Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթն իբրեւ հայկական մամուլ, առանձնահատուկ խնդիրներ չունի: «Արմենպրես» մամուլի սրահում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը ցավ հայտնեց Թուրքիայում առհասարակ խոսքի ազատության եւ մամուլի դեմ ոտնձգությունների մասով: Ասաց նաեւ, որ թուրքական կառավարությունից որոշ լրատվամիջոցներ, այդ թվում` նաեւ «Ժամանակը», օժանդակություն է ստանում. այն շատ չէ, բայց փաստն արդեն ոգեւորիչ է:
Մանրամասները`տեսանյութում
«Ժամանակ» օրաթերթը արտերկրում տպագրվող հայերեն ամենահին թերթն է, հրատարակվում է 1908 թվականից: Հայաստանում թերթի 110-ամյակը նշվելու է վաղը: Թերթի խմբագիրն ասում է`մեկ դարից ավելի պատմություն ունեցող «Ժամանակ»-ն ականատես է եղել պատմական կարեւորագույն իրադարձությունների, վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Թերթի շատ հեղինակներ զոհ են գնացել թուրքական պետության ոճրագործությանը:
Թերթն այսօր ունի 1000-1500 տպաքանակ, մինչդեռ հիմնադրման օրերին թերթը լույս էր տեսնում 15 հազար օրինակով: Արա Գոչունյանն ասում է`իրենք ավանդույթները պահպանել են եւ փորձում են ժառանգության վրա ինչ-որ նոր բան ավելացնել: Ժամանակ առ ժամանակ թերթը տպագրվել, սակայն ներկայումս փակվելու վտանգի առջեւ կանգնած չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ