ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ թանկացումների թեմային եւ խոսեց իրենց կուսակցության առաջիկա անելիքների մասին:
«2018 թվականը սկսեցինք ոչ այնքան հաջող՝ թանկացումներով: Հունվարի վերջին մարդիկ կստանան նվազ աշխատավարձեր հարկային բեռի ավելացման պատճառով: Այս ամենի դեմ դեռ նախորդ տարվա բյուջեի քննարկումներից սկսած բարձրաձայնել ենք, խոսել, «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների փաթեթ ենք ներկայացրել, որը մերժվել է: Այս ամենն իմի բերելով՝ որոշեցինք, որ պետք է արդեն հասարակությունը ճնշումներ գործադրի: Եվ ինչ տեղի ունեցավ: Տառացիորեն մի քանի ժամ հետո, երբ հայտարարվեց մեր բողոքի փողոցային ակցիաների մասին, նախագահի մոտ խորհրդակցություն հրավիրվեց՝ պարզելու, թե ինչից են ծաղկում թանկացումները: Հունվարի 19-ին մեր երթից հետո հրավիրվեց խորհրդարանական լսումներ: Ցավոք, խորհրդարանական լսումները շատ վատ անցան: Ես սպասում էի մասնագիտական քննարկումներ, գոնե որեւէ կերպ մասնագիտական հիմնավորումներ, թե ինչ- որ մի բան մեր երկրում լավ է լինելու: Բայց եկան կառավարության ներկայացուցիչներ եւ փորձեցին մեզ համոզել, թե գնաճ եւ թանկացումներ առհասարակ չկան: Թե գնաճը 2 տոկոս է եւ քաղաքացիների վրա չի ազդում: Միակ լուծումը, որ առաջարկվում էր, սուբսիդավորումն է: Կառավարության ներկայացուցիչները մոռանում են, որ սուբսիդավորումը մեր գրպանից գնացող գումարներն են, օդից եկած փող չէ:
Մի օրինակ: Փոխարենը կանխվեին թանկացումները, ասվեց գյուղացիական տնտեսությունների համար դիզվառելիքի սուբսիդավորման մասին: Փաստացի, բյուջեից մեծածավալ գումարներ գնալու են կոնկրետ դիզվառելիք ներմուծող որեւէ օլիգարխի գրպան: Եվ սա համարվեց միակ լուծում» – ասաց բանախոսը եւ խոսեց առաջիկայում իրենց անելիքների մասին: «Փետրվարի 5-ին Շարլ Ազնավուրի հրապարակից սպասվում է մեր հերթական հավաք-երթը: Նախատեսում ենք հասարակական զանգվածային ճնշումների միջոցով կարողանանք ի վերջո կյանքի կոչել այն փոփոխությունները, որոնց մասին խոսում էինք «Հարկային օրենսգրքում»: Փետրվարի 6-ին սկսվելու են ԱԺ քառօրյա նիստերը եւ մենք շրջանառության մեջ ենք դնելու այնտեղ փոփոխություններ անելու նախագիծ՝ մյուս կուսակցություններին առաջարկելով այն աջակցել արտահերթ օրակարգ ընդգրկել»- ասաց Գեւորգ Գորգիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ