Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԵՐԻ ՀԵՏ

Հունվար 26,2018 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ երկրորդ

ՄԵԾԵՐԻ ՀԵՏ

Հայրս ու Վոլոդյան լույս են դառել: Ֆրունզիկը հորիցս տասնհինգ օր առաջ լույս դառավ:

Անցյալ դարի իննսուներեք թվականի դեկտեմբերի 31-ին, երբ Ֆրունզիկի հոգեհացից գնացի Պլանի գլխի հիվանդանոց, հայրս արդեն շատ ծանր էր, եւ մայրս շարունակ լալիս էր: Հայրս իր վիճակի ծանրությունն ու լրջությունը չէր զգում եւ շարունակ ինձ Ֆրունզիկի թաղումից էր հարցեր տալիս: Ես հորս խաբելով ասացի, որ Ֆրունզիկի թաղմանը չափազանց շատ ժողովուրդ կար, մինչդեռ իրականում շատ քիչ ժողովուրդ կար՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ օրը շատ ցուրտ էր, այլեւ էն պատճառով, որ դեկտեմբերի 31-ն էր, եւ մարդիկ նոր տարվա իրենց հոգսերով էին, եւ, դրանից էլ բացի, պատերազմի ցուրտ ու մութ տարիներն էին, եւ մարդիկ լիքը ուրիշ հոգսեր էլ ունեին:

Ինչ վերաբերում է Ֆելոյին, լիահույս եմ, որ ինքը կա եւ շարունակում է ապրել: Ինքը հորիցս, Վոլոդյայից ու Ֆրունզիկից շատ ջահել էր, եթե չեմ սխալվում՝ անցյալ դարի քառասունմեկ թվականին ծնված:

Մի խոսքով՝ կյանքը շարունակվում է: Ֆելոյինը՝ նույնպես: Հորս, Վոլոդյայինն ու Ֆրունզիկինը՝ նմանապես: Որովհետեւ եթե մեկին հիշում են, էդ մեկը շարունակում է ապրել: Ինչ վերաբերում է անձամբ Ֆրունզիկին, իրեն ողջ ազգն է հիշում, ավելի ճիշտ՝ իրեն շատ ու շատ ազգեր են հիշում: Եվ, կարելի է ասել, ինքն էս պահի դրությամբ ավելի է ապրում, քան՝ չմահացածներից շատերը:

Սա իմ կարծիքն է: Սա կարծիքն է մեկի, ով երկրաշարժի օրվա էն ահավոր իրիկուն Ֆրունզիկի հետ մտել է Գյումրի, եւ կարծիքն է մեկի, ով անցյալ դարի ութսունականների սկզբներին Մոսկվայում բախտ է ունեցել Ֆրունզիկի հետ «Ռոսիա» հյուրանոցի ռեստորանում հայազգի այլ երեւելիների՝ Ջիգարխանյանի, Փելեշյանի, Տիգրան Մանսուրյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Աղասի Այվազյանի ու Խորեն Աբրահամյանի հետ սեղան նստել, եւ դա ինձ համար չափազանց երջանիկ պատահականություն էր, որովհետեւ իրենք ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների համագումարից դուրս էին եկել ու նպատակադրված գնում էին «Ռոսիա» ռեստորան, ու ես, որ էդ ժամանակ Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն կուրսերի ուսանող էի, իրենց միանգամայն պատահաբար հանդեպեցի K-9-ի մատույցներում, եւ չնայած Փելեշյանից բացի՝ իրենց բոլորին անձամբ էի ճանաչում, հատկապես Հրանտը, Տիգրանն ու Ֆրունզիկը պնդեցին, որ իրենց հետ ռեստորան գնամ, եւ չնայած Ջիգարխանյանի հետ ընդամենը երկու անգամ էի հանդիպել, Ջիգարխանյանն էլ էր կողմ, որ հետները ռեստորան գնամ, եւ չնայած էդ վեցից ամենից ավելի Աղասուն էի ծանոթ, Աղասին առանձնապես չոգեւորվեց ինձ հրավիրողների հրավերից, եւ Խորիկն էլ էր միանգամայն անտարբեր, բայց երբ իրեն հիշեցրի իգդիրցի լինելս, ինքը ոչ միայն ինձ տեղը բերեց, այլեւ Օսան տատիս էլ հիշեց, ինչպես նաեւ՝ հորս ու Աբովյանի վրայի հորս արհեստանոցը, ու էդ պահից սկսած՝ Խորեն Աբրահամյանն էլ էր կողմ, որ հետները ռեստորան գնամ, որովհետեւ, ամեն ինչից բացի, ինքը բանաստեղծություններս էլ էր հավանում, ավելի ճիշտ՝ շատ էր հավանում բանաստեղծություներիցս հատկապես մեկը, որն Օսան տատիս էր նվիրված եւ որն ինքն անձամբ էր արտասանել իգդիրցիների հավաքի ժամանակ՝ Էդվարդ Իսաբեկյանի խնդրանքով:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031