«Հայկական կողմը չի պատրաստվում որեւէ միակողմանի զիջման գնալ, թեկուզեւ իրատես ենք, լուսնից չենք իջել, հասկանում ենք ո՞ր պետությունն ինչքա՞ն ուժ ունի: Բայց դա իրավունք չի վերապահում որեւէ երկրի մեզ հետ նախապայմաններով խոսել»,- «Արմենպրես» մամուլի սրահում այսօր խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, նախօրեին, այդ մասին ԵԽԽՎ ամբիոնից խոսել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելի վաղ, ՄԱԿ-ի ամբիոնից նախագահը հայտարարել էր, որ 2018-ի գարուն Հայաստանը կթեւակոխի առանց այդ արձանագրությունների: «ՀՀ-ն բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է, տարածաշրջանային կայունության կողմնակից է: Հայ-թուրքական հարաբերություններում մենք չենք անի երբեք քայլ, որը հակասում է այն փաստաթղթին, որը ստորագրում էինք: Իսկ այդ փաստաթղթերը որեւէ նախապայման, որեւէ միակողմանի զիջում չէին պարունակում»,-հավելեց Էդուարդ Շարմազանովը` հիշեցնելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Թուրքիան սատարեց Ադրբեջանի ռազմական ագրեսիային:
Նույն սրահում, պատասխանելով նույն հարցին՝ Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանն էլ նախ հստակեցրեց. «ՀՀ նախագահին հարց տվող թուրք խորհրդարանական Թյուրուլ Թյուրքեշը մինչեւ վերջերս «Գորշ գայլեր» կուսակցությանն էր պատկանում, սակայն ավելի ուշ անցավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցություն, մի ընթացք զբաղեցրել է Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնը»: Թյուրուլ Թյուրքեշը «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի որդին է: Հիշեցնենք, նա առաջին թուրք գործիչն էր ով հանդիպել էր ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
«Երեւանի նախաձեռնությունը չի կարելի ստորադասել: Այս պահի դրությամբ Անկարայի եւ Երեւանի միջև հարաբերությունների բնականոնացման պահը հասունացած չէ, այդ բեկումնային պահից բավականի հեռու ենք»,- պատասխանեց Արա Գոչունյանը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ