Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտարեսը»  «2 դոլարանոցներով» պարգեւատրեց գրքի բարեկամներին (Տեսանյութ)

Հունվար 25,2018 17:49

Հունվարի 25-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացավ ԶԼՄ-ների և լրագրողների` «Գրքի ընկեր» պարգևատրման արարողություն: Մրցանակաբաշխությունը «Անտարես» հրատարակչության հիմնադրման  25-ամյակի համատեքստում էր: «Անտարեսը» հրատարակել է 1000-ից ավելի անուն գիրք, ստեղծվել են տարբեր թիրախավորումներ ունեցող «Պարտադիր ընթերցանություն»,  «Օտարագիր», «Նոբելյան մրցանակակիրներ», «Կողմնացույց», «Լիակատար Շեքսպիր» եւ այլ մատենաշարեր: «Անտարեսը» նաեւ հրատարակել է 300 թարգմանական գիրք` աշխարհի 22 լեզվից:

«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարեւորելով գրքի ու գրականության քարոզչության գործում ԶԼՄ-ների դերը, կոչ արեց ավելի շատ անդրադառնալ գրքին ու գրահրատարակչությանը` դա որպես գովազդ չդիտարկելով: Նա մի օրինակ բերեց. ժամանակին, երբ հրատարակվեց  Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոնը», ընդամենը մի քանի տասնյակ օրինակ վաճառվեց, բայց երբ այն ժամանակվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  20 գիրք նվիրեց իր նախարարներին, հաջորդ օրը, 500 օրինակ միանգամից սպառվեց, որովհետեւ այդ մասին տեղեկատվությունը տեղ էր գտել բոլոր ԶԼՄ-ների լրահոսում:

«Ամենադժվար գործը մշակութային լրագրող լինելն է, տեսնում ենք, որ այդ թեմաներով նյութերն այդքան էլ պահանջված չեն եղել»,- ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը եւ փաստեց, որ գոնե վերջին տարիներին լավ իմաստով մթնոլորտ է փոխվել:

Մանրամասները` տեսանյութում:

Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանն էլ ընդգծեց, որ գրականության եւ գրքի թեմայով միջոցառումները չէին ունենա այն հնչեղությունը, եթե այդ ամենը չուղեկցվեր լրատվամիջոցների շահագրգիռ եւ օպերատիվ լուսաբանմամբ:

Մանրամասները` տեսանյութում:

«Անտարեսը» հետաքրքիր մրցանակներ էր մտածել:

«Մենք 2 դոլարանոցներ գնեցինք, մի հատ հինգ ավելացրինք կողքից, դարձավ 25, ու գրեցինք, որ «Անտարեսը» ձեր ղսմաթն է: Իհարկե, հայոց լեզվի մասնագետներն ասացին, որ դա հայերեն չէ, բայց ղսմաթը վաղուց հայերենացել է»,- պարգեւատրման խորհրդանշական ձեւն այսպես ներկայացրեց Արմեն Մարտիրոսյանը: Յուրաքանչյուր պարգեւատրվողի, «Անտարեսը» նաեւ համապատասխան գիրք  նվիրեց:

«Հայաստանում, ցավոք, ձեռնտու չէ գիրք տպելը, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի եւ Չինաստանի…Փառք Աստծո,  Հայաստան ներմուծվող գիրքն ունի  զրո տոկոս, բայց երբ հայաստանցին է դրանով զբաղվում, մինչեւ 38 տոկոս գիրքը թանկանում է օրենքների պատճառով»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը:

«Գրքի ընկեր» մրցանակներ շնորհվեցին տարբեր կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ու լրագրողների: Ի թիվս այլոց, մրցանակներ ստացան «Արմենպրես» գործակալությունը, «Ար», «Արմենիա» հեռուստաընկերությունները, 1-ին ալիքը, «Նյումեգ» ամսագիրը, «Հրապարակ» օրաթերթի լրագրողներ Սոնա Ադամյանն ու Թագուհի Հակոբյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Գայանե Դանիելյանը, Ներսես Հայրապետյանը` Ֆեյսբուքյան գրքախաղի համար:

Մրցանակներ շնորհվեցին «Առավոտ» օրաթերթին` գրքի թեման մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչպես նաեւ «Առավոտի» մշակութային բաժնի պատասխանատու Գոհար Հակոբյանին` գրականության օպերատիվ եւ սրտացավ անդրադարձերի համար: Արքմենիկ Նիկողոսյանը նկատեց, որ Գոհար Հակոբյանը միակ լրագրողն է, որ թեեւ վիճելի, բայց սեփական կարծիքն է հայտնել Հուսիկ Արայի` աղմուկ հանած Apocalypto բանաստեղծության վերաբերյալ:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ «Մշակույթի դեսպան» մրցանակ հանձնեց  գրահրատարակչի ու գրքի կողքին կանգնած գործարարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031