին չնմանվի, որ նայելիս մարդ չհոգնի…Կարծում եմ` սերունդները որոշ բան կսովորեն դրանից, հեռացել եմ կլասիկայից, բոլոր տեսակի բաներից, բայց նաեւ նոր բան եմ արել, որը նայելիս զգում ես, որ Հայաստանն է: Ես ամբողջ կյանքում պաշտել եմ Չարենցին, չկա էդպիսի գրող` բախվող եւ բեկվող ճառագայթներ, միշտ դա պահել եմ մեջս, իհարկե, նաեւ վերածնունդ, որովհետեւ ինչքա՞ն կարող ենք տխրել, լաց լինել: Չեմ սիրում, որ անընդհատ միայն Եղեռնի մասին ենք խոսում, մենք պետք է նաեւ հաղթենք, ուժեղ ու լուսավոր լինենք… Հիմա անում եմ Նարեկացի, որն աստվածային գրող է: Նարեկացու բովանդակությունն է սինուսոիդներով, իսկ Չարենցի մոտ ոչ միայն ձեւը, այլեւ բովանդակությունը…Մի օրինակ էլ բերեմ. մի ամիս առաջ Թամանյանի մասին էին պատմում եւ պատմում էին նաեւ, թե ինչ է գրել Մարտիրոս Սարյանը նրա մասին: Թող ինձ ների Սարյանը, մեծ նկարիչ է, բայց գրել էր շատ հասարակ, իսկ Չարենցը ողջ ասելիքն ամփոփել էր հետեւյալ հզոր տողով. «Նա տեսել էր երեւի արեւային մի քաղաք»: Չարենցը տիեզերք է»:


Մեր զրուցակիցը փաստում է. «Իհարկե, մի քիչ տխուր ենք, որովհետեւ վերջին 25-30 տարին այնպես չեղավ, բայց լավ կլինի, կոչ եմ անում չտխրել, վստահ եմ՝ չարը կպարտվի ու բարին կհաղթի: Բացի այդ, ուզում եմ վստահեցնել, որ արվեստն է հարթում քաղաքակրթություն գնացող բոլոր ճանապարհները: Խոսքն իսկական արվեստի մասին է, թե չէ մեկ-մեկ վերցնում, մարդ են քանդակում… Այ մարդ, մարդ մի քանդակեք, պլաստիկա քանդակեք, ձեր արածը արվեստի արհեստն է»:

Նշենք, որ «Առավոտի» նախորդ համարներում Ֆերդինանտ Առաքելյանի բարեկամներն իրենց սրտի խոսքն են ուղղել արվեստագետի տարեդարձի առիթով: Գրականագետ Ազատ Եղիազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Ֆերդինանտ Առաքելյանը իր լավագույն ընկերներից մեկն է, իսկ մյուս մոտ ընկերը դիվանագետ Արման Նավասարդյանն է:
«Երկուսն էլ հումորի ուժեղ զգացում ունեն, դրա համար էլ մեր բոլոր հանդիպումներն անցնում են ծիծաղաշարժ պատմություններով… Ֆերդինանտ Առաքելյանը մեր վերջին տասնամյակների առաջին քանդակագործներից մեկն է: Նրա բոլոր աշխատանքները շատ հայտնի են, մանավանդ նրա հզոր քանդակագործական պաննոն Մարզահամերգային համալիրի ճակատին: Իրեն բնորոշ են ռոմանտիկան եւ պաթետիկան, այլապես այդքան սիրահարված չէր լինի Չարենցին, Թումանյանին եւ Նարեկացուն: Նա փայլուն գրականություն գիտի, անընդհատ ասում է, որ մարդ եթե չի կարդում, նրանից լավ բան մի սպասիր: Մենք միասին ժամերով կարող ենք Թումանյան ու Չարենց արտասանել: Նա նաեւ Նարեկացու շատ խորը ընկալում ունի, որը նույնպես կարտահայտվի իր որեւէ քանդակագործական ձեռքբերումով: Հիմա նա այդպիսի մի հրաշալի աշխատանք է անում, որը կարծում եմ՝ կտեղադրվի եվրոպական քաղաքներից մեկում եւ նաեւ Հայաստանում: Ֆերդինանտ Առաքելյանը շատ լավ ընկեր է: Ուրախ եմ, որ այս տարիքում նման ընկեր ունեմ»,-հավելեց գրականագետը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

25.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031