Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Լսումները միտինգի երկրորդ սերիա չեն կարող դառնալ» (Տեսանյութ)

Հունվար 25,2018 14:20

«Լսումները միտինգի երկրորդ սերիա չեն կարող դառնալ»,- «Արմենպրես» մամուլի սրահում այսօր պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակին հարցրել էինք`ինչո՞ւ թանկացումների թեմայով խորհրդարանական լսումներին գործարարներ չէին մասնակցում, արդյոք նրա համար, որ վստահ էին`իրենց ոչ ոք չի նեղելու: Ասաց`ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է բոլոր առաջարկությունները ու դրանց հիման վրա իր առաջարկությունները կներկայացնի կառավարությանը:

«Լսումների նպատակը չի եղել ընդդիմության ու իշխանության քաղաքական բախումը կազմակերպել պառլամենտում, մեր խնդիրն էր հանրության ու մասնագետների կարծիքը լսել, եւ մենք լսեցինք»,-ասաց նա: ԱԺ փոխխոսնակին նաեւ հարցրեցինք`ե՞րբ ականատես կլինեն «խոշոր ձկներին գլխից բռնելուն», ինչի մասին դեռ տարիներ առաջ, կառավարության նիստում հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`նկատելով, որ ԵԽԽՎ ամբիոնից էլ նախագահը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մեր ջանքերի մասին: Ասաց`արդեն լինում ենք:

Մանրամասները`տեսանյութում

Լրագրողներից մեկն էլ նկատեց`խոսքը մանր կոռուպցիայի մասին չէ, որի դեմ պայքար մղվում է, այլ ընտրական եւ խոշոր կոռուպցիայի մասին: Համենայնդեպս, քաղհասարակության ներկայացուցիչներն էլ են փաստում, որ ընտրական կամ խոշոր կոռուպցիայի դեմ պայքար չկա: Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց: Հիշեցրեց ընտրությունների վերաբերյալ եվրոպական կառույցների գնահատականները: Հիշեցրեց`իրենք էլ չեն ասում, թե ամեն ինչ լավ է, բայց առաջընթացն էլ հնարավոր չէ չտեսնել: Նաեւ ասաց`պառլամենտական համակարգում պետք է նվազագույնի հասցնեն այն սողանքները, որոնք կան օրենսդրական դաշտում:

Շարունակելով թանկացումների թեման, ԱԺ փոխնախագահը նաեւ ասաց, որ ՀՀԿ խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա՝ տրանսպորտի հետ կապված: Չմանրամասնեց, բայց վստահեցրեց`սակագինը չի բարձրանա: Նաեւ գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման հետ կապված էլ նախագահի առաջարկը հիշեցրեց: «Արհեստականորեն գների զսպումն ավելի վտանգավոր է, քան գնաճը, մեր խնդիրը չպիտի լինի արհեստականորեն զսպել գնաճը: Գնաճ կա բոլոր երկրներում, պետք է հասկանալ նաև՝ օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ այդ գնաճը, եթե կլինեն մեղավորներ, պետք է պատժվեն: Եվ ես այն կարծիքին չեմ, որ այդ ամբիոնը պետք է օգտագործել սոխ, սխտոր, խառը կանաչու մասին խոսելու համար, եթե այդպես լինի տեղական հավն էլ է էժանացել, մյուսն էլ»,- ասաց նա:

Նկատեցինք`իշխանությունը խոսում է տնտեսական աշխուժացման մասին, արդյոք հարկային բեռը ավելացնելով նպաստավոր պայման ենք ստեղծում տնտեսական աշխուժության համար: Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Սովետական միություն չի, որ պոլիտբյուրոն որոշի`կարտոֆիլն այսքան է արժենալու, սոխն`այսքան»:

Մանրամասները`տեսանյութում

«Այսօր մեր ընդդիմադիր գործընկերները հնարք են անում, երբ ինչ-որ ցուցանիշով Հայաստանը զիջում է իր գործընկերին, ասում են, հիշում են, բայց երբ ասում ենք, որ 2.6 է գնաճը, իսկ մյուս երկրներում ավելի շատ է, ԱՊՀ-ում ամենաքիչ գնաճն ունի Հայաստանը, ասում են՝ է, ինձ հետաքրքիր է՞ բա դա, բա այ ախպեր ջան ո՞նց է լինում այդպես: Հայաստանն իզոլացված չի ապրում, որ միջազգային բացասական տենդենցները մեզ վրա չազդեն»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Ի դեպ, Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց. «Օրենքներն են մարդու համար, ոչ թե մարդը՝ օրենքի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031