Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխհրաձգություն» ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև (Տեսանյութ)

Հունվար 25,2018 23:35

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում ադրբեջանցի պատվիրակ Սևինջ Ֆաթալիևայի  կողմից ներկայացված՝ «Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտությունների ժամանակ» խորագրով զեկույցի ընթացքում «փոխհրաձգություն» տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև:

Զեկույցի ներկայացումից հետո ադրբեջանցի չորս պատվիրակներ մեկը մյուսի հետևից հանդես եկան ելույթներով՝ խոսելով Խոջալուի, Հայաստանի՝ օկուպանտ երկիր լինելու, իրենց անմեղ երեխաներին սպանելու մասին և նմանատիպ հայտարարություններով մեղադրանքներ հնչեցրին ՀՀ-ի հասցեին: ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Վուզալ Հուսեյնովն էլ հայտարարեց, թե այս քննարկումը վեհաժողովում չի կարող արդյունավետ լինել այն բանից հետո, երբ երեկ այդքան ջերմ ընդունեցին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա՝ Խոջալուի մասին արած հայտարարություններից հետո:

Ադրբեջանցի պատվիրակը, խախտելով ԵԽԽՎ կանոնադրությունը ցույց տվեց 2017-ի հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված 2-ամյա Զահրա Գուլիևայի նկարը:

Ադրբեջանցի պատվիրակներին հակադարձեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց ապրիլյան պատերազմը, Թալիշում կատարված վայրագությունները և  զեկուցողին կոչ արեց ունենալ քաղաքացիական խիզախություն եւ ընդունել, որ հայատյացությունը իր երկրում՝ Ադրբեջանում, պետական քաղաքականություն է։

Զոհրաբյանը հայտարարեց, թե Բաքվի Նյուրենբերգը դեռ առջեւում է։

Ադրբեջանցի պատվիրակներին հակադարձեց նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ վեհաժողովին հիշեցնելով ապրիլյան քառօրյա պատերազմը և 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի սպանությունը:

Լարված իրավիճակը փորձեց մեղմել ավստրիացի պատվիրակ Շտեֆան Շեննախը՝ հայտարարելով, որ զեկույցում եղած ձևակերպումները կոմպրոմիսային են երկու կողմերի համար, հետևաբար այն պետք է ընդունել:

ԵԽԽՎ-ն 39 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց զեկույցը:

Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հակահայկական ձևակերպումներ էին փորձում անցկացնել ադրբեջանցիները:

Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց. «Երբ ամիսներ առաջ ասում էի, որ եղել են որոշ զեկույցներ, որտեղ եղել են հակահայկական ձևակերպումներ, և մեզ հաջողվել է հանձնաժողովում չեզոքացնել, այդ զեկույցներից մեկը հենց  այս զեկույցն էր: Ընդունված այս զեկույցում որևէ հակահայկական ձևակերպում չկա: Մինչդեռ նախնական շրջանում խոսվում էր Հայաստանի կողմից ԼՂ-ի և մյուս շրջանների օկուպացիայի մասին, ձևակերպում կար Զահրա Գուլիևայի, ներքին տեղահանված անձանց մասին և այլն: Այժմ բացարձակապես չեզոք ձևակերպումներ են, և դուրս են բերվել բոլոր այն մտահոգիչ դրույթները, որ կային հայկական պատվիրակության մոտ»:

Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության հարձակմանը՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Ինձ համար ոչ թե զարմանալի է ադրբեջանական պատվիրակության այս հարձակումը, այլ դա նշանակում է, որ մենք հաջողել ենք: Այս դեպքում նրանց չէր մնում ոչինչ, քան պարզապես բղավելը, ցուցադրական ակցիաներ անելը: Սա իրենց գործն է, և եվրոպական գործընկերներից որևէ մեկի կողմից այնպես, ինչպես իրենք կցանկանային, դա չի ընդունվել: Անգամ որոշ եվրոպացի գործընկերներից ներողություն եմ խնդրել թե′ ադրբեջանական պատվիրակության սանձազերծած հարձակման, թե′ հայկական պատվիրակության կողմից նրանց տրված պատասխանների համար»:

Հայկական պատվիրակության ղեկավարը հավաստիացրեց՝ երեխաների պաշտպանության խնդիրն իրականում այն  խնդիրը չէր, որը պետք է վերածվեր Հայաստան-Ադրբեջան ռազմական գործողությունների թատերաբեմի. «Ցավոք, սկսեցին ադրբեջանցիները, ստացան պատասխան, բայց դա ընդամենը դահլիճային քննարկում էր: Լիագումար նիստերը, դահլիճային քննարկումները ԵԽԽՎ աշխատանքի նույնիսկ երկու տոկոսը չեն կազմում և չեն կազմում այն իրական տրամադրություններն ու իրավիճակը, որ գոյություն ունեն այս կառույցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031