«2018-ի ապրիլից հետո կառավարության ձեւավորման, վարչապետի նշանակման հարց մինչ օրս չենք քննարկել: Անվտանգության խորհրդի մասին օրենքի, կառավարության կառուցվածքի մասին օրենքի եւ առաջին փոխվարչապետի առկայությունն արված չէ այս կամ այն անձի համար, այլ արված է՝ հիմք ունենալով պետության արդյունավետ կառավարումը»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տեսակետներին, թե օրենքի փոփոխություններն արվել են, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, իսկ գործող վարչապետը նշանակվի առաջին փոխվարչապետ:
«Կառավարության ձեւավորվելու իրավունքը ՀՀ քաղաքացիները ընտրությունների միջոցով տվել են ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին, այսօրվա կոալիցիոն ուժերն ունեն քաղաքական լեգիտիմություն, որ ապրիլից նոր կառավարություն ձեւավորեն այնպես, ինչպես իրենք գտնում են ավելի նպատակահարմար ժողովրդի ու պետության շահերի համար»,- հավելեց պարոն Շարմազանովը:
Ինչ վերաբերում է գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին՝ ըստ նրա՝ կառավարության տեղեկատվությունն ու կարծիքն իր համար ավելի համոզիչ էին, քան իր ընդդիմադիր գործընկերներինը:
«Միտինգ անելով գները չեն իջնում: Մենք չենք ապրում կոմունիստական հասարակությունում, որտեղ ավտո բրդելով կամ միտինգ անելով՝ կարագի գներն իջնեն, մենք այլընտրանք պետք է առաջարկենք, իսկ բարձր գոռալով՝ կարագի միջազգային գները չեն իջնելու»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ