Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում թեկնածության մասին:
Փոստանջյանը պատասխանեց. «Բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել ՀՀ թալանին, մենք, իհարկե, մերժում ենք, իսկ այդ անձը խառնված է Ամուլսարի գործարքին, կապ ունի այդ գործարքի հետ, բացի այդ, մեզ համար անհասկանալի է, թե այդ մարդն ինչպես է դարձել միլիոնատեր, նա նաեւ այլ գործառույթներով է զբաղվել, եղել է ՀՀ դեսպանը: Լինելով պետական պաշտոնյա՝ իրավունք չուներ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, այստեղ շատ հարցեր կան: Ինչպես է նա համատեղել դեսպանի գործունեությունը ձեռնարկատիրականի հետ: Այն Սահմանադրությունը, որն այսօր ուզում են կյանքի կոչել եւ քաղաքական կառուցվածք ձեւավորել, քաղաքական ինստիտուտներ ստեղծել, այդ Սահմանադրությունը մեզ համար ընդունելի չէ, չի գործում, բոլորիս է հայտնի, որ մենք չունենք Սահմանադրություն եւ այդ նշանակումները եւս ապօրինի են»:
Հարցին՝ իշխանափոխության օրակարգով փողոց դուրս գալու տեղը թափուր է, պատրաստվո՞ւմ եք լրացնել այդ տեղը՝ նա պատասխանեց. «Ես չեմ ասել, որ իշխանափոխության օրակարգ է մեզ պետք, մեզ անհրաժեշտ է համակարգային փոփոխություն, ոչ թե անձերի»: Ինչ վերաբերում է «Ելքի» նախաձեռնած երթին՝ թանկացումների դեմ՝ Փոստանջյանն ասաց. «Թանկացումները հետեւանքն են, ոչ թե բուն խնդիր, մենք պետք է վերացնենք բուն խնդիրը: Հետեւանքի դեմ պայքարը արդյունավետ չէ , չի կարող տալ այն պտուղները, որոնք ակնկալում ենք: Մեր ուժերը անիմաստ չենք վատնելու: Մենք ասում ենք, որ պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, մեր օրակարգը դա է, դրանով ենք մենք լցնելու փողոցները: Մենք ակնկալում ենք մեծ համազգային ընդվզում՝ բոլոր բնակավայրերում»:
Հարցին՝ Դուք ե՞րբ եք հասկանալու, որ ձախողված է ձեր ծրագիրը՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մենք երբեք չենք հասկանալու: Եթե ձախողված լինեինք, մեզնից այսքան չէին վախենա եւ ամեն տեղ չեն բողոքի մեզանից: Մեր ծրագիրը լուրջ ծրագիր է, մեր պետության իրական հզորացմանն ուղղված ծրագիր է, մենք հավատում ենք մեր ծրագրի իրականացմանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ