Այսօր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ներկայացրեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի վերաբերյալ հետազոտություն:
Oրենքն ընդունվել է դեռ 2013-ին, բայց կոալիցիան, ուսումնասիրելով օրենքի բացերը եկել է այն եզրակացության, որ այն ուղղակի դեկլարատիվ բնույթ է կրում: Մինչ օրս չի ստեղծվել դեռ գենդերային խտրականության ենթարկված անձանց բողոքների քննության լիազոր մարմին, որի որոշումները պարտադիր կատարման ենթակա կլինեն: Գենդերային հավասարության հասնելու համար օրենքից բխող մի շարք փոփոխություններ պետք է անել, այդ թվում՝ ենթաօրենսդրական ակտերի տեսքով:
Կոալիցիան առաջարկում է ընդլայնել Վարչապետին կից կանանց եւ տղամարդկանց հավասարության հարցերով խորհրդի լիազորությունները, որ այն ձեւական չլինի: Առաջարկվում է նաեւ օրենքով սահմանել գենդերային փորձաքննություն իրականացնող մարմին:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ուսումնասիրել է, թե օրենքի ընդունումից հետո պետական մարմիններն ինչ քայլեր են ձեռնարկել: Օրինակ, գյուղատնտեսության նախարարությունը 2015-ին 14 տոկոս տոկոսադրույքով վարկ է տրամադրել ու քանի որ վարկառուների շուրջ 20-22 տոկոսը կանայք են եղել, դա արդեն համարվում է հաջողություն: Տարբեր մարզպետարաններում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, հանրակրթական դպրոցներում անցկացվել են կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության թեմայով դասընթացներ, կազմակերպվել են քննարկումներ, կլոր սեղաններ:
Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ կոալիցիայի ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ հանրային գիտակցության մեջ օրենքի առկայությունը դեռ ամրապնդված չէ. «Պետությունն իր տեղեկատվական գործառույթը այնքան էլ լավ չի կատարել, որպեսզի այս օրենքը դառնա կիրառական ամեն քաղաքացու համար եւ քաղաքացին կարողանա վիճարկել իր իրավունքները՝ հղում կատարելով այս օրենքին»:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Ալեքսանյանը, ներկայացնելով իրենց հետազոտությունը, ասաց, որ datalex-ում փնտրել են, այս օրենքը դատական ակտերում չի կիրառվել, միայն մեկ-երկու դեպք կա, երբ հղում է արված օրենքին, այն էլ, ասենք, ամուսնալուծություն է, հընթացս հղում է արվում նաեւ դրան: Որեւէ մեկը չի պատժվել սեռով պայմանավորված խտրական դրսեւորումների համար:
Հարցին՝ 2013-ից մինչ օրս, ինչ օրենքը մտել է ուժի մեջ, որեւէ առաջընթաց կա՞՝ Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց. «Հանրային գիտակցության մեջ կա առաջընթաց, որովհետեւ աշխատանքը տարվում է ե՛ւ հասարակական սեկտորի կողմից, ե՛ւ միջազգային հանրությունը բավական մեծ ջանք է գործադրում, որպեսզի հավասարությունը կանանց եւ տղամարդկանց միջեւ պահպանվի, բացի այդ հանրությունը, նոր սերունդը նոր գիտակցության եւ կրթության է, որը օգնում է փոխելու նաեւ մեծերին, օգնում է գոնե երկու սերունդների միջեւ քննարկումների առիթ հանդիսանալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
այ դու գեն-ԴեՌ դառնաս հա 😀