Այսօր լրանում է հայտնի հեղինակ-կատարող, բանաստեղծ, թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 80-ամյակը: «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր կայացավ արտիստի ծննդյանը նվիրված Երևան-Թբիլիսի-Մինսկ-Քիշնև-Տալլին-Բիշքեկ հեռուստակամուրջը: Վիսոցկու, իր ստեղծագործությունների, նախկին ԽՍՀՄ տարածքում իր երգերի հայտնիության մասին հանդիպման ընթացքում խոսեցին՝ Երևանում՝ բանաստեղծ, Վիսոցկու բանաստեղծությունների թարգմանիչ Լևոն Բլբուլյանը, Թբիլիսիում՝ երգիչ, Վիսոցկու երգերի կատարող Վախթանգ Գորդելի-Պալիաշվիլին, Մինսկում՝ Վիսոցկու մինսկյան կինոակումբի նախագահ Իվան Սպոսոբովը, Բիշքեկում՝ «Սպիտակ թռչուն» գրական-երաժշտական ակումբի հիմնադիր, Բարդ Էդուարդ Նամը, Քիշնևում՝ գրող Միխայիլ Լուպաշկոն, Տալլինում՝ դերասան, երգիչ Թիմուր Իլիկաևը։
«Ամեն տարի մենք Վիսոցկուն նվիրված միջոցառում ենք իրականացնում։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի դրանց թիվը քառապատկվել է։ Հույս ունենք, որ հանդիսատեսը ուրախ կլինի լսել հիանալի պոեզիա՝ պոեզիա, որովհետև Վիսոցկին հիանալի պոետ է, և իհարկե՝ հիանալի արտիստ. դա են փաստում նրա ելույթները։ Իմ կարծիքով Վիսոցկին իր տարբերվող ելույթներով էլ հիշվելու է պատմության մեջ» ,- ասաց Թիմուր Իլիկաևը։
Վախթանգ Գորդելի-Պալիաշվիլին, որը հաճախ է կատարում Վիսոցկու ստեղծագործություններից, պատմեց, որ ծանոթացել է արտիստի աշխատանքների հետ պապիկի շնորհիվ. «Ամեն ինչ սկսվեց «Я не люблю» երգից, ես պարզապես տարվեցի նրանով» ։ Սակայն երգիչը իր հիասթափությունը հայտնեց այսօրվա սերնդի տեղեկացվածությունից։ Ըստ նրա՝ պետք է պրոպագանդայի միջոցով ներկայացնեն երգչի ստեղծագործությունները, բացատրեն դրանց իմաստը, որպեսզի բացի ավագ և միջին սերունդների ներկայացուցիչներից, երիտասարդների մեծ մասին ևս հասկանալի լինի դրանց իմաստը։
Լևոն Բլբուլյանը այլ կարծիքի է Վիսոցկու ճանաչվածության մասին. «Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ կյանքում շատ քիչ են այնպիսի արտիստները, ովքեր հավասարաչափ սիրվում են և իրենց ծննդավայրում, և աշխարհի տարբեր հատվածներում։ Վիսոցկին այդ մարդկանցից է, և նրա երկրպագուներն ամենուր են։ Երևանում անգամ Վլադիմիր Վիսոցկի անունով սրճարան կա, և կարող եմ ասել, որ երիտասարդների մի հատված կա, ով լսում և գնահատում է արտիստին»։
Իր կյանքի 42 տարիների ընթացքում Վիսոցկին գրել էր ավելի քան 600 երգ և 200 բանաստեղծություն, նկարահանվել ավելի քան 30 ֆիլմերում, կատարել 20-ից ավելի թատերական դերեր:
Հեռուստակամուրջի ընթացքում երաժիշտները ներկայացրին Վիսոցկու երգերից և կարդացին նրա բանաստեղծությունները, որոնք, ըստ բանախոսների, ակտուալ են նաև իր մահից 40 տարի անց և մեծ հեղինակություն են վայելում աշխարհի տարբեր երկրներում:
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ