Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարիթաղցիների մի մասը բղավում էր, որ գազ ու ջուր չունի, մի մասն էլ ուզում էր ՊՊԾ գնդի տղերքին միանալ». վկա-ոստիկան

Հունվար 25,2018 17:07

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սարի թաղի բնակիչներ Ժորա Ավետիսյանի, Արման Ադամյանի եւ Հրաչյա Բոյաջյանի գործով հերթական դատական նիստն էր: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել(տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել, մոտ 10 անձ էր կալանավորվել:

Այսօրվա նիստում որպես վկա հարցաքննվեց հերթական ոստիկանը՝ Ռազմիկ Խառատյանը: «ՊՊԾ գնդի գրավման օրերին քաղաքացիներին հորդորում էինք դուրս չգալ: Արդեն վիճաբանություն էր սկսվում»:

«Չգիտեմ ինչու, բայց քաշքշուկ եղավ, քաղաքացիները հետ քաշվեցին ու սկսեցին քարերով հարվածել»,-դատարանին պատմեց Ռազմիկ Խառատյանը:

Թե ինչու ոստիկանները քաղաքացիներին թույլ չէին տալիս իջնել դեպի Խորենացի փողոց, վկան այսպես բացատրեց. «Գնդից հաճախ անկանոն կրակահերթեր էին տեղի ունենում, քաղաքացիները կարող էին տուժել: Նրանք փորձում էին առաջ գնալ, մինչդեռ ելումուտն արգելված էր՝ նրանց իսկ անվտանգությունից ելնելով: Մի մասը բղավում էր, որ գազ ու ջուր չունի, մի մասն էլ ուզում էր ՊՊԾ գնդի տղերքին միանալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031