Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը և խնդրահարույց հարևան դառնալը

Հունվար 25,2018 17:05

Մաս 2

 ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ 

-Ընթացիկ տասնամյակում ակներև էր Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը, որի բաղադրիչներից մեկը դարձավ «ռազմակայանային քաղաքականությունը»։

-Ընթացիկ տասնամյակում ակներև դարձան մուսուլմանական աշխարհի առաջնորդ դառնալու Թուրքիայի ձգտումները։

-«Արաբական գարունը» մեծապես ազդեց Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա՝ մեծացնելով նրա հանդեպ անբարյացակամ տրամադրված երկրների թիվը։

-Թուրքիան միջնորդ երկրից վերածվեց միջնորդի կարիք ունեցող երկրի։

ՆԱԽԱԲԱՆ

Հետազոտության նախորդ մասում նշել ենք, որ 2000-ականներին Թուրքիան վարում էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, որի շնորհիվ նա. ա) բարելավեց հարաբերությունները հարևան և շրջակա երկրների հետ, այդ թվում նաև տնտեսական ոլորտում, բ) հնարավորություն ստացավ դառնալու միջնորդ երկիր՝ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային երկրների ու ուժերի միջև և այդպիսով կտրուկ մեծացնել սեփական պահանջարկը տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս, գ) արտաքին քաղաքական դաշտում ստացավ մանևրելու լայն դաշտ՝ վարելու համար ավելի ակտիվ և կոշտ քաղաքականություն։ 2010-ականներին, սակայն, պատկերը լիովին փոխվեց. 2010-ականներին Թուրքիան մեծացրեց իր հանդեպ անբարյացակամ տրամադրված երկրների թիվը, որոնք սկսեցին նրան մեղադրել իրենց ներքին գործերին միջամտելու մեջ։ Իհարկե այս ամենը չի նշանակում, թե 2010-ականներին Թուրքիան հրաժարվել էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունից. 2011թ. հոկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը չի ավարտվել՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե Թուրքիան պետք է անտարբեր գտնվի տարածաշրջանի իրադարձությունների նկատմամբ և միջոցներ չձեռնարկի իր անվտանգության համար։

Այսինքն, Թուրքիան փորձում էր զարգացնել նաև հարևանների հետ հարաբերությունները, անել այնպես, որ հարևանների հետ քաղաքական սրացումը չանդրադառնա երկկողմ տնտեսական կապերի վրա։ Մի շարք դեպքերում դա հաջողվեց նրան (Իսրայել), որոշ դեպքերում էլ չհաջողվեց (ՌԴ, Սիրիա)։  2010-ականներին Թուրքիայի արտաքին քաղաքականությունում սկսեցին գերիշխել նեոօսմանյան, տարածաշրջանային գերտերության վերածվելու, մուսուլմանական աշխարհի առաջնորդը դառնալու ձգտումները, որոնք Թուրքիային վերածեցին խնդրահարույց հարևանի։ Դրան նպաստեցին նաև տարածաշրջանային զարգացումները (և հատկապես «Արաբական գարունը»)։

ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄ

 Նեոօսմանիզմը Թուրքիայի մեծ ու ռազմավարական տեսլականն է, որը Թուրքիան դիտարկում է որպես տարածաշրջանային գերուժ, որպես արդյունավետ տարածաշրջանային դերակատար, որը փորձում է լուծել տարածաշրջանային ու գլոբալ խնդիրները։ Սակայն Օսմանյան կայսրության վերածննդի փոխարեն Թուրքիան փորձում է օգտագործել իր «մեղմ» ուժի լծակները՝ կամուրջ Արևմուտքի ու Արևելքի միջև, մուսուլման ազգաբնակչություն, աշխարհիկ պետություն, ժողովրդավարական քաղաքական համակարգ ու կապիտալիստական տնտեսական ուժ։ Դավութօղլուի նեոօսմանյան տեսլականը շատ է տարբերվում Թուրքիայի նախկին վարչապետ (1996-1997թթ.), թուրքական քաղաքական իսլամիզմի կնքահայր Նեջմեթթին Էրբաքանի պատկերացումներից։ Վերջինս փորձում էր ստեղծել իսլամական ալյանս մուսուլմանական երկրների հետ՝ որպես բացահայտ այլընտրանք Արևմուտքին։ Ի տարբերություն Էրբաքանի՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդները ցանկանում են հասնել Արևելքին, որպեսզի փոխլրացնեն Արևմուտքի հետ կապերը և ոչ թե փոխարինեն դրանք (եվրոպական ժառանգությունը նույնպես շատ կարևոր է նեոօսմանցիների համար)։ Նրանց տեսլականը հիմնվում է Թուրքիայի նախկին (1989-1993թթ.) նախագահ Թուրգութ Օզալի մոտեցումների վրա, ուր Թուրքիան վերագտնում է իր կայսերական ժառանգությունն ու փնտրում նոր ազգային փոխհամաձայնություն իր բազմակի ինքնություններով հանդերձ։ Այն հիշեցնում է թուրքերին, որ նախկինում նրանք ունեին բազմազգ կայսրություն, որը ղեկավարում էր Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան, Բալկաններն ու Կենտրոնական Եվրոպայի որոշ հատվածները։ Նեոօսմանյան հարացույցի տրամաբանությամբ Անկարան ավելի շատ գործում է «մեղմ ուժի»՝ քաղաքական տնտեսական, դիվանագիտական ու մշակութային ազդեցության դիրքերից նախկին օսմանյան տարածքներում, ինչպես նաև այլ տարածաշրջաններում (Կենտրոնական Ասիայում), որտեղ Թուրքիան ունի ռազմավարական ու ազգային շահեր: Ուստի Թուրքիան, որպես առանցքային երկիր, պետք է խաղա շատ ակտիվ դիվանագիտական, քաղաքական ու տնտեսական դեր ընդլայնված տարածաշրջանում, որի «կենտրոնը» հենց ինքն է։

Արտաքին քաղաքական ոլորտում նեոօսմանիզմի դրսևորումներին անդրադառնալուց առաջ հարկ ենք համարում նշել, որ ընթացիկ տասնամյակում թուրքական իշխանությունները և հատկապես երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը մեծապես զբաղված է եղել օսմանյան, ինչպես նաև սելջուկյան անցյալի փառաբանմամբ։ Օրինակ, 2012թ. սեպտեմբերի 30-ին Էրդողանը կուսակցական կոնգրեսում, որում նա վերընտրվեց ԱԶԿ նախագահի պաշտոնում, երիտասարդներին կոչ արեց օրինակ վերցնել Ալփ Արսլան սուլթանից, ով 1071թ. Մանազկերտի ճակատամարտում պարտության է մատնել Բյուզանդական կայսրությանը, ինչը ճանապարհ է հարթել Փոքր Ասիա թերակղզու խորքերը ներթափանցելու համար. «Մեր ճանապարհը (սելջուկյան) սուլթաններ Ալփ Արսլանի, Մելիք շահի, Քըլըչ Ասլանի ճանապարհն է: Մեր ճանապարհն (օսմանյան պետության հիմնադիր) Օսման Գազիի, սուլթաններ Մեհմեթ Ֆաթիհի, Սելիմ Ահեղի, Սուլեյմանի ճանապարհն է: Մեր ճանապարհը հանգուցյալներ Մուսթաֆա Քեմալ Գազիի, Ադնան Մենդերեսի, Թուրգութ Օզալի, Նեջմեթթին Էրբաքանի  ճանապարհն է»: Նկատելի է, որ իր հայտարարությունում Էրդողանը խուսափում է Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հիմնադիր Մուսթաֆա Քեմալին անվանել Աթաթյուրք (թուրքերի հայր), ապա հիշատակում է ԹՀ այն վարչապետներին, որոնք մեծ տեղ են տվել իսլամին ու նեոօսմանիզմին։

Ընդգծենք, որ 2010-ականներին Էրդողանը շարունակ հիշատակում է 2023, 2053, 2071թթ.։ Օրինակ, 2013թ. մայիսի սկզբին Էրդողանը հայտարարեց. «Մենք (մեր սերունդը) կհասնենք 2023թ. հետ կապված նպատակներին, մեր զավակները՝ 2053թ., իսկ մեր թոռները՝ 2071թ. հետ կապված նպատակներին»։ Նկատելի է, որ Էրդողանը պատահաբար չի ընտրել այս տարեթվերը. 2023թ. լրանալու է ԹՀ հիմնադրման 100-ամյակը, 2053թ.՝ Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակը, իսկ 2071թ.՝ Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակը (2017թ. ԹՀ-ում առաջին անգամ պետական մակարդակով տոնեցին այդ ճակատամարտի հաղթանակը՝ 946-ամյակը)։ Էրդողանն այդպիսով վերոնշյալ հայտարարության պես պատմական ջրբաժաններ է անցկացնում՝ սելջուկյան, օսմանյան, հանրապետական։

2012թ. նոյեմբերին Die Welt–ը գրեց. «Էրդողանը պարզապես խանգարվել է այն ամենի վրա, ինչը որևէ կապ ունի Օսմանյան կայսրության անցյալի հզորության հետ: Դրա համար էլ չպետք է զարմանալ, որ արևմտյան ԶԼՄ-ներն Էրդողանի արտաքին քաղաքականությունում տեսնում են նեոօսմանիզմ: Վերջին շրջանում քանիցս հայտարարվել է, որ Թուրքիան պետք է հետաքրքրություն ցուցաբերի իր հարևանների նկատմամբ, քանի որ նրանք երբևէ մտել են Օսմանյան կայսրության կազմի մեջ: Էրդողանի կարծիքով՝ երկիրը պետք է ներկա լինի ամենուր, ուր ժամանակին ծածանվել են թուրքական դրոշները՝ Սերբիայից մինչև Կասպից ծով, Գազայից մինչև Ալժիր: Թուրքիայի արտաքին քաղաքականությունում գերակայում են նախնիներին հավատարիմ գտնվելը և ոչ թե նյութական շահերը»:

Die Welt-ի նման հրապարակման համար հիմք էր հանդիսացել այն, որ Էրդողանը նոյեմբերի 25–ին քննադատել էր «Սքանչելի դար» (Muhteşem Yüzyıl) հեռուստասերիալի հեղինակներին (հեռուստասերիալը մեծ հանրաճանաչություն է վայելում Թուրքիայում ու Մերձավոր Արևելքում, ցուցադրվել է 22 երկրում և ունեցել է 150–200 մլն հեռուստադիտող)՝ գտնելով, որ այն խեղաթյուրում է օսմանյան սուլթան Սուլեյման 1-ին Փառահեղի (1520–1566թթ.) կառավարման ու կյանքի մասին պատմական փաստերը. «Մեր քաղաքական հակառակորդները հավանության չեն արժանացնում մեր արտաքին քաղաքականությունը: Նրանք հարցնում են, թե ինչու ենք մենք զբաղվում Սուդանի, Սիրիայի ու Գազայի հարցերով, և որ մի՞թե ավելի լավ չէ դրա փոխարեն ակտիվություն դրսևորել Բրյուսելում՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը հաղթահարելու համար: Նրանք մեր նախնիներին ճանաչում են «Սքանչելի դար» հեռուստասերիալի միջոցով, սակայն նրանք չեն եղել այնպիսին, ինչպիսին որ հեռուստասերիալում են: Մենք բնակվում ենք 7 մլրդ բնակչությամբ աշխարհում և գիտենք մեր նշանակությունը. մենք պետք է գնանք այն տարածքներ, ուր ձիերի վրա նստած հասել են մեր նախնիները և մտահոգվենք այդ շրջանների մասին` Սերբիայից մինչև Կասպից ծով, Ալժիրից մինչև Եմեն: Եվ մենք չենք ճանաչում այդպիսի Սուլեյմանի, ինչպիսին որ հեռուստասերիալում է. հեռուստադիտողը նրան տեսնում է միայն հարեմում՝ անհամար քանակությամբ կանանց ու ճոխության մեջ: Սերիալում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա իր ողջ կյանքն անցկացրել է պալատական նստավայրում, մինչդեռ Սուլեյմանը 30 տարի չի իջել ձիուց, եղել է արշավանքների մեջ: Կառավարությունը դատական կարգով արդեն զգուշացրել է հեռուստասերիալի հեղինակներին: Նրանք, ովքեր ծաղրում են ողջ ժողովրդի արժեքները, պարտավոր են պատասխան տալ օրենքի առջև»:

Նշենք, որ Ս. Փառահեղը (Օրենսդիր) ամենաերկար կառավարած (46 տարի) և ամենաշատ արշավանքներ (13) կատարած օսմանցի սուլթանն է, ով Օսմանյան կայսրության տարածքը 6.557.000 կմ2-ից հասցրել է 14.893.000 կմ2-ի: Ուշագրավ է, որ Էրդողանի հայտարարությունից հետո ԱԶԿ-ը նոր օրինագիծ մշակեց, որն արգելում էր այդ հեռուստասերիալի և այլ ֆիլմերի ցուցադրությունը, որոնցում «վիրավորանք կհասցվի, և կստորացվեն թուրք պատմական անձինք»: Նոր օրինագծի նպատակը պատմական ֆիգուրներին վիրավորելուն, ինչպես նաև իրական փաստերը խեղաթյուրելուն արգելք հանդիսանալն է: Դրա հետ կապված՝ թուրքական Taraf թերթի լրագրող Հալիլ Բերքթայն գրեց. «Արդյո՞ք պետք է գերմանացիները վիրավորվեն նրանից, թե Օտտո ֆոն Բիսմարկն ինչպես է պատկերված ֆիլմերում: Պե՞տք է ֆրանսիացիները վիրավորվեն նրանից, թե ինչպես է պատկերված Լյուդովիկոս XIV–ը, իսկ անգլիացիները՝ նրանից, թե ինչպես է պատկերված Ռիչարդ Առյուծասիրտը: Աշխարհում ոչ ոք արվեստը չի ընկալում այդպիսի շրջանակներում: Այդ ամենը հետամնաց ու ազգայնական մտածելակերպի հետևանք է: Այն փաստը, որ երկրի վարչապետը սպառնում է հեռուստասերիալի պրոդյուսերներին, գրաքննության վախեցնող օրինակ է»:

Այս ամենից բացի Թուրքիայում տարատեսակ իրադարձություններ համընկան օսմանյան ժամանակաշրջանի կարևոր հաղթանակների հետ, ինչը վերաբերում է երկրի թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ոլորտներին։ Օրինակ, ռազմանավերը, ռազմանավերի դասերը, նավախմբերը սկսեցին նոր ուժով անվանել օսմանցի հանրահայտ ծովակալների կամ կարևոր գործիչների անուններով (օրինակ՝ Բարբարոս, Բայրաքթար), ռազմանավերը ջուրն իջեցնելու ժամկետները համընկան օսմանյան նավատորմի տարած հաղթանակների օրվա հետ։ Օրինակ, MILGEM («Ազգային նավ») նախագծի շրջանակներում կառուցված Ada («Կղզի») դասի առաջին կորվետ Heybeliada–ն ջուրն իջեցվեց 2011թ. սեպտեմբերի 27-ին, իսկ երկրորդ կորվետ Büyükada-ն՝ 2013թ. սեպտեմբերի 27-ին։ Ինչպես երևում է, երկու ռազմանավերն էլ ջուրն են իջեցվել սեպտեմբերի 27-ին՝ ՌԾՈՒ-ի օրը: Դա կապված է նրա հետ, որ 1538թ. սեպտեմբերի 27-ին օսմանյան նավատորմը Հայրեդդին Բարբարոս փաշայի գլխավորությամբ Հունաստանի հյուսիսարևմտյան ափերի մոտ` Փրեվեզեի ծովածոցում, պարտության է մատնել քրիստոնեական երկրների նավատորմին, ինչից հետո օսմանյան նավատորմը սկսել է գերակայել Միջերկրական ծովում (Հ. Բարբարոս փաշան օսմանյան նավատորմում ծառայել է 1500-1545թթ. և Միջերկրական ծովում զգալիորեն ընդլայնել է օսմանյան գերիշխանությունը): «Փրեվեզե» է անվանվել Թուրքիայի ՌԾՈՒ-ի սուզանավերի երեք տիպերից մեկը։ Ի դեպ, Ada դասի չորրորդ կորվետ «Քընալըադան» ջուրն է իջեցվել 2017թ. հուլիսի 3-ին. 1462թ. այդ օրն օսմանները գրավել են Էգեյան ծովում գտնվող Լեսբոս (թուրքական անվանումը՝ Միդիլլի) կղզին («Քընալըադան» «Կղզի» դասի նավ է)։

2011թ. աշնանը թուրքական իշխանություններն Իս­րայելի ու Կիպրոսի հետ հարաբերությունների վատթարացման խորապատկերին առաջ քաշեցին «Բարբարոս» գործողությու­նը, որը միտված էր Միջերկրական ծովի արևելյան հատվածում սեփական ՌԾՈՒ-ի ընդլայնմանը՝ Սև և Մար­մարա ծովերից այնտեղ ռազմանավեր ուղարկելու հաշվին: «Բարբարոս» անվանումը ստացել է նաև Թուրքիայի ՌԾՈՒ-ում գտնվող ֆրեգատների երեք տեսակներից մեկը, ինչպես նաև 102-օրյա աֆրիկյան արշավի դուրս եկած թուրքական նավախումբը, ինչը մեկնարկեց 2014թ. մարտի 17-ին՝ Դարդանելի օպերացիայի մեկնարկի (18.03.1915) 99-ամյակի նախօրեին: 2018թ. էլ Թուրքիայի ՌԾՈՒ-ն համալրելու են «Ջերբե» դասի սուզանավերը. 1560թ. մայիսին օսմանյան նավատորմը Ջերբե կղզու մոտ (Թունիսի ափեր) վճռական հաղթանակ է տարել եվրոպական միացյալ նավատորմի (հիմնականում իսպանացիների) նկատմամբ]։

Ինչ վերաբերում է քաղաքացիական ոլորտին, ապա կարելի է հիշատակել 2016թ. Ստամբուլում Բոսֆորի նեղուցի վրա երրորդ կամրջի բացումը, որը ստացավ ալևիներին զուլումի ենթարկած սուլթան Սելիմ 1-ին Ահեղի (1512-1520թթ.) անունը։ Ս. Ահեղն իր կառավարման 8 տարիներին 2.5 անգամ մեծացրել է Օսմանյան կայսրության տարածքը՝ 2.375.000 կմ2-ուց հասցնելով մինչև 6.557.000 կմ2-ու։ Ընդ որում՝ թեկնածուների թվում էր Աբդուլ Համիդ 2-րդի անունը: Նշենք, որ Ստամբուլի մեկ այլ կամուրջ էլ կրում է 1453թ. Կոստանդնուպոլիսը գրաված սուլթան Մ. Ֆաթիհի անունը. այն շահագործման է հանձնվել 1988թ.՝ նեոօսմանիզմի ջատագով Թ. Օզալի վարչապետության (1983-1989թթ.) շրջանում։

2018թ. հունվարին Էրդողանը, ով ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ թուրքական հեռուստասերիալները վերջին շրջանում թուրքական մշակույթի ամենամեծ ձեռքբերումն են, քաղաքացիներին խորհուրդ տվեց շատ սերիալներ դիտել պատմություն սովորելու համար: Խոսելով Ա.  Համիդ 2-րդի մասին պատմող «Գահը» հեռուստասերիալի մասին՝ Էրդողանը երիտասարդներին կոչ արեց դիտել այն. «Շատերն են փորձում փնովել Ա. Համիդ 2-րդին, մինչդեռ իրականում իրենք շատ բան ունեն սովորելու նրանից։ Ա. Համիդ 2-րդը շատ բամբասանքների ու անտեղի մեղադրանքների զոհ է դարձել: Իրականում նա եղել է շատ մեծ բարեփոխիչ, խորաթափանց ղեկավար: Այս սերունդը շատ բան ունի սովորելու նրանից: Ես գոհ եմ, որ մեր երկրում ավելանում են Ա. Համիդ 2-րդի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունները: Մենք պետք է լավ հասկանանք նրա ապրած շրջանն ու դասեր քաղենք»: Ի պատասխան՝ «Գահը» հեռուստասերիալի նախկին ռեժիսորներից Սերդար Աքարը հայտարարեց, որ երիտասարդները պատմություն պետք է սովորեն ոչ թե սերիալներից, այլ՝ գրքերից[6]։

Ի դեպ, 2015թ. նոյեմբերին թուրքական մամուլը հայտնեց, որ Էրդողանը որոշել է Ստամբուլում գտնվող «Յըլդըզ» պալատը, որը ժամանակին հանդիսացել է Ա. Համիդ 2-րդի սուլթանական պալատը, դարձնել իր աշխատանքային գրասենյակը: Էրդողանը նախատեսում է օսմանյան պալատն օգտագործել արտասահմանցի և տեղական պատվավոր հյուրերի ընդունելության համար: Դրանից քիչ առաջ Էրդողանը հենց այդ պալատում էր հյուրընկալել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, նրան բազմել է տվել օսմանյան օսկեզօծ շքեղ գահին, ինչը հեգնական քննարկումների տեղիք էր տվել:

2016թ. սեպտեմբերին թուրքական մամուլը չբացառեց, որ Ստամբուլի երրորդ օդանավակայանը, որը շահագործման է հանձնվելու 2018թ. հոկտեմբերի 29-ին (ԹՀ հիմնադրման 95-ամյակին) և դառնալու է Եվրոպայի թիվ մեկ և աշխարհի երրորդ խոշոր օդանավակայանը, կարող է անվանվել ի պատիվ Ա. Համիդ 2-րդի[7]։ Այս ամենը վկայում է, որ վերջին շրջանում Թուրքիայում բավական շատ է արծարծվում Ա. Համիդ 2-րդի անունը։ Սակայն եթե Ս. Ահեղն ու Ս. Փառահեղը զգալիորեն ընդլայնել են Օսմանյան կայսրության տարածքը, ապա Ա. Համիդ 2-րդի կառավարման ժամանակ (1876-1909թթ.) զգալիորեն կրճատվել է Օսմանյան կայսրության տարածքը։ Վերջինս պարտվել է 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմում, ինչի հետևանքով Ռուսաստանին անցան Բեսարաբիայի հարավը, Բաթումը, Կարսը, Բայազետը: Պատերազմի արդյունքում թուրքական լծից ազատագրվեցին, անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան: Բացի այդ 1878թ. Անգլիան խլեց Կիպրոս կղզին, 1882թ. օկուպացրեց Եգիպտոսը, իսկ 1884թ.՝ Սոմալիի հյուսիսը։ Ֆրանսիան իր հերթին 1881թ. Օսմանյան կայսրությունից խլեց Թունիսը, Իտալիան էլ 1885թ. զավթեց Հաբեշ էյալեթը (ներկայիս Էրիթրեա, Ջիբութի, Սոմալիի ու Եթովպիայի մի մասը)։ 1898թ. ինքնավարություն ստացավ Կրետե կղզին, որն էլ 1908թ. որոշեց միանալ Հունաստանին։ Եվ ահա հարց է առաջանում, թե ինչու է Էրդողանն այդքան շատ հիշատակում Ա. Համիդ 2-րդի անունը։ Դա թերևս կապված է նրա հետ, որ Ա. Համիդ 2-րդը վարում էր պանիսլամիզմի (համաիսլամականության) քաղաքականություն, ինչից էլ ոգեշնչվում է իրեն սուլթան ու խալիֆ երևակայող Էրդողանը։ Էրդողանի սուլթանական հակումների վկայության դեպքերից է այն, որ 2015թ. հունվարի 12-ին Էրդողանը նախագահական նոր նստավայր «Աք Սարայում» (տարբեր տվյալներով ունի մինչև 2250 սենյակ) ընդունեց Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին: Էրդողանը պաշտոնական արարողակարգի ժամանակ հյուրին դիմավորելիս անցավ աստիճանների երկու կողմերում կանգնած 16 զինվորների շարքի միջով, որոնք կրում էին պատմության ընթացքում գոյություն ունեցած «թյուրքական 16 պետությունների» ռազմական հանդերձանքն ու զենքերը (ի դեպ, Թուրքիայի նախագահական խորհրդանիշի վրա պատկերված է 16 աստղ):

Բացի երկրի ներսում օսմանյան անցյալը գովաբանելուց, Էրդողանը նաև դատապարտեց օտար պետությունների ղեկավարներին, որոնք կքննադատեին օսմանյան գործիչներին։ Ամենավերջին օրինակը գրանցվեց 2017թ. դեկտեմբերին, երբ ԱՄԷ-ի արտգործնախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդը քննադատեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1916-1919թթ) Մեդինայի պարետ Ֆահրեդդին փաշային՝ նրան անվանելով (ձեռագրերի) գող և մեղադրելով տեղի բնակչության դեմ հանցանքներ գործելու համար։ Օսմանյան կայսրության դեմ արաբական ապստամբության շրջանում Մեդինայի հրամանատար Ֆահրեդդին փաշայի ղեկավարած կայազորը եղել է վերջին զորախումբը, որը զենքը վայր է դրել Անտանտի զորքերի առաջ. Մեդինան բրիտանացիներին հանձնվել է 1919թ. հունվարի 10-ին։ Ի պատասխան՝ Էրդողանը սուր քննադատության ենթարկեց ԱՄԷ-ի արտգործնախարարին՝ նշելով, որ «նա պետք է իմանա իր տեղը»։ Ապա Անկարայում ԱՄԷ-ի գործերի ժամանակավոր հավատարմակատար Հավլե ալ-Շեմսին հրավիրվեց Թուրքիայի ԱԳՆ, ուր նրան հայտնեցին թուրքական կողմի մտահոգությունը։ Ապա հաղորդվեց, որ Անկարայի քաղաքապետարանը որոշել է Ֆահրեդդին փաշայի անունով վերանվանել թիվ 613 փողոցը, որի վրա գտնվում է ԱՄԷ-ի դեսպանատունը։ Դա տեղի ունեցավ 2018թ. հունվարին. հարակից փողոցն էլ կոչեցին «Մեդինայի պաշտպանություն» անունով։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական ոլորտին, ապա նշենք, որ 2009թ. նոյեմբերին Ա. Դավութօղլուն ԱԶԿ ընտրանու առաջ ունեցած ելույթում ընդունեց, որ Թուրքիան վարում է նեոօսմանյան քաղաքականություն. «Մեզ նեոօսմաններ են անվանում: Այո՛, մենք նոր օսմաններ ենք: Գոյություն ունի Օսմանյան կայսրության թողած ժառանգություն: Մենք ստիպված ենք զբաղվել հարևան երկրներով և անգամ Աֆրիկա ենք գնում: Մեծ տերություններն այս ամենին հետևում են զարմացած»: Դավութօղլուն պատմել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ զրույցի մանրամասները, ով հետաքրքրվել էր, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում արտաքին քաղաքական ոլորտում Թուրքիայի ակտիվության կտրուկ աճը: Ի պատասխան՝ Դավութօղլուն նշել էր. «Քարտեզի վրա Թուրքիայի շուրջ 1000 կմ շրջանագիծ գծելու դեպքում դրա ներսում կհայտնվի 20 երկիր, իսկ 3000 կմ-ի դեպքում՝ 70 երկիր: Մինչդեռ որքա՞ն երկրներ կընդգրկվեն, եթե նման շրջանագիծ արվի ԱՄՆ-ի շուրջ»:

Դրանից մոտ մեկ տարի անց՝ 2010 թ. դեկտեմբերի սկզբին, Դավութօղլուն Washington Post-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր երազանքն «Օսմանյան կայսրության ազգերի միության» ստեղծումն է` դա համեմատելով «Բրիտանական ազգերի համագործակցության» հետ, ինչն էլ հենց հիմք է ծառայել նրա երազանքի համար: Դավութօղլուի կարծիքով` Թուրքիայի պարագայում գործն ավելի է հեշտանում, քանի որ Օսմանյան կայսրության տարածքները գտնվում էին 3 աշխարհամասերում, մինչդեռ Բրիտանական կայսրության դեպքում խոսքը բոլոր բնակելի աշխարհամասերի մասին է:

2011թ. հունվարին Die Welt-ը նշեց, որ Էրդողանը երազում է արաբա-թուրքական մեծ պետության մասին. «Էրդողանն արաբական երկրներին կոչ է անում մոռանալ 19-20-րդ դարերում տեղի ունեցած վեճերը և փոխարենը վերհիշել այն պատմական ընդհանրությունները, որոնք միավորում են արաբներին և թուրքերին: Ըստ Էրդողանի՝ այդ միասնությունը հիմնված է նախ և առաջ իսլամի, ինչպես նաև «քրիստոնեական ագրեսորների» դեմ համատեղ պայքարի վրա. «Թուրքերն ու արաբներն այս հողերը պաշտպանել են խաչակրաց արշավանքների ժամանակ։ Այժմ եկել է ժամանակը հիմք դնելու հազարամյա եղբայրությանը և ստեղծելու քաղաքական, տնտեսական ու մշակութային միություն։ Մենք պատկանում ենք մեկ քաղաքակրթության և ունենք ընդհանուր պատմություն։ Գազայի ու Երուսաղեմի խնդիրները մեր խնդիրներն են։ Մենք Իրաքի, Աֆղանստանի ու Պակիստանի ժողովուրդների ցավերն ընկալում ենք որպես մեր ցավ։ Արաբա-թուրքական համերաշխությունը մուսուլմանական քաղաքակրթության առանցքն է: Այդ համերաշխության շնորհիվ կարելի է այնպիսի հարցերի լուծումներ գտնել, ինչպիսիք են պաղեստինյան, աֆղանական և իրաքյան հիմնահարցերը»:

Չնայած Էրդողանի այս հայտարարությանը՝ թուրք-իրաքյան հարաբերությունները շուտով բավական սրվեցին, ինչի հիմնական պատճառներից մեկը Թուրքիայի նեոօսմանյան հակումներն էին (Թուրքիան վաղուց երազում է Քիրքուքի ու Մոսուլի մասին)։ Օրինակ, 2012թ. օգոստոսի սկզբին Ա. Դավութօղլուն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարություն (ՀԻՔԻ) կատարած իր այցի շրջանակներում անսպասելիորեն այցելեց նաև Քիրքուք, որը չէր մտնում ՀԻՔԻ սահմաններում: Դա հարուցեց Իրաքի ԱԳՆ խիստ արձագանքը, քանի որ այն իրականացվել էր առանց պաշտոնական Բաղդադին իրազեկելու: Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի խորհրդականն էլ հայտարարեց, որ Թուրքիան շատ բաց միջամտում է Իրաքի գործերին. «Պետք է փակել Իրաքում Թուրքիայի դեսպանատունը: Մենք իրավունք ունենք կալանավորելու Դավութօղլուին։ Դավութօղլուին 24 ժամ տրվեց երկրի տարածքը լքելու համար»: Ապա Իրաքի կառավարության խոսնակ Ալի Դաբաղը հայտարարեց, որ Իրաքի կառավարության նիստում որոշվել է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները, փոխվարչապետ Հուսեին Շահրիսթանիի գլխավորությամբ ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կհետազոտի Դավութօղլուի տվյալ այցի ազդեցությունն Իրաքում առկա իրավիճակի վրա: Ալ-Մալիքին քանիցս դատապարտեց տարածաշրջանում սեփական գերիշխանությունը հաստատելու Թուրքիայի փորձերը` ընդգծելով, որ հարևանների գործերին միջամտելու ցանկությունը Թուրքիային վերածում է տարածաշրջանի բոլոր երկրների թշնամու: Մալիքին Թուրքիային մեղադրեց նաև Իրաքում սուննիների ու շիաների միջև թշնամություն սերմանելու համար՝ դժգոհություն հայտնելով, որ Թուրքիան ապաստան է տվել և հրաժարվում է հանձնել Իրաքի փոխնախագահ սուննի Թարիք ալ-Հաշիմիին, որին իրաքյան դատարանը 3 անգամ դատապարտել է մահապատժի` մեղավոր ճանաչելով ավելի քան 300 հանցանքներում։ Բացի այդ Թուրքիան նավթային լայն համագործակցություն սկսեց ՀԻՔԻ-ի հետ՝ առանց հաշվի նստելու պաշտոնական Բաղդադի հետ: Թուրքիայի այդ դիրքորոշումը լարվածություն էր առաջացնում ոչ միայն Անկարայի ու Բաղդադի, այլև՝ Բաղդադի ու Էրբիլի միջև: Փաստորեն Թուրքիան կանխամտածված գնաց Իրաքի հետ հարաբերությունների սրացմանը՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ։

Ընթացիկ տասնամյակում Թուրքիայի ուշադրության կենտրոնում հայտնվեց Մարոկկոյից մինչև Պակիստան ընկած տարածքը, Թուրքիան սկսեց քաղաքական, տնտեսական և անգամ ռազմական մեծ ակտիվություն դրսևորել տվյալ տիրույթում։ Սակայն սկզբնական շրջանում Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը հիմնականում ուղեկցվում էր փափուկ ուժի կիրառմամբ, որի բաղկացուցիչ տարրերն են տնտեսական էքսպանսիան, հումանիտար խոշոր օգնության տրամադրումը, Թուրքական համագործակցության ու զարգացման գործակալությունը (TIKA), TRT հեռուստաալիքը, THY («Թուրքական ավիաուղիներ») ավիաընկերությունը, նաև գյուլենական դպրոցները։ Այդ ամենի շնորհիվ Թուրքիան ջերմ հարաբերություններ հաստատեց իրենից հեռու գտնվող երկրների հետ, ինչն էլ ավելի ուշ հնարավոր դարձրեց նրա «ռազմակայանային քաղաքականությունը»։ Թուրքիան այդ քաղաքականության շրջանակներում իր ռազմաբազաներն է տեղակայել Սոմալիում և Քաթարում, ընդ որում՝ դա արել է օրինական կերպով՝ տվալ երկրների հետ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո։ Ի դեպ, երբ 2015թ. թուրք զինվորականները Nasr զորավարժություններին մասնակցելու համար ժամանեցին Քաթար, թուրքական մամուլը գրեց, որ թուրք զինվորը 100 տարի անց վերադարձավ Քաթար (օսմանյան զորքը Քաթարից հեռացել է 1915թ.)։ Սոմալիում թուրքական ռազմաբազայի բացումն էլ տեղի ունեցավ 2016թ. սեպտեմբերի 30-ին. 1520թ. այդ օրը մեկնարկել է Ս. Փառահեղի կառավարումը, որի ժամանակ Սոմալիի հյուսիսը մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Դրան զուգահեռ Թուրքիան 2015-2016թթ. ապօրինի ռազմական ներկայություն հաստատեց հարևան Իրաքում (առավել ճշգրիտ՝ կտրուկ մեծացրեց) ու Սիրիայում՝ օգտվելով նրանից, որ Սիրիայի իշխանությունները միայն աննշան ձևով, իսկ Իրաքի իշխանություններն ընդհանրապես չէին վերահսկում Թուրքիայի հետ սահմանը։ Չնայած Իրաքն ու Սիրիան քանիցս պահանջել են, որ Թուրքիան դուրս բերի զորքը, սակայն Անկարան ցայժմ անտեսում է այդ կոչերը։ Հատկանշական է, որ Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունը մեկնարկեց 2016թ. օգոստոսի 24-ին, ինչից հետո թուրքական մամուլը գրեց, որ օսմանների թոռներն ուղիղ 500 տարի անց վերստին Ջերաբլուսում են. 1516թ. օգոստոսի 24-ին Ս. Ահեղի բանակը Մերջիդաբըքի ճակատամարտում (Հալեպից հյուսիս) պարտության է մատնել մամլուքների բանակին, ինչից հետո օսմանյան պետության կազմում ընդգրկվել են Սիրիան, Պաղեստինը, Լիբանանը, իսկ օսմանյան սուլթանները ստացել են նաև խալիֆ տիտղոսը։ Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումից հետո, որը նախատեսում է 2019թ.-ից շեշտակիորեն մեծացնել Թուրքիայի նախագահի գործառույթները, Էրդողանն անմիջապես այցելեց ոչ թե Աթաթուրքի, այլ՝ Ս. Ահեղի դամբարան, ինչն ինքնին խոսուն ուղերձ էր։

2017թ. հունիսին Թուրքիան Սաուդյան Արաբիային առաջարկեց ռազմակայան տեղակայել այդ երկրում, սակայն մերժում ստացավ։ ԶԼՄ-ները հայտնել են Քուվեյթում ու Սուդանում ռազմակայան տեղակայելու Թուրքիայի պլանների մասին։ Նախկինում Օսմանյան կայսրության մեջ մտած տարածքներում ստեղծվող թուրքական ռազմակայանները պետք է ի ցույց դնեն Թուրքիայի ազդեցությունն ու հզորությունը, հաստատեն տարածաշրջանային գերտերության նրա կարգավիճակը։

Թուրքիայի նեոօսմանյան հավակնությունները հասել են նրան, որ 2016թ. սեպտեմբերի 29-ին Էրդողանը բարձրաձայնեց 1923թ. Լոզանի համաձայնագրի վերանայման «անհրաժեշտության» մասին՝ հիշեցնելով, որ իրենք այդ պայմանագրով Հունաստանին են հանձնել Էգեյան ծովում գտնվող մի շարք կղզիներ։ Հայտարարության օրը պատահական չէր ընտրված. 1911թ. հենց այդ օրը սկսվել է Թուրք-իտալական պատերազմը, որում պարտված Օսմանյան կայսրությունն Իտալիային է զիջել Տրիպոլիտանիան ու Կիրենաիկան (ժամանակակից Լիբիան), ինչպես նաև Դոդեկանեսյան կղզիները (1947թ. Իտալիան այդ կղզիները հանձնել է Հունաստանին)։ Էրդողանն այդպիսով փորձում էր հիշեցնել, որ մոտ մեկ դար առաջ այդ կղզիները պատկանել են Օսմանյան կայսրությանը։ Ի դեպ, Լոզանի համաձայնագիրը ֆիքսել է նաև Իրաքի ու Սիրիայի հետ Թուրքիայի սահմանները, և Թուրքիան սկսել էր ռազմական ներկայություն հաստատել երկու երկրներում էլ։

Այդպիսով, ընթացիկ տասնամյակում Թուրքիան սկսեց արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունում նախապատվությունը տալ նեոօսմանիզմին, այդ գաղափարախոսությունն աստիճանաբար դարձավ ներքին և արտաքին քաղաքականության առանցք։ Նեոօսմանականության գաղափարախոսությունից չի կարող առանձնանալ իսլամը։ Իսլամական գործոնը պետք է հանդես գար որպես համախմբող ուժ, քանի որ գաղափարախոսության հիմնական թիրախն իսլամական աշխարհն է, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի իսլամական երկրները։ Հետագայում դա պետք է ընդգրկի բալկանյան երկրները, որից հետո, ըստ նեոօսմանականների, Ստամբուլը ողջ իսլամական աշխարհի համար պետք է դառնա նեոխալիֆայության կենտրոն։

 ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՐԴ

 2010-ականներին Թուրքիան սկսեց մեծ ակտիվություն ցուցաբերել հատկապես Մերձավոր Արևելքում, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այն գաղափարախոսության հիմնական թիրախն էր։ Դրան նպաստեցին ոչ միայն Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը, տարածաշրջանում, իսլամական (սուննի) աշխարհում առաջատարի դեր ստանձնելու Թուրքիայի նկրտումները, այլև՝ տարածաշրջանում շիական Իրանի մեծ ակտիվությունը և դրան հակազդելու անհրաժեշտությունը, ԵՄ-ին անդամակցելու հարցում առկա խորին հիասթափությունները և ինչու ոչ` «Արաբական գարունը»: Ակնհայտ էր, որ իր իսլամիստական հայացքներով վաղուց հայտնի Էրդողանը երկրի ներսում ու արտերկրում սեփական դիրքերի ամրապնդման հետ մեկտեղ սկսելու էր վարել ավելի ընդգծված իսլամիստական քաղաքականություն (թուրքական կողմի պնդմամբ՝ աշխարհի ամենակարևոր 9 նեղուցներից 8-ը գտնվում է իսլամական աշխարհում)։ Այս համատեքստում պետք է հիշատակել դեռևս 1993թ. քեմալիզմի մասին Էրդողանի արած հայտարարությունը. «1923թ. Թուրքիան հռչակեց հանրապետություն և որպես կրոն ընտրեց քեմալիզմը՝ չճանաչելով այլ կրոններ, այդ թվում նաև իսլամը։ Քեմալիզմն ու նման ռեժիմները տեղ չունեն վաղվա Թուրքիայում։ Չի կարող խոսք լինել այն մասին, որ ապագայում քեմալիզմն իրեն վերստին գեներացնի երկրում։ Թուրքիան 1923թ.-ից մինչև մեր օրերը գտնվել է անկման ժամանակաշրջանում։ Թուրքիայի 70-ամյա պատմությունը (1923-1993թթ.) զուր տեղը ծախսած ժամանակաշրջան է»։ Ընդգծենք, որ Էրդողանն այդ ժամանակ Թուրքիայի նախագահը չէր և ոչ էլ վարչապետը և անգամ Ստամբուլի քաղաքապետ չէր (Էրդողանը Ստամբուլի քաղաքապետ է եղել 1994-1998թթ.)։ 1993թ. Էրդողանը Ստամբուլի նահանգում Refah («Բարօրություն») կուսակցության մասնաճյուղի ղեկավարն էր և կուսակցության կենտրոնական վարչական կոմիտեի (MKYK) անդամը։ Ի դեպ, 1997թ. դեկտեմբերին Ստամբուլի քաղաքապետ Էրդողանը Սղերթում արտասանած «Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները» քառատողի համար մեղադրվել է կրոնական ու ռասիստական ատելություն բորբոքելու մեջ և ստիպված է եղել բանտում անցկացնել 4 ամիս։ Էրդողանը բանտից, ուր հայտնվել էր 1999թ. մարտի 26-ին, դուրս եկավ նույն թվականի հուլիսի 24-ին։

2010-ականներին ավելի ընդգծվեց Թուրքիայի կողմից դավանաբանական հենքի վրա հենված (սուննի) քաղաքականություն վարելը։ Երբ 2000-ականներին Թուրքիայում ամրապնդվեցին Էրդողանի դիրքերը, և Թուրքիան արտաքին քաղաքական ոլորտում ստացավ մանևրելու լայն դաշտ, իսլամական աշխարհի առաջնորդ (խալիֆ) դառնալու Էրդողանի ձգտումները դարձան ակներև։ Դրան հասնելու համար Էրդողանը պետք է աներ երկու կարևոր քայլ. ա) ստանձներ համայն աշխարհում և առաջին հերթին Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում մուսուլմանների իրավունքների պաշտպանի դերը, բ) վատթարացներ Իսրայելի հետ հարաբերությունները։ Միմյանց հետ փոխկապակցված այս գործընթացների մեկնակետ կարելի է համարել այն, որ Էրդողանը դատապարտեց 2008թ. դեկտեմբերի վերջին Գազայի հատվածում Իսրայելի սկսած ռազմական գործողությունը։ Եթե նախկինում Թուրքիան լավ հարաբերությունների մեջ էր 7-8 մլն բնակչությամբ Իսրայելի հետ և դրանով հարուցում էր արաբական աշխարհի (ավելի քան 20 երկիր՝ մոտ 350 մլն բնակչությամբ և մոտ 13 մլն կմ2 տարածքով) դժգոհությունը, ապա նեոօսմանիզմին անցում կատարելու շրջանակներում որոշվեց վատթարացնել հարաբերություններն Իսրայելի հետ և շահել արաբական աշխարհի համակրանքը (Էրդողանի ու իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի փոխհարաբերությունների վատթարացման հիմնական պատճառներից մեկը եղել է Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումը. Գյուլենը դեմ է եղել դրան)։ Դրա համար էլ Էրդողանը միայն վերջին շրջանում է սկսել հայտարարել, թե Իսրայելն ունի միջուկային ռումբ։ Այդ նպատակին ծառայեցին նաև 2009թ. Դավոսի միջադեպը (Էրդողանի բոյկոտը) և 2010թ. մայիսին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպը: Պատահական չէր, որ միջադեպից հետո իսրայելական Yedioth Ahronoth թերթը գրեց. «Այս պատերազմը կապված է Մերձավոր Արևելքի ապագայի հետ։ Մերձավոր Արևելքը վերստին ղեկավարել ցանկացող Օսմանյան կայսրության ուժերը կանգնեցվեցին Գազայի ափերին»։ Նախկինում թուրքական և իսրայելական մամուլում եղել են հրապարակումներ, որ «Ազատության տորմիղը» Գազա է մեկնել անձամբ Էրդողանի աջակցությամբ: Ուշագրավ է, որ Իսրայելի հետ համաձայնագրից հետո թուրքական մամուլը գրեց, որ Էրդողանը միջադեպի հարցում հակասել է իրեն. 2016թ. հունիսի 29-ին Էրդողանը հայտարարել է, որ իրենք կապ չեն ունեցել Գազա «Մավի Մարմարայի» ուղարկման հետ և չեն տվել նման թույլտվություն, մինչդեռ 2014թ. հուլիսի 17-ին էլ հայտարարել էր, որ այն ժամանակ իշխանությունն իրենք էին և իրենք են «Մավի Մարմարային» տվել նման թույլտվություն: Իսրայելական Haaretz թերթի պնդմամբ էլ՝ Իսրայելի հատուկ ծառայությունների ձեռքում հայտնված փաստերն ապացուցում են թուրքական կառավարության անմիջական մասնակցությունն «Ազատության տորմիղը» Գազա ուղարկելու ծրագրին։

Հատկանշական է նաև այն, որ 2010թ. փետրվարին Էրդողանը հայտարարեց ազգային անվտանգության ռազմավարության հիմնարար դրույթները վերանայելու մտադրության մասին: Խոսքը Թուրքիայում «Կարմիր գիրք» («Գաղտնի Սահմանադրություն») անվանմամբ փաստաթղթի մասին է, որում արտացոլվում են երկրի արտաքին ու ներքին սպառնալիքները։ Արդեն հոկտեմբերին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը վերանայեց «Կարմիր գիրքը»՝ ուրվագծելով արտաքին քաղաքականության առաջնահերթությունների նոր սպեկտրը։ Թուրքիայի համար սպառնալիք համարվող երկրների ցանկից հանվեցին Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, ինչպես նաև Իրանը, որին պաշտոնական Անկարան նախկինում համարում էր հիմնական սպառնալիք։ Փոխարենը 1949թ.-ից ի վեր առաջին անգամ Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկիր համարվեց Իսրայելը, որի գործողությունները տարածաշրջանում կարող են հանգեցնել սպառազինությունների մրցավազքի (Մերձավոր Արևելքը պետք է լինի միջուկային զենքից զերծ տարածաշրջան)։

Եվ թեև 2016թ. ամռանն Իսրայելն ու Թուրքիան ստորագրեցին հարաբերությունների կարգավորման համաձայնագիր, այն չլուծեց նրանց միջև առկա բազում խնդիրները։ Պատճառներից մեկն այն է, որ մուսուլմանների իրավունքների ինքնահռչակ պաշտպան Էրդողանն այդպիսով ստիպված է շարունակ քննադատել Իսրայելին։ ԶԼՄ-ների պնդմամբ՝ Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ Իսրայելը առաջ է քաշել նաև նրա կողմից իրեն շարունակ քննադատելու հարցը` կապված Գազայի հատվածի, Արևելյան Երուսաղեմի, Հորդանան գետի Արևմտյան ափի տարատեսակ դեպքերի հետ, որոնք թուրքական կողմն ընկալում է որպես մուսուլմանների իրավունքների ոտնահարում։ Որդեգրելով նման դիրքորոշում՝ «մուսուլմանների իրավապաշտպան» Թուրքիան «պարզապես դատապարտված» է հետագայում նույնպես մուսուլմաններին առնչվող ամեն առիթով շարունակ քննադատել Իսրայելին, ինչպես նաև մյուս երկրներին՝ ԱՄՆ, ԵՄ, Չինաստան:

Էրդողանը շարունակ քննադատում է Չինաստանին՝ մեղադրելով մուսուլման ույղուրներին հալածելու համար (դա անում է առաջին հերթին այդ երկրից զիջումներ ստանալու նպատակով), 2015թ. դատապարտեց ԱՄՆ-ում երեք մուսուլման-ուսանողների սպանությունը և դրա հետ կապված՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից լռություն պահպանելը, ԵՄ-ին մեղադրում է իսլամատյացության համար՝ նրան որակելով որպես քրիստոնեական խմբակ, 2018թ. անգամ ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով՝ հետաքննելու համար ԵՄ անդամ չորս երկրներում (Գերմանիա, Բելգիա, Ավստրիա, Ֆրանսիա) իսլամատյացության դեպքերը, 2017թ. դատապարտեց Մյանմարում ռոհինյա մուսուլմանների հալածանքները։

Բացի այդ նա շարունակ հայտարարում է ՄԱԿ ԱԽ-ը բարեփոխելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ աշխարհն ավելին է, քան հինգ երկիրը (ՄԱԿ ԱԽ-ի հինգ մշտական անդամները), որոնց մեջ չկա որևէ մուսուլմանական երկիր։ Էրդողանը ցանկանում է, որ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների թիվը հասցվի 20-ի (քաղաքական G-20), որում, բնականաբար, արդեն տեղ կգտնի Թուրքիան՝ միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ վետո դնելու իրավունքով։ Էրդողանն այդպիսով ձգտում է աշխարհում կազմակերպել համաիսլամական շարժում և գլխավորել այն՝ ցույց տալով, որ իսլամական մյուս երկրները չեն բողոքում, որ չունեն որևէ մշտական ներկայացուցիչ ՄԱԿ ԱԽ-ում։ Եվ, վերջապես, 2017թ. վերջին ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը Էրդողանի համար հրաշալի առիթ է գլոբալ մասշտաբով համաիսլամական նոր շարժում կազմակերպելու, իսլամական երկրներին առաջնորդելու փորձեր ձեռնարկելու համար։ Այն, որ Էրդողանի իսլամական ձգտումները չեն սահմանափակվում միայն տարածաշրջանով, վկայում է այն, որ 2014թ. նոյեմբերին Ստամբուլում կազմակերպվեց Լատինական Ամերիկայի մուսուլմանական համայնքների առաջնորդների առաջին գագաթաժողովը, որին մասնակցեց ավելի քան 40 երկրի 76 հոգևոր առաջնորդ: Ճանաչողական բնույթ կրած այդ գագաթաժողովում քննարկվեցին Լատինական Ամերիկայի մուսուլմանների կարիքները` կապված մզկիթների, իսլամական մշակույթի կենտրոնների, կրոնական ուսուցման հիմնարկների, կրոնական պարբերականների և կադրերի հետ: Էրդողանը հենց այդտեղ հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ, ըստ որի` «մուսուլմաններն Ամերիկան հայտնագործել են Քրիստափոր Կոլումբոսից ավելի քան 3 դար առաջ` 1178թ.» («Նոր աշխարհի» բացման պաշտոնական ժամկետ է համարվում 1492թ. հոկտեմբերի 12-ը): Էրդողանի տեսադաշտից չեն վրիպել նաև հարևան քրիստոնյա երկրները. նա շարունակ բարձրաձայնել է Վրաստանում (Բաթում) ու Հունաստանում մզկիթներ կառուցելու անհրաժեշտության մասին։

Այդպիսով, Էրդողանը դարձավ գլոբալ մակարդակով «մուսուլմանների իրավապաշտպան», ինչը պետք է նպաստեր մուսուլմանական աշխարհում Թուրքիայի և անձամբ Էրդողանի հեղինակության բարձրացմանը և հանգեցներ մուսուլմանական աշխարհի առաջնորդ դառնալուն։ Ընդ որում՝ դա առանց հետքայլ անելու հնարավորության դիրքորոշում է, և ինչպես նշվեց, Թուրքիան դրանից հետո «պարզապես դատապարտված» է մուսուլմաններին առնչվող տարբեր հարցերի շուրջ բախվել տարբեր երկրների, հիմնականում ավելի զորեղ երկրների հետ։ Թուրքիան ձգտում է այդ երկրում բնակվող մուսուլմանական համայնքը ծառայեցնել որպես լծակ տվյալ երկրների դեմ և զիջումներ կորզել նրանցից (2017թ. մարտին Էրդողանը ԵՄ-ում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին կոչ արեց ունենալ հնգական երեխա)։ Օրինակ, թուրք-չինական հարաբերությունների վերջին տարիների փորձը (1990-ականների առաջին կեսի և 2009թ. Ուրումչիի դեպքերի լարվածությունը) ցույց է տալիս, որ ույղուրական խնդրի պատճառով դրանցում ծագած լարվածությանը հաջորդել են բարձրաստիճան պաշտոնյաների այցեր և տնտեսական խոշոր համաձայնագրերի ստորագրում: Թուրքիան քաջ գիտակցում է Չինաստանի համար Սինձյան-Ույղուրական ինքնավար շրջանի ռազմավարական, աշխարհաքաղաքական կարևորությունը և շեշտը դնում է նրա վրա, որ Չինաստանին հարկադրի լավ հարաբերություններ ունենալ իր հետ։

ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ

 2011թ. մեկնարկած «Արաբական գարունը» Թուրքիայի համար և՛ հնարավորություն էր, և՛ մարտահրավեր։ Թուրքիան կարող էր ընդլայնել իր միջնորդական առաքելությունը, ինչպես նաև փորձել այն ծառայեցնել իր տարածաշրջանային դերի, միջազգային վարկի ամրագրմանը: Մյուս կողմից էլ «մուսուլմանների իրավապաշտպան», տարածաշրջանային գերտերության դերին հավակնող Թուրքիան չէր կարող անտարբեր գտնվել արաբական երկրներում սկսված բողոքի ակցիաների հանդեպ։ Իսկ դա նշանակում էր, որ Թուրքիան ռիսկի էր դիմում սպառնալիքի տակ դնել այդ երկրների հետ իր հարաբերությունները՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները դրանցում։

«Արաբական գարնան» ժամանակ Թուրքիան թեկուզ որոշակի ուշացումով և, այնուամենայնիվ, սկսեց դատապարտել Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում իշխանությունների կողմից ցուցարարների հանդեպ ուժ կիրառելը, քննադատել այդ երկրների գործող վարչակարգերին, որոնք էլ իրենց հերթին սկսեցին Թուրքիայի իշխանություններին մեղադրել իրենց ներքին գործերին միջամտելու համար՝ ուշադրություն հրավիրելով Թուրքիայի ներքին խնդիրների վրա։ 2011թ. կարելի է ասել, որ Թուրքիան «Արաբական գարնան» շնորհիվ հայտնվեց ավելի շահեկան դիրքերում, նրա դիրքերն ու ազդեցությունն ավելի ամրապնդվեցին «Արաբական գարուն» վերապրած երկրներում և, մասնավորապես, Եգիպտոսում ու Լիբիայում։ Այդ մասին են վկայում 2011թ. սեպտեմբերին Էրդողանի այցերը Եգիպտոս, Լիբիա ու Թունիս, որոնք կոչված էին ուժեղացնելու Թուրքիայի դերը տարածաշրջանում և մեկուսացնելու Իսրայելին Մերձավոր Արևելքում։ Էրդողանը մեծ ընդունելության արժանացավ Եգիպտոսում, կնքեց մի շարք պայմանագրեր, մինչդեռ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ամենևին չէր սիրում Թուրքիային` նրան դիտարկելով որպես մրցակից իսլամական աշխարհում: Հատկանշական է, որ Էրդողանի այցը համընկավ Եգիպտոսի ու Իսրայելի հարաբերությունների սրացման հետ, և, որ Կահիրեի օդանավակայանում հավաքված «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամներն Էրդողանին դիմավորեցին «Ալլահը մեծ է, Էրդողանն իսկական մուսուլման է և ոչ թե երկչոտ» վանկարկումներով։

Էրդողանը Լիբիայում նույնպես ջերմ ընդունելության արժանացավ. Քադաֆիի տապալումից հետո Լիբիայի տարածքի մեծ մասը վերահսկող Ազգային անցումային խորհրդի առաջնորդ Մուսթաֆա Աբդ ալ-Ջալիլը նրա լիբիական այցը որակեց պատմական իրադարձություն` ընդգծելով, որ Էրդողանն ու թուրք ժողովուրդն իսլամական աշխարհի առաջնորդներն են։ Էրդողանն իր հերթին հայտարարեց, որ տոտալիտարիզմը սպառել է իրեն, որ 21-րդ դարում մարդիկ ցանկանում են ապրել ազատ երկրում, Լիբիայի Ազգային անցումային խորհրդին առաջարկեց բազմամիլիոնանոց օգնություն։ Նշենք, որ Էրդողանը վատ հարաբերությունների մեջ չէր Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի հետ և 2010թ. նրանից անգամ ստացել էր մարդու իրավունքների գծով մրցանակ, ինչի կապակցությամբ հայտարարել էր, որ մրցանակն է՛լ ավելի կամրապնդի եղբայրական երկրներ Թուրքիայի ու Լիբիայի հարաբերությունները։ Սակայն դա չխանգարեց, որ Էրդողանն ի վերջո քննադատի բողոքի ակցիաների ժամանակ լիբիական իշխանությունների գործողությունները, ապա նաև միանալ Քադաֆիի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությանը (թեկուզև բուն ռազմական գործողություններին չմասնակցելու տեսքով)։ Այդ կապակցությամբ թուրքական մամուլը գրեց, որ թուրք զինվորը 99 տարի անց վերադարձավ Լիբիա։ Քադաֆիին չփրկեց նաև նրա այն հայտարարությունը, թե թուրքերն իրենց եղբայրներն են, իրենք դարերով միասին են ապրել, և իրենք բոլորն էլ օսմանցիներ են:

Իսկ ինչո՞ւ Էրդողանը սկսեց քննադատել Քադաֆիին. նախևառաջ Էրդողանն ավելի վաղ քննադատել էր ցուցարարների հանդեպ Եգիպտոսի իշխանությունների կողմից ուժ կիրառելը, և հետևաբար նա տրամաբանության համաձայն չէր կարող լռություն պահպանել Լիբիայի պարագայում։ Բացի այդ Էրդողանը հասկացավ, որ Քադաֆիի տապալման դեպքում Թուրքիան կարող է ամրապնդել իր դիրքերն «աֆրիկյան դարպաս» հանդիսացող այդ կարևոր երկրում՝ իսլամականներին աջակցելու տեսքով։ Այդպիսով Թուրքիայի դիրքերը, ազդեցությունն ավելի ամրապնդվեցին «Արաբական գարուն» վերապրած Լիբիայում՝ համեմատած Քադաֆիի կառավարման ժամանակաշրջանի հետ (Թուրքիան 2011թ. սեպտեմբերի 2-ին դեսպանատուն վերաբացեց Տրիպոլիում՝ դառնալով նման քայլի դիմած առաջին երկիրը)։ 2014թ. Լիբիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ, ինչը հանգեցրեց անվտանգության նկատառումներով մինչ օրս Բենղազիում Թուրքիայի հյուպատոսության (14.06.2014) և Տրիպոլիում Թուրքիայի դեսպանության (25.07.2014) փակմանը (Լիբիայի երրորդ խոշոր քաղաք Միսրատայում Թուրքիայի հյուպատոսությունը շարունակեց գործել), ինչպես նաև Թուրքիայի կողմից Լիբիային հատկացվող օգնության ծրագրերի կասեցմանը։ Թուրքիան 2015թ. աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող միջլիբիական քաղաքական երկխոսությանը, կողմ է արտահայտվում Լիբիայում մնայուն կայունության ու խաղաղության հաստատմանը, սակայն դրա հետ մեկտեղ շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Լիբիայի իսլամականներին։

Թուրքիայի հաջողությունն «Արաբական գարուն» վերապրած Եգիպտոսում ավելի ակնառու դարձավ 2012թ., երբ Եգիպտոսի նախագահ ընտրվեց իսլամիստ Մոհամմեդ Մուրսին։ Վերջինս շատ ջերմ հարաբերությունների մեջ էր Էրդողանի հետ, ով հուսով էր Մուրսիի միջոցով վերջապես ի կատար ածել Գազա այցելելու իր վաղեմի իղձը, ուր նրան սպասվում էր չափազանց ջերմ ընդունելություն (այցը պետք է տեղի ունենար դեռևս 2011թ.)։ Սակայն Էրդողանը չհասցրեց Եգիպտոսի տարածքով մուտք գործել Գազա, քանի որ 2013թ. հուլիսին զինվորականները հեղաշրջում իրականացրեցին Եգիպտոսում և Մուրսիին կալանավորեցին։ Ի տարբերություն Էրդողանի, ով Թուրքիայում իշխանության գալուց հետո իրականացնում էր սողոսկող իսլամականացման գործընթաց, Մուրսին Եգիպտոսում սկսեց վարել ակնհայտ իսլամականացման քաղաքականություն, ինչն էլ չհանդուրժեցին զինվորականները (Մուրսին այդ առումով կիսեց Ն. Էրբաքանի ճակատագիրը, ում կոալիցիոն կառավարությունը զինվորականների ճնշման ներքո հարկադրված հրաժարական տվեց 1997թ.)։ Էրդողանը սկսեց դատապարտել Եգիպտոսում կատարված ռազմական հեղաշրջումը, նրա կազմակերպիչ, Գլխավոր շտաբի պետ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին, ով արդյունքում ընտրվեց Եգիպտոսի նախագահ։ Էրդողանի նման դիրքորոշումը հանգեցրեց երկկողմ հարաբերությունների վատթարացմանը, դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցմանը և արդյունքում Եգիպտոսում Թուրքիայի դիրքերի թուլացմանը։ Փաստորեն, թվում էր, թե Եգիպտոսի դեպքում Թուրքիան ժամանակին ճիշտ վարվեց, դատապարտեց ցուցարարների հանդեպ Հ. Մուբարաքի գործողությունները, և արդյունքում, երբ Եգիպտոսում իշխանության եկավ Մ. Մուրսին, բավական սերտացան երկկողմ հարաբերությունները: Սակայն այն, որ հետո վատթարացան երկկողմ հարաբերությունները, վկայում է, որ տարածաշրջանային զարգացումները նույնպես նպաստում են հարևան ու շրջակա երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները վատթարացնելուն։

Ի դեպ, թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացան այն աստիճան, որ Էրդողանը 2014թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից տրված ճաշի ժամանակ հրաժարվեց սեղանի շուրջ նստել Ալ-Սիսիի հետ՝ հայտարարելով, որ նա իշխանության է եկել ռազմական հեղաշրջման ճանապարհով։ Ընդգծենք, որ Էրդողանը երկար տարիներ ջերմ հարաբերությունների մեջ է Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի հետ, նրան անվանում է եղբայր՝ չնայած նրան, որ նա նույնպես իշխանության է եկել ռազմական հեղաշրջման ճանապարհով և ապա ընտրվել Սուդանի նախագահ (2008թ. Հաագայի Միջազգային քրեական դատարանն արտոնեց ալ Բաշիրին կալանքի տակ վերցնելը, ով այդպիսով դարձավ պետության գործող առաջին ղեկավար, որի դեմ կայացվում է նման որոշում)։

Նկատենք, որ Եգիպտոսի (ինչպես նաև մյուս երկրների) պարագայում Թուրքիան կանխամտածված գնաց հարաբերությունների սրացմանը, որում ահռելի դեր խաղաց իսլամական գործոնը (իսլամիստ նախագահի տապալումը և «Մուսուլման եղբայրներ» շարժման նկատմամբ հալածանքները)։ Անգամ դրանից հետո Թուրքիան ցանկության դեպքում կարող էր շտկել Եգիպտոսի հետ հարաբերությունները, սակայն նա բաց թողեց հնարավորությունը. 2014թ. մայիսին ալ-Սիսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ, և Էրդողանը կարող էր հայտարարել, որ հարգում է Եգիպտոսի ժողովրդի կատարած ընտրությունը։

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա 2011թ. մարտին այդ երկրում ժողովրդական հուզումների մեկնարկից ամիսներ անց Էրդողանը վճռեց հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը։ Դրանում իր հիմնական դերը խաղաց օգոստոսի 18-ին Բ. Օբամայի արած այն հայտարարությունը, որ Ասադը պետք է հեռանա, ինչպես նաև նաև հուլիսի 25-ին «Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան» («շիական») գազատարի կառուցման մասին պայմանագրի կնքումը։ Թուրքիան ձգտում էր, որ իրանական գազը Եվրոպային մատակարարվի հենց իր տարածքով և ելնելով դրանից՝ նպատակահարմար համարվեց բորբոքել իրավիճակը Սիրիայում և Իրաքում, ինչը (պատերազմը, իշխանափոխությունը) անհնար կդարձներ «շիական» գազատարի կառուցումը, Իրանին կդներ փակուղային իրավիճակում և կստիպեր ընտրել թուրքական երթուղին։ Իր դերն ունեցավ նաև Էրդողանի ու Ասադի հարաբերությունների վատթարացումը, որոնք մինչ այդ գտնվում էին բավական բարձր մակարդակի վրա։ 2011թ. սեպտեմբերի 26-ին CNN-ի հետ զրույցում Էրդողանը հայտարարեց, որ Ասադի հանդեպ շատ համբերատար է գտնվել, սակայն նա արդեն լցրել է իր համբերության բաժակը: Ապա եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը գրեց, որ Ասադից Էրդողանի հիասթափվելու պատճառն ամենևին էլ նրա կողմից ժողովրդավարական բարեփոխումների խափանումը չէ. «Հունիսին Էրդողանն Ասադին առաջարկել է Սիրիայում հակակառավարական ելույթների դադարեցման հարցում իր աջակցությունը, եթե Ասադը սիրիական կառավարությունում 3-4 նախարարական պորտֆելներ հատկացնի Սիրիայում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը: Սակայն Ասադը կտրուկ մերժել է Էրդողանի այդ առաջարկը` ընդգծելով, որ քաղաքական կուսակցության տեսքով իսլամիստների վերադարձը բացառվում է, քանի որ նրանց կրոնական բնույթը չի համապատասխանում Սիրիայի աշխարհիկ բնույթին։ Թուրքիան հանդես է գալիս «Մուսուլման եղբայրների» օգտին, որը Սիրիայի համար նույնն է, ինչ Թուրքիայի համար Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK)»: Էրդողանը նաև գիտակցում էր, որ եթե Ասադի (ալավիական) վարչակարգը տապալվի և Սիրիայում իշխանության գա Թուրքիայի աջակցությունը վայելող (սուննի) ընդդիմությունը, ապա վերջինս մեծապես պարտական կլինի Թուրքիային, և արդյունքում Սիրիան կդառնա Թուրքիայից կախված երկիր։ Սակայն Էրդողանին ցայժմ չի հաջողվել հասնել Բ. Ասադի պաշտոնանկությանը։

Այդպիսով, «Արաբական գարնան» հետևանքով կտրուկ վատթարացան թուրք-սիրիական (Էրդողան-Ասադ) հարաբերությունները, խզվեցին դիվանագիտական հարաբերությունները։ Այս դեպքում նույնպես մենք տեսնում ենք, որ Թուրքիան ինքն է կանխամտածված գնացել Սիրիայի հետ հարաբերությունների սրացմանը, ինքն է եղել նախաձեռնող կողմը։ Թուրքիան այդպիսով փչացրեց իր հարաբերություններն արաբական աշխարհի կարկառուն ներկայացուցիչների՝ Եգիպտոսի ու Սիրիայի հետ հարաբերությունները, և տվյալ իրավիճակը պահպանվում է ցայսօր։ Էրդողանն այնքան շատ և այնքան սուր է քննադատել Սիրիայի ու Եգիպտոսի նախագահներին, որ նրա համար շատ դժվար կլինի նրանց հետո հարաբերությունները կարգավորելը։ Հավելենք, որ սիրիական զարգացումների պատճառով Թուրքիան սկսեց բավական լուրջ խնդիրներ ունենալ Իրանի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի հետ։

 ՄԻՋՆՈՐԴ ԵՐԿՐԻՑ ՄԻՋՆՈՐԴԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐ

2000-ականներին Թուրքիան տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս իրականացնում էր միջնորդական լայն առաքելություն։ Ակնհայտ էր, որ տարածաշրջանային գերտերության դերին հավակնող Թուրքիայի համար գնալով ավելի կդժվարանար տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ չեզոքություն պահպանելը, ինչն էլ բացասաբար կանդրադառնար նրա միջնորդական հնարավորությունների վրա։ Օրինակ, Իսրայելի հետ հարաբերությունները փչացնելու պատճառով Թուրքիան զրկվեց Իսրայելի և Պաղեստինի, Իսրայելի և Սիրիայի միջև միջնորդական առաքելությամբ հանդես գալու հնարավորությունից: Դեռևս 2012թ. նոյեմբերին The New York Times-ը գրեց, որ Թուրքիան մնաց Եգիպտոսի ստվերում՝ նկատի ունենալով, որ Եգիպտոսը (Մ․ Մուրսին) միջնորդի դերում հանդես եկավ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև, մինչդեռ Թուրքիան զրկված էր նման հնարավորությունից: Ինչպես նշվեց, 2010-ականներին Թուրքիան վատթարացրել էր հարաբերությունները ոչ միայն Իսրայելի, այլև՝ Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի հետ, ինչը նրան գրեթե ամբողջովին զրկեց Մերձավոր Արևելքում միջնորդական առաքելությունից։ Թուրքիան չարդարացրեց փորձագետների այն կանխատեսումները, որ նա կարող է միջնորդություն իրականացնել Եմենի հակամարտությունում։

2010-ականներին Թուրքիան թեև ստանում էր միջնորդական առաքելություն իրականացնելու հրավերներ (կարող ենք հիշատակել այն, որ 2014թ. սեպտեմբերին Մոլդովան Թուրքիային առաջարկեց միջնորդ լինել Գագաուզիայի հետ տարվող բանակցություններում), նա իր վարած արտաքին կոշտ քաղաքականության հետևանքով սկսեց ոչ միայն կորցնել միջնորդական այդ դաշտը, ինչը բավական նվազեցրեց Թուրքիայի պահանջարկը տարածաշրջանում և ոչ միայն, այլև՝ ինքը սկսեց կարիք զգալ միջնորդների։ Օրինակ, Թուրքիայի ու Իսրայելի փոխհարաբերությունների կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնեց ԱՄՆ-ը (Բ. Օբամայի ճնշման ներքո 2013թ. մարտին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց ունեցավ Էրդողանի հետ և ներողություն խնդրեց «Մավի Մարմարայի» միջադեպի համար)։ Թուրքիան միջնորդների կարիք ունի նաև թերևս Եգիպտոսի հարցում, նման դերում կարող են հանդես գալ ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և անգամ Քուվեյթը։ 2017թ. մայիսին Մեծ Բրիտանիայում հրատարակվող «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» թերթը գրեց, որ Քուվեյթը կարող է միջնորդ դառնալ Թուրքիայի ու Եգիպտոսի միջև։ 2013թ. մայիսին Անկարայում Իրանի դեսպան Ալի Ռեզա Բիկդելին հայտարարեց, որ պատրաստ է միջնորդ դառնալ Թուրքիայի ու Սիրիայի միջև։ 2016թ. հոկտեմբերին Իրանի փոխարտգործնախարար Էբրահիմ Ռահիմպուրը հայտարարեց, որ Իրանը պատրաստ է նպաստել Թուրքիայի ու Իրաքի միջև լարվածության նվազեցմանը, որն առաջացել է Թուրքիայի կողմից Բաշիքայի ճամբարում (Մոսուլի մոտ) տանկային գումարտակ տեղակայելու պատճառով (2017թ. սեպտեմբերին Իրանն իր միջնորդությունն առաջարկեց Բաղդադին ու Էրբիլին՝ կապված ՀԻՔԻ-ում անկախության հանրաքվեի անցկացումից հետո կողմերի միջև ծագած լարվածության հետ)։ Անգամ ՀԻՔԻ-ի կառավարությունն է Անկարային միջնորդություն առաջարկել՝ կարգավորելու համար Բաղդադի հետ հարաբերությունները։

Վերջին շրջանում Թուրքիայի ու Սիրիայի միջև միջնորդի դերում կարող են հանդես գալ նույն Իրանը կամ ՌԴ-ը, որոնց հետ Թուրքիան տակտիկական դաշինքի մեջ է մտել։ Ի դեպ, 2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական SU-24M ռմբակոծիչի ոչնչացումից հետո Թուրքիան զգացել է միջնորդների կարիք՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Ինչպես քանիցս հայտարարել է Էրդողանը, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստել են Ղազախստանի ու Ադրբեջանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Իլհամ Ալիևը (ԶԼՄ-ներում շոշափվել է նաև Բ. Նեթանյահուի անունը)։

Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե Թուրքիան հրաժարվել է իր միջնորդությունը ներկայացնելու փորձերից։ Վերջին օրինակներից մեկն առնչվում է Արցախյան հակամարտության կարգավորմանը։ Թուրքիան վերջին շրջանում հիշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և չնայած դրան՝ անգործության է մատնված։ Թուրքիան շարունակ փորձում է միջնորդություն իրականացնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, բայց քանի որ նա միակողմանի աջակցում է Ադրբեջանին, ուստիև հայկական կողմի համար չի կարող ընկալվել որպես չեզոք երկիր և հետևաբար՝ միջնորդ (ինքնաթիռային միջադեպից հետո ՌԴ-ը հայտարարեց, որ Արցախյան հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշումը միակողմանի է, սակայն հարաբերությունների կարգավորումից հետո ՌԴ-ը փոխեց դիրքորոշումը՝ նշելով, թե Թուրքիայի միջնորդական ջանքերը կարող են օգտակար լինել)։

2017թ. մայիսին Էրդողանն այցելեց Հնդկաստան, առաջարկեց Թուրքիայի միջնորդությունը Քաշմիրի խնդրի շուրջ՝ ընդգծելով, որ Թուրքիան Քաշմիրի հարցով լավ հարաբերություններ ունի թե՛ Հնդկաստանի, թե՛ Պակիստանի հետ։ Սակայն Հնդկաստանի ԱԳՆ-ի խոսնակ Գոլալ Բագլայը հայտարարեց, որ Քաշմիրի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի համապատասխանում Հնդկաստանի դիրքորոշմանը՝ հավելելով, որ Քաշմիրում տեղի ունեցածն իրենք անվանում են տեռոր, ինչի մասին իրազեկվել է Էրդողանը։ Ստացվում է, որ հնդկական կողմը Թուրքիային մեղադրում է Քաշմիրի հարցում չեզոք դիրքորոշում չունենալու համար, և դա պատահական չէր։ Հիշեցնենք, որ Հնդկաստան այցելելուց առաջ Էրդողանը հնդկական WION հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել էր, որ Քաշմիրի ու քրդերի հարցերը տարբեր բաներ են. «Ասում են, թե այդ երկու հարցերը նման են միմյանց, սակայն դա այդպես չէ։ Այսօր Թուրքիայում մենք խնդիր չունենք մեր քուրդ քաղաքացիների հետ, դա պետք է նկատի ունենալ և չշփոթել նրա հետ, որ մենք ունենք ահաբեկչության խնդիր։ Այսինքն, այդ պլանում այն նման չէ Քաշմիրի հարցին։ Այնտեղ (Քաշմիրում) տարածքային հարց է և այլ խնդիրներ։ PKK-ն ասում է, թե գործում է քրդերի անունից, սակայն Քաշմիրի դեպքում չկա նման բան։ Քաշմիրի դեպքում կա Պակիստան պետություն։ Անհրաժեշտ է տարբերակել այս ամենը»։

Ամփոփելով այս բաժինը՝ նշենք, որ 2010-ականներին զգալիորեն սահմանափակվեց Թուրքիայի միջնորդական առաքելությունների շրջանակը՝ կապված արտաքին քաղաքականության կոշտացման հետ: Եվ թեև ընթացիկ տասնամյակում շարունակվեցին  Թուրքիայի կողմից սեփական միջնորդությունն առաջարկելու, ինչպես նաև այլ երկրների կողմից միջնորդական խնդրանքով Թուրքիային դիմելու դեպքերը, այնուամենայնիվ, դրանք զգալիորեն քչացան։ Արդյունքում, ավելի շատ այլ երկրներն էին Թուրքիայի համար միջնորդություն իրականացնում, քան Թուրքիան՝ այլ երկրների համար։

ԱՄՓՈՓՈՒՄ

 Այսպիսով, եթե 2000-ականներին Թուրքիան բարելավում, զարգացնում էր հարաբերությունները հարևան և շրջակա երկրների հետ, 2010-ականներին հիմնականում տեղի ունեցավ հակառակը. Թուրքիան վերածվեց խնդրահարույց հարևանի, որի պատճառներն են Թուրքիայի նեոօսմանյան, դավանաբանական (սուննի) հենքի վրա քաղաքականությունը, տարածաշրջանային գերտերության ու իսլամական աշխարհի առաջնորդի վերածվելու ձգտումները, տարածաշրջանային զարգացումները։ Ինչպես արդեն նշվեց, ընթացիկ տասնամյակի սկզբում Թուրքիան մեծապես վատթարացրեց հարաբերություններն Իսրայելի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի հետ, ապա լուրջ խնդիրներ ունեցավ (ունի) ՌԴ-ի, Իրանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի (այդ թվում նաև նրա առանձին անդամների), նաև ՀԻՔԻ-ի հետ, ինչին պետք է հավելել Հունաստանի ու Կիպրոսի հետ «ավանդական վատ» հարաբերությունները։

2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը (ՌՀՓ) մեծապես ազդեց Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, և տպավորություն է ստեղծվում, որ ՌՀՓ-ից հետո Թուրքիան չունի արտաքին քաղաքական հստակ ռազմավարություն և վարում է «իրավիճակային քաղաքականություն». այս կամ այն երկրի հետ հարաբերությունները կառուցում է՝ կախված այդ երկրի քայլերից, օրինակ, եթե ԱՄՆ-ը համաձայնվի Ֆ. Գյուլենին, այժմ նաև գործարար Ռեզա Զարաբին արտահանձնել Թուրքիային, կամ էլ եթե դադարեցնի Սիրիայի քրդերին ռազմական աջակցությունը, եթե ՌԴ-ն համաձայնվի Թուրքիային տրամադրել S-400 զենիթահրթիռային համալիրների արտադրման տեխնոլոգիաները կամ էլ ընդառաջել Սիրիայում թուրքական պլաններին, եթե ԵՄ-ը համաձայնվի թուրքական պայմաններով (առանց իր հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելու) վիզային ռեժիմը վերացնելուն և այլն։ Եվ թեև ՌՀՓ-ից հետո Թուրքիան, ինչպես արդեն նշվեց, սկսել է ժամանակավորապես մերձենալ ՌԴ-ի ու Իրանի հետ, սակայն այդ մերձեցումն արդեն իսկ սկսել է լուրջ ճաքեր տալ, որը գնալով է՛լ ավելի կխորանա (մերձեցումից առաջ նույնպես Թուրքիան Սիրիայի հարցում լուրջ խնդիրներ է ունեցել ՌԴ-ի ու Իրանի հետ)։ Նույնը կարելի է ասել ՀԻՔԻ-ի անկախության հանրաքվեի ֆոնին Թուրքիայի ու Իրաքի տակտիկական դաշինքի մասին (դրանից առաջ Իրաքը պահանջում էր, որ Թուրքիան դուրս բերի զորքը երկրից, դադարեցնի երկրի հյուսիսի (PKK-ի դիրքերը) ռմբակոծությունները և փոխարենը PKK-ի դիրքերին ավիահարվածներ հասցնել Թուրքիայի ներսում)։ Ակնկալում ենք, որ 2018թ. Էրդողանը զգալիորեն կմեղմի Արևմուտքի հանդեպ դիրքորոշումը, որը կարող է սահմանափակումներ, պատժամիջոցներ, լուրջ ճնշումներ ու լծակներ կիրառել Թուրքիայի հանդեպ, ինչը 2019թ. երեք կարևոր ընտրություններից առաջ էապես կազդի Թուրքիայի տնտեսական դրության վրա, լրջորեն կսասանի Էրդողանի տնտեսական հիմքը, որը նրա համար մշտապես հաղթաթուղթ է ծառայել անցած ընտրություններում և ընդհանրապես։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031