Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը մեղադրվում է Նորիկ Հակոբյանից խոշոր չափի կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ:
Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպաններից փաստաբան Վարդուհի Էլբակյանը նիստի մեկնարկին դատավոր Վաչե Մարգարյանին տեղեկացրեց՝ Բարսեղյանը ենթարկվել է գլխի եւ անոթային հետազոտության. «Բժիշկը տեղեկացրեց, որ ըստ հետազոտությունների տվյալների՝ նա գլխուղեղի կաթված է տարել, որը յուրաքանչյուր պահի հնարավոր է՝ կրկնվի: Նրա կյանքին վտանգ է սպառնում»:
Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ Իշխան Բարսեղյանի վահանաձեւ գեղձում հայտնաբերվել են մի քանի միլիմետրանոց կիստաներ, նա արյան շրջանառության անբավարարություն ունի. «Նրան անհապաղ անհրաժեշտ է ստացիոնար բուժում՝ մասնագիտացված բուժհաստատությունում»:
Իշխան Բարսեղյանը դատարանին հայտնեց, որ թուլություն ունի, ճնշումը բարձր է, անգամ խոսել է դժվարանում: Նա դժգոհեց, որ բարձր ճնշում ունի, մինչդեռ այդ վիճակում իրեն կալանավայրից տեղափոխել են դատարան: Նիստն ընդմիջվեց, որպեսզի Բարսեղյանի համար շտապօգնություն հրավիրվի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ