ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով հանձնաժողովին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես գլոբալ անվտանգության արդի մարտահրավերիներին, այնպես էլ տարածաշրջանային կայունության ու զարգացման ապահովման հարցերին:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ողջունելով քննարկման նմանատիպ ձեւաչափը, նշել է, որ այսպիսի հանդիպումները խթանում են խորհրդարանի դերի բարձրացումը՝ միեւնույն ժամանակ նպաստելով գործընկեր երկրների հետ վստահության ամրապնդմանը:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւորությանը՝ Արմեն Աշոտյանն իր խոսքում նշել է. «Գլոբալ աշխարհում մարտահրավերները փոխկապակցված են եւ տարածաշրջանային կայունությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մեզ համար առաջնային են»:
Նա նաեւ ընդգծել է այն հանգամանքը, որ արդի աշխարհակարգը փոխվում է արագ եւ ակնհայտ է, որ միջազգային հարաբերությունները պետք է դառնան առավել արդար, համերաշխ եւ ներառական:
Իր հերթին դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում սատարել է ժողովրդավարական գործընթացներին եւ հաստատություններին ու նոր ազգային անվտանգության ռազմավարությամբ այս հանձնառությունը պահպանվում է:
Հանդիպման ընթացքում աշխատանքային քննարկման մասնակիցները հղել են հարցեր, հանդես եկել ելույթներով:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
ՀՀ Ազգային ժողով