Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը անդրադարձավ Հայաստանում տնտեսական-քաղաքական իրավիճակին:
Խոսելով 2017 թվականի Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին՝ բանախոսն ասաց. «Մեր տնտեսական իրավիճակը 2017 թվականին ընդհանուր առմամբ լավագույններից չէր՝ պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներով: Իմ կարծիքով, առաջինը եղել եւ մնում է կառավարման համակարգը: Իշխանության, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների կողմից շեշտվում է, որ այն արմատական փոփոխությունների կարիք ունի: Եվ դա առաջին հերթին դրսեւորվում է տնտեսական զարգացման կտրվածքով: 2017 թվականին մենք տեսանք, որ ունենք դժվարություններ առաջին հերթին սոցիալական բնույթի: Դա արտահայտվում է նրանով, որ մենք չկարողացանք նպաստել կենսաթոշակների, նպաստների աշխատավարձի էական բարձրացմանը գնաճի պայմաններում: Իսկ գնաճի ուժգնությունը ավելի ցցունացավ, ինչի մասին մենք ռեալ գիտեինք դեռեւս 2017 թվականի սկզբից, քանի որ հարկային օրենսգիրքը պետք է գործել սկսեր 2018 թ. հունվարի 1-ից, ինչպես նաեւ ԵՏՄ մաքսային օրենսգիրքը պետք է գործի դրվեր, ինչը պետք է հանգեցներ գների փոփոխության՝ աճի ուղղությամբ: Դա ՀՀ բնակչության պաշտոնապես ամրագրված գրեթե մեկ միլիոն աղքատության պայմաններում, որն իրականում ավելի շատ է, կունենա խիստ բացասական ազդեցություն: Մեծ առումով անցած տարին մեզանում նկատելի հաջողություններ չգրանցեց: Այդուհանդերձ, մտածում եմ, որ 2018 թվականը գոնե որոշում կայացնողների, իշխողների բարձրաձայնումներով, կլինի նախադրյալների ստեղծման տարի:
Ինքս դժվարանում եմ այս ուղղությամբ կառավարության կատարած քայլերը լավատեսական կանխատեսումների առումով դրական գնահատել, քանի որ ընդհանրապես տնտեսական զարգացման համար կառավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի ներդրումային քաղաքականության ակտիվացումը, արդյունավետության բարձրացումը:
Մենք, ցավոք, 2017 թվականին չկարողացանք ունենալ այդպիսի հաջողություն: Հայաստանի Հանրապետությունը ներդրումների առումով շարունակում է մնալ ոչ գրավիչ: Չեն ստեղծվում աշխատատեղեր, չեն բարձրացվում եկամուտները՝ դրանք չեն նպաստում բարեկեցության բարձրացմանը: Իսկ ցանկացած երկրի արդյունավետություն չափագրվում ու գնահատվում է միայն տվյալ հասարակության բարեկեցության բարձրացումով: Թեկուզ փոքր: Այնպես որ, պետք է ասել, որ կառավարության ջանքերն այս ուղղությամբ գրեթե զրոյական են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ