«Ընդհանուր առմամբ Հայաստանի դեմ գանգատների թիվն աճել է»,- Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) շենքում կազմակերպված ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդին:
Ըստ ՄԻԵԴ-ի ներկայացրած տարեկան վիճակագրության՝ 2017-ի դրությամբ Հայաստանի դեմ գանգատների թիվը 1819 է, իսկ ընդհանրապես ՄԻԵԴ-ում այժմ կա ներկայացված 56 հազար 250 գանգատ բոլոր անդամ պետությունների կողմից: Ադրբեջանի դեմ գանգատների թիվը 2050 է, Թուրքիայի դեմ գանգատների թիվը՝ 7500: Եվրոպական դատարանի ներկայացրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2015-2016-ի համեմատ 2017-ին աճել են ՀՀ-ի դեմ ներկայացված հատկապես այն գանգատների թիվը, որոնք ուղղված են ՀՀ կառավարությանը: Օրինակ՝ 2015-ին ՄԻԵԴ ՀՀ կառավարության հետ կապված ներկայացվել է 25, 2016-ին 41 և 2017-ին 44 գանգատ: 2017-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ՀՀ-ի դեմ ներկայացված 12 գանգատի դեպքում, 2016-ին վճիռների թիվն ավելին է եղել՝ 16:
Aravot.am-ը պարոն Ռայմոնդիից հետաքրքրվեց՝ ընդհանուր առմամբ Հայաստանի հետ կապված պատկերն ինչպիսի՞ն է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ աճել է կառավարության դեմ գանգատների թիվը: ՄԻԵԴ նախագահը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ Հայաստանի դեմ գանգատների թիվն աճել է: Սակայն կարծում եմ, որ այս իրավիճակը կապված է նաև Ղարաբաղյան հակամարտության գործընթացի ներկայիս իրավիճակով»:
Հետաքրքրվեցինք՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունվարի 24-ին կայացած հանդիպումն արդյունավե՞տ էր, արդյոք նկատե՞ց ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական կամք լուծելու այն խնդիրները, որ կան Հայաստանում: Պարոն Ռայմոնդին չցանկացավ հանդիպման մանրամասներ հրապարակել, միայն փոխանցեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել կատարել ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, և այդ հանձնառություններն ի կատար են ածվում:
Հիշեցմանը՝ Ադրբեջանը 3 տարուց ավելի է հրաժարվում է կատարել ՄԻԵԴ վճիռը «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով, ուստի ՄԻԵԴ-ն ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնել Ադրբեջանին պատժելու առումով, պարոն Ռայմոնդին պատասխանեց. «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է կայացրել և դիմել ՄԻԵԴ: Այժմ հարցը քննարկվում է ՄԻԵԴ Մեծ պալատում: Ժամանակի հարց է: Իրականում ՄԻԵԴ վճիռների չկատարումը լուրջ խնդիր է, և այդպիսով Ադրբեջանը վնասում է անդամ պետությունների վարկանիշին: Սովորաբար ՄԻԵԴ վճիռները կատարվում են և այս առումով Մամեդովի գործը առանձնահատուկ բացառություն է: Ավելին՝ այս գործով Եվրոպական դատարանը երկու վճիռ է կայացրել և երկուսն էլ չեն կատարվել Ադրբեջանի կողմից»:
Նշենք, որ ասուլիսի ընթացքում լուրջ մտահոգություններ հնչեցին նաև Թուրքիայում լրագրողների ազատազրկումների հետ կապված, ինչը ըստ ՄԻԵԴ նախագահի՝ Եվրոպական դատարանի ուշադրության կենտրոնում է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ