Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքերը փակելու փոխարեն ԵԽ-ն պետք է կոչ անի Թուրքիային դադարեցնել Սիրիայում ռազմական միջամտությունը. թուրք պատվիրակ

Հունվար 25,2018 16:34

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում վեհաժողովը քննարկում կազմակերպեց «Թուրքիայի ռազմական միջամտությունը Սիրիայում» թեմայով:

Քննարկման արդյունքում որևէ բանաձև կամ հայտարարություն չընդունվեց, բայց բավականին սուր քննադատություն հնչեց Թուրքիայի հասցեին:

Զեկուցողը՝ նիդերլանդցի պատվիրակ Թինի Քոքսն իր ելույթն այսպես սկսեց. «Երբ ձեզանից շատերը Ստրասբուրգի ճանապարհին էին, նախագահ Էրդողանն իր զինված ուժերին հրաման տվեց ռազմական միջամտություն կիրառել Սիրիայում: Անցյալ հանգստյան օրերին սիրիական կողմը սկսեց ռմբակոծել քրդաբնակ Աֆին քաղաքը: Այնուհետև թուրքական զորքերն անցան թուրք-սիրիական սահմանը»:

Պարոն Քոքսը հայտարարեց, թե այսքանից հետո Վեհաժողովն իրավունք չունի աչք փակելու Թուրքիայի գործողությունների վրա: Նա ահազանգեց. «Թուրքիայի ռազմական միջամտությամբ մենք թևակոխում ենք սիրիական պատերազմի նոր փուլ»:

ԵԽԽՎ պատվիրակը հայտարարեց՝ պետք է քայլեր ձեռնարկել և մասնավորապես ասաց. «Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, ինչպես դա արեցինք նախկինում: Նախ պետք է կոչ անել Թուրքիայի իշխանություններին դադարեցնել ռազմական միջամտությունը Սիրիայում և հարգել ՄԱԿ-ի կողմից ընդունված դրույթներն և փորձել իրավիճակի հանգուցալուծման համար գտնել քաղաքական ճանապարհներ»:

Ըստ Թինի Քոքսի՝ ԵԽ նախարարների կոմիտեն և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է օգտագործեն իրենց բոլոր լիազորությունները Թուրքիային ստիպելու հարգել ընդունված սկզբունքներն ու կատարել հանձնառությունները:

ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան հայտարարեց, թե ինքը եղել է թուրք-սիրիական սահմանին և տեսել, թե Թուրքիան ինչպես է հոգ տանում իր քաղաքացիների անվտանգության համար: Այնուհետև եզրափակեց. «Հույս ունեմ, որ Թուրքիայի գործողությունները խաղաղություն և կայունություն կբերեն Հյուսիսային Սիրիային, և տարածաշրջանում էլ երբեք մարդիկ ահաբեկչության զոհ չեն դառնա»:

Էստոնացի պատվիրակ Մարիանե Միկկոն մտահոգություն հայտնեց, որ Թուրքիան իր գործողություններով Սիրիայում հումանիտար ճգնաժամի պատճառ է դառնում:

Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն ի պաշտպանություն Թուրքիայի հայտարարեց, թե Թուրքիան իր առաջ նպատակ է դրել մաքրելու տարածաշրջանը:

Սիրիայի հարցով Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ քննադատական ելույթներով հանդես եկան որոշ թուրք պատվիրակներ:

Թուրքիայի պատվիրակության անդամ Էրտուգրալ Կուրկչուն հայտարարեց՝ ժամանակն է, որ ԵԽԽՎ-ն ավելի խորությամբ ուսումնասիրի հարցը և փոխանակ աչքերը փակելու փորձի լուծման ուղիներ հուշել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031