«Մակրոն-Սարգսյան հանդիպումը հաստատեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, բոլոր ուղղություններով շարունակելու ենք հայ- ֆրանսիական հարաբերությունների զարգացումը»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա, կարեւորում են ՀՀ-ում առաջին անգամ հոկտեմբերին նախատեսված ֆրանկոֆոնյան գագաթաժողովը, ինչը, ըստ ՀՀԿ խոսնակի, լավ առիթ է ՀՀ-ն ճանաչելի դարձնելու համար:
«Շատ կարեւոր է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը մայիսին, Ֆրանսիան առաջիններից է, որ ճանաչել է ՀՀ առաջին հանրապետությունը, Մակրոնը դրա մասին խոսեց…բնականաբար, մենք ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ ենք, մեզ համար շատ թանկ ու կարեւոր է ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումը, բայց ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, մի միությանն անդամակցելն ու մյուսի հետ համագործակցության համաձայնագիր կնքելը չենք հակադրում իրար, մենք գտնում ենք, որ ուշ թե շուտ այդ երկու կազմակերպություններն իրար հետ համագործակցելու են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին՝ նա շարունակեց. «Մեզ համար կարեւոր ու թանկ է Իրանի հետ հարաբերությունները, չնայած Ադրբեջանի սին փորձերին կրոնական երանգ հաղորդել ԼՂ հակամարտությանը՝ Իրանն այն երկիրն է, որը երբեք չմտավ այդ խաղի մեջ ու պահեց իր հավասարակշռված դիրքորոշումը: Մեզ համար Իրանի հետ հարաբերությունները կարեւոր են ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական, սոցիալական ու հումանիտար հարաբերությունների զարգացման առումով»:
ՀՀԿ խոսնակի խոսքով, այսօրվա նիստում ամփոփել են նաեւ խորհրդարանական լսումները. «Դրանք մեզ համար արդյունավետ էին, երկու դրական բան արդեն կա, նախագահի առաջարկով գյուղնախարարը այսօր հայտարարեց, որ գյուղացիական տնտեսությունները սուբսիդավորվելու են, սա առաջին քայլն է գնաճի բացասական հետեւանքների զսպման ուղղությամբ, եւ երկրորդը կառավարությանը ներկայացված տրանսպորտային ուղեւորափոխադրումների դրույքաչափերի իջեցման նախագիծն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ