«Մարդու իրավունքների պաշտպանության վիճակը 2017-ին շարունակել է վատթարանալ Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ երկրներում»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը:
Նա վեհաժողովին ներկայացրեց տարեկան զեկույց:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն հունվարի 25-ին ընտրեց մարդու իրավունքների նոր հանձնակատար՝ Դունյա Միյատովիչին:
Նիլս Մուժնիկսը Վեհաժողովում մտահոգություն հայտնեց. «Նախկինում գոյություն ունեցող ճգնաժամերն ավելի խորանում են, իսկ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված արժեքներն ու չափանիշները թվում է, թե թուլանում են»:
Պարոն Մուժնիկսի վստահեցմամբ՝ այնպես չէ, որ իրավիճակն անլուծելի է, պարզապես անդամ երկրների կառավարությունները պետք է քաղաքական կամք ցուցաբերեն հանձնառությունները կատարելու հարցում:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հավաստմամբ՝ գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար պետք է բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ