Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի Նյուրեմբերգը առջեւում է. Նաիրա Զոհրաբյան

Հունվար 25,2018 22:25

Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է ադրբեջանցի պատվիրակի կողմից ներկայացված զեկույց՝ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտությունների ժամանակ։ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովին ներկայացրել է  Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունը ու զեկուցողին կոչ է արել ունենալ քաղաքացիական խիզախություն եւ ընդունել, որ հայատյացությունը իր երկրում՝ Ադրբեջանում, պետական քաղաքականություն է։ Զոհրաբյանը հայտարարել է, որ Բաքվի Նյուրենբերգը դեռ առջեւում է։

Հարգելի գործընկերներ,

Մենք այսօր իրապես անչափ զգայուն եւ  կարեւոր խնդիր ենք քննարկում՝ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտություններից։ Այսօր մենք ունենք Սիրիայում, Եմենում, Մյանմարում ռազմական հակամարտությունների  արդյունքում սպանված, խոշտանգված, բռնության զոհ դարձած երեխաների դաժան վիճակագրություն։ Նույնքան անմարդկային է վիճակագրությունը՝ ԴԱԻՇ-ի ոճրագործություններին զոհ դարձած երեխաների։  Բայց երեխաները սպանվում եւ  բռնության զոհ են դառնում ոչ միայն աշխարհի թեժ կետերում, այլ նաեւ սառը պատերազմի մեջ գտնվող երկրների տարածքներում:

Եւ քանի որ զեկույցում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա, այո, այդ հակամարտության զոհեր շարունակում են լինել նաեւ երեխաները, կանայք, տարեցներ։ Որեւէ բանական մարդու համար չի կարող տարբերություն լինել, թե հակամարտության զոհ դարձած երեխան ի՞նչ ազգության է՝  սիրիացի, եմենցի, հայ, թե ադրբեջանցի։ Բայց երբ  2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը Ադրբեջանը  սկսում է՝ թիրախ ընտրելով եւ  «Գրադ» կայանքից ռմբակոծելով Ներքին Ճարտար գյուղի միջնակարգ դպրոցը եւ հատուկ ժամ է ընտրում՝ երբ երեխաները հավաքված են լինում դպրոցի բակում, ու սպանվում է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվում է, ես ստիպված եմ հարցնել զեկուցողին՝ արդյո՞ք սա իր երկրի՝ Ադրբեջանի պետական քաղաքականությունը չէ՝ մշտապես թիրախ ընտրել քաղաքացիական անձանց ու քաղաքացիական բնակավայրերը։

Նույն օրը՝ ապրիլի 2-ին, Թալիշ գյուղ ներխուժելով, ադրբեջանական զինված ուժերը դաժանաբար սպանում են Խալափյանների ընտանիքի անդամներին, կտրում  տարեց մարդկանց  ականջները, սպանում եւ անարգում զինվորների: Կրկին ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք այս ամենը այդ երկրի պետական քաղաքականությունը չէ։

Հարգելի գործընկերներ, սահմանամերձ հայկական գյուղեր կան, որտեղ  տարիներ շարունակ ցերեկային ժամերին թաղում չեն անում, որովհետեւ գյուղերի գերեզմանները գտնվում են ադրբեջանական կողմի դիտակետում։ Իսկ գրեթե ամենօրյա կրակոցների ժամանակ երեխաներին տեղափոխում են հատուկ ապաստարաններ եւ  երաժշտություն  են միացնում, որպեսզի երեխաները հոգեպես չխեղվեն ականների պայթյունի ձայնից։

Ես, իհարկե,  հասկանում եմ, որ զեկուցողը չի ունենա քաղաքացիական  խիզախություն՝ ընդունելու, որ հայատյացությունը իր երկրի պետական քաղաքականությունն է, այլապես կհայտնվի Իլգար Մամադովի կողքին։ Սակայն մեկ այլ ադրբեջանուհի, լրագրող Ուլքեր Իսմայիլգզին, սարսափով է խոսում Ադրբեջանի կրթության նախարարության կողմից հաստատված՝ «Նախադպրոցական երեխաների  հայրենասիրական դաստիարակություն» մեթոդական ձեռնարկի մասին, որտեղ 5-6 տարեկան երեխաներին հարց են ուղղում՝ ո՞վ է հայը եւ ո՞րը պետք է  լինի մեր քաղաքացիական պարտքը հայերի հանդեպ։  Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր երեխաներին, մենք պիտի պաշտպանենք նաեւ նրանց հոգիներն ու մտքերը, տիկին Ֆաթալիեւա, պաշտպանենք ատելության ու քսենոֆոբիայի քարոզից։ Որպեսզի մի օր, ինչպես ձեր ազգակից  Իսմայիլգզին է ասում, երբ  հաստատվի խաղաղություն, մենք չունենանք ատելությամբ անբուժելիորեն թունավորված սերունդ։

Բայց ես, այնուամենայնիվ, լավատես եմ եւ հավատում եմ, որ Բաքվի Նյուրեմբերգը դեռ առջեւում է։

Ելույթի վերջում Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ այս գիրքը նվիրելու է զեկույցի հեղինակ Ֆատալիեւային:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031