Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը Վրաստանից պահանջում է վնասի հատուցում եւ ներողություն՝ իրեն պատճառված վնասի համար

Հունվար 25,2018 14:38

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հրավիրած ասուլիսում խոսեց Վրաստան իր մուտքն արգելելու մասին:

Նա դիմում-բողոք է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին, ՀՀ արտգործնախարարությանը եւ պաշտոնատար այլ անձանց՝ պահանջելով պարզաբանումներ:

Նա ասաց, որ մտադիր էին այնտեղ «դժոխքի երաժշտության մասին» պաստառը ցուցադրել, բաժանել խորհրդանշական լույսեր, որոնք նվեր են ստացել ԱՄՆ-ից, բաժանել թռուցիկներ, բայց վրացական անցակետում 15 հոգանոց իրենց խմբից բոլորին թույլ տվեցին անցնել, բացի իրենից. «Այս իրերը նույնիսկ չեն հասցրել ստուգել, այս իրերը, թռուցիկները ավտոբուսում էին, ինձ արգելեցին, ասեցին դուք մի կողմ կանգնեք, ինձ տրամադրեցին գրություն, որի մեջ հայերեն ոչ մի նշում չկա, միայն անգլերեն է եւ վրացերեն, ասացի, որ ինձ իմ մայրենի լեզվով գրություն տրամադրեք: Ասացին՝ իրավասություն չունենք, չենք կարող: Ասացի, որ նկարելու եմ, ասացին՝ անհոգ եղեք, այստեղ ամեն ինչ տեսագրվում եւ ձայնագրվում է»:

Գրության տակ վրաց սահմանապահները ներկայացրել են, թե երբ կարող են մարդու մուտքը արգելել Վրաստանի հանրապետություն. «Մի վանդակում են միայն լրացրել, որտեղ նշված է՝ օրենքով նախատեսված այլ դեպքերում: Դեռ 93-ից մենք ունենք առանց վիզաների միմյանց տարածք մուտք գործելու համաձայնագիր, դա նշանակում է, որ լուրջ ինտեգրված հարաբերություններ ունես այդ երկրի հետ, եթե ունես նման համաձայնագիր: Արգելքները միայն օրենքով նախատեսված դեպքերում պետք է լինի, իսկ օրենքը օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մասին է, այնտեղ առանց վիզաների արտոնյալ պայմաններում գտնվող քաղաքացիների մասին որեւէ օրենք չտրամադրվեց…Այսպես կամայական հղում կատարելով՝ կարող են ասել՝ ձեր անուն-ազգանունը օրենքով արգելված է: Ես իրենց մեր նպատակը հայտնեցի, որ գնում ենք Ախալքալակի եկեղեցում պատարագին մասնակցել, հանդիպել մեր հայրենակիցների հետ»:

Փոստանջյանը պատմեց, որ վրաց սահմանապահին ասել է, որ մի քանի անգամ դուք փոխել եք ձեր նախագահին, վարչապետին, իսկ մենք չենք կարողանում փոխել տասնյակ տարիներ. «Շատ մտերմիկ զրույց էր, մարդիկ հասկանում էին, որ մենք ժողովրդավարություն ենք ցանկանում, դրա համար էլ ցանկանում ենք այցելել Վրաստան: Նրանք չցանկացան որեւէ պարզաբանում տրամադրել: Իմ հիմնարար իրավունքներն ու ազատությունները սահմանափակվում են եւ դա պետք է լինի միայն օրենքով սահմանված կարգով»:

Փոստանջյանն ասաց, որ դեռ 1999-ին Վրաստանը պարտավորություններ է ստանձնել Եվրոպայի խորհրդի շրջանակներում՝ վավերացնելով Եվրոպական կոնվենցիան:

ԵՄ-ի դրոշը երբ տեսնում ես Վրաստանի դրոշի կողքին, ակնկալում ես, որ պետք է այդ երկիրը լինի ժողովրդավար, բայց այս պահին Վրաստանը կոպտորեն խախտել է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Մեր հարցին՝ դուք ասել եք, որ այն, որ Վրաստան ձեր մուտքը արգելում են, մեր իշխանությունների մատն է խառը, մինչդեռ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում էր, որ Շիրակ Թորոսյանի հետ էլ եղել նման դեպք, կարող եք դիմել իրենց, կփորձեն պարզաբանում ստանալ եւ խնդրին լուծում տալ, պատրաստվո՞ւմ եք դիմել ՀՀԿ-ին՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Վահրամ Բաղդասարյանը իշխանություն չէ, ես նրան իշխանություն չեմ ճանաչում, որ նրան դիմեմ, ես պարզաբանում պահանջել եմ՝ ըստ ընթացակարգի: Ընթացակարգերը պետք է պահպանել, որ հասնես Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Ընթացակարգերը, որոնք նախատեսված են, ես գործածելու եմ եւ սպառելու եմ: Մենք չգիտենք, թե այլ օրենքով նախատեսված դեպքերը այդ ո՞ր դեպքերն են»:

Ըստ Փոստանջյանի, նրանք պատշաճ չեն պարզաբանել, դա չի կարող լինել վերացական մի դեպք, մարդուն բնութագրիչ պարագաները ներառել այդտեղ: Վրաստանը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներին համապատասխան պարտավոր է հարգել մարդու իրավունքները, ազատությունները. «Ես բազմաթիվ անգամ եմ եղել Վրաստանում, որեւէ խնդիր չի առաջացրել, քարոզարշավի շրջանակներում էլ եմ եղել: Վերջին անգամ եղել եմ նոյեմբերին, այն անգամ նման պաստառներ չունեինք, եւ այդքան մեծ թվով չէինք»:

Փոստանջյանն ասաց, որ Վրաստան մուտքի արգելքի պատճառով ինքը վնասներ է կրել. «Մենք ե՛ւ բարոյական վնաս ենք կրել, ե՛ւ ֆիզիկական, հիվանդացել ենք, այդ ցրտին մենք պետք է պահանջենք հատուցում՝ կրած վնասների համար: Մեզ համար պետք է պարզ լինի՝ այդ մարդիկ ինչու են արգելել մեր մուտքը Վրաստան: Հայերը Վրաստանում վրացական պետականության համար կարեւոր ազգ են: Պետք է տրամադրեն պարզաբանում եւ նաեւ ներողություն խնդրեն ինձանից՝ հատուցելով ինձ պատճառված վնասները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031