Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես դուր գալ շրջապատին-3

Հունվար 26,2018 12:30

Սկիզբը՝

Ցանկացած մարդու մասին պատկերացում ենք կազմում, ինչպես ասում են՝ նրա շարժուձեւից, այսինքն՝ նրա քայլքից, նստելու եւ կանգնելու ձեւից, ուտելու եւ խմելու, դանակ ու պատառաքաղ օգտագործելու ձեւից, ձեռքերի ու ոտքերի պահվածքից եւ բազմաթիվ այլ շարժումներից: Օրինակ. ամենեւին պատահական չէ, որ եվրոպական ազնվականությունը մեծ ուշադրություն էր դարձնում հատկապես աղջիկների սովորական քայլքին եւ անգամ հատուկ վարժություն էին մշակել. հատակին քայլի չափով, ուղիղ գծով շարում էին ափսեներ, մի ափսե էլ դնում էին երեխայի գլխին եւ նա պետք է ափսեներին չկպչելով սովորեր քայլել այնպես, որ ափսեն գլխից չընկներ:

Այսինքն, արդեն փոքրուց երեխան սովորում էր ուղիղ, գլուխը բարձր, մեջքն ուղիղ քայլել: Այդպիսի քայլքը նախ քայլողին տալիս էր ինքնավստահություն, մյուս կողմից, շրջապատողներին ստիպում էր հարգել իր արժանապատվությունը: Ուշադրություն դարձրեք, թե ինչ տպավորություն ենք ստանում գլուխը կախ, կորացած մեջքով, փնթի քայլող մարդուց: Արդեն մանկուց ճիշտ քայլել սովորելը ոչ միայն օգնում է մարդուն արժանավայել ներկայանալ շրջապատին, այլեւ կարող է օգնել ձերբազատվել ծուռթաթությունից եւ ոտքերի այլ արատներից: Ճիշտ քայլել սովորելուն օգնում է նաեւ սպորտով զբաղվելը, պարել սովորելը եւ զինվորական ծառայությունը:

Պետք է նկատի ունենալ, որ տարբեր շարժումներ կատարելիս հագուստը կարծես թե ձեւափոխվում է, բացվում են մարմնի այնպիսի մասեր, որոնք հազիվ թե հագուստի տերը կցանկանար ցուցադրել: Դա նշանակում է՝ պետք է սովորել հայելուց ճիշտ օգտվել, այսինքն՝ հայելու առաջ տարբեր դիրքեր ընդունել եւ նայել, թե այն ինչպես է երեւում թիկունքից, կողքից, կռանալիս, ձեռքերը վեր պարզելիս, քայլելիս, վազելիս եւ այլն: Ամեն ոք պետք է սովորի ինքն իրեն նայել տարբեր դիրքերում: Այսօր մեծ փորձություն է երթուղային տաքսիներից օգտվելը, որոնցում մարդը կարող է ընդունել ամենաանհավանական դիրքերը եւ շրջապատին ցուցադրել այն ամենը, ինչը որեւէ մեկը չէր ուզենա, որ տեսներ անգամ շատ մտերիմ մեկը: Առհասարակ, յուրաքանչյուր ոք պետք է սովորի ինքն իրեն նայել, գնահատել ոչ միայն հայելու միջոցով, այլ կողքից:

Ինչպես դուր գալ շրջապատին-4

Ժողովրդական ասացվածք կա՝ հյուրին դիմավորում են հագ ու կապով, ճանապարհում են խելքով: Այսինքն՝ հագուստն ու խոսքը, որոնցով ներկայանում եք շրջապատին, դեռեւս բավարար չէ, այլեւ անհրաժեշտ է, որ դրսեւորեք ձեզ նաեւ խելքով, այլ կերպ ասած՝ իմաստալից խոսքով: Այսօր շատերին թվում է, որ եթե իրենք ունեն շատ տեղեկատվություն, կարող են խոսել ամեն ինչի մասին, ուրեմն իրենք շատ խելոք են: Սակայն շատ բաներից տեղյակ լինելը վկայում է, որ դուք ունեք միայն լավ հիշողություն, բայց ոչ գիտելիք: Իմաստալից խոսքը ենթադրում է տրամաբանություն ունենալուն, ճիշտ մտահանգումներ կատարելուն, մտածված խոսքին: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է համակարգված, մասնագիտական գիտելիք ուսանել, այլ ոչ թե դատարկ տեղեկատվություն հավաքել: Միաժամանակ անհրաժեշտ է ոչ միայն մասնագիտական, այլեւ ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել, առանց որի չի կարող ձեւավորվել բարձրակարգ ճաշակ, նրբանկատություն, մտքի խորություն, կարճ ասած՝ ճշմարիտ իմաստալից խոսք: Անհրաժեշտ է մշտապես ձգտել պահպանել մակարդակը այնպես, որ այն միշտ բարձր լինի շրիշակից:

 

ՎԱԼԵՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ»

25.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031