Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմական այս շրջանի համար նպատակահարմար է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելը». Գառնիկ Իսագուլյան

Հունվար 25,2018 16:44

Արմեն Սարգսյանը նախագահի լավագույն թեկնածուներից մեկն էր, որ կարող էր առաջադրվել»,- այս կարծիքին է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Անդրադառնալով նախագահի թեկնածուի չափորոշիչներին՝ Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ խոսքը ոչ թե Արմեն Սարգսյանի՝ քաղաքական և ապաքաղաքական լինելու մասին է, այլ քաղաքականացված լինել-չլինելու, իսկ Արմեն Սարգսյանը քաղաքականացված չէ:

Նա այսօր «Անդրադարձ» ակումբում պատմեց, որ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին ճանաչում է 1977 թվականից, երբ ընդունվեց ԵՊ ֆիզիկայի ֆակուլտետ. «Այդտեղ նա արդեն աշխատում էր որպես դասախոս, Արմենը շատ ավելի լավ ու բարի հատկանիշներ ունի, քան այն ինչ գրում են ԶԼՄ-ները»:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե ՀՀԿ-ի թեկնածուն երկար տարիներ չի բնակվել Հայաստանում ու ծանոթ չէ ներքին խնդիրներին՝ բանախոսը չհամաձայնեց. «1992-ից նրան առաջարկվել էր որպես դեսպան գնալ Մեծ Բրիտանիա, ցանկացած դեսպան համարվում է  ՀՀ քաղաքացի, այն տարածքը, որտեղ մնում են, համարվում է  ՀՀ տարածք:  Այս առումով Արմենի հետ կապված քննարկման նյութ  մի դարձրեք, անիմաստ է, որովհետեւ որտեղ էլ նա եղել է,  կատարել է  այն հանձնարարությունները, որ ստացել է  ՀՀ իշխանություններից»:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե այս ընտրությունները լարվածություն կառաջացնեն ՀՀԿ-ի ներսում, քանի որ ՀՀԿ-ականներից երկար ժամանակ է՝ որեւէ մեկը պաշտոն չի զբաղեցրել, այդ առումով կլինեն դժգոհություններ, Գառնիկ Իսագուլյանը շարունակեց. « Սերժ Սարգսյանը թե՛ Սահմանադրական փոփոխություններից առաջ, թե ՛ դրանից հետո մատնանշում է կարեւոր հանգամանք, որ ՀՀ տարբեր պաշտոններ զբաղեցնելու են անկուսակցական, տարբեր կուսակցությունների անդամներ, այսինքն առաջնորդվելու են  պրոֆեսիոնալ լինելու հանգամանքով: Չեմ կարծում, որ ՀՀԿ-ն հետ կքաշվի այն թեզից, որն իրենք են առաջ քաշել: Բացի այդ, ՀՀԿ այն ներկայացուցիչները, որոնք իրավասու են տեսակետ հայտնել, ում հետ զրուցել եմ, բոլորը Արմենի թեկնածության մասին դրական են արտահայտվում»:

Իսկ արդյոք Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջարկելով Սերժ Սարգսյանը ճանապա՞րհ է հարթում իր՝ վարչապետ դառնալու համար հարցին, Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ եթե Սերժ Սարգսյանն ուզի իր համար ճանապարհ հարթել, ապա նա այս հարցում որևէ ավելորդ աջակցության և ազդեցությունների կարիք չունի. «Այս պահի դրությամբ, ես ինքս անձամբ նպատակահարմար եմ գտնում, որ վարչապետի պաշտոնը ստանձնի ներկայիս նախագահը: Ես չեմ էլ թաքցնում իմ դիրքորոշումը: Պատմական այս շրջանի համար նպատակահարմար է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031