Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) նույնպես իր մասնակցությունն է ցուցաբերում «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ զինծառայողների վերականգնողական կենտրոնի բացման աշխատանքներին։ ՀԵՀ կողմից հատկացված միջոցներով զինծառայողների վերականգնողական կենտրոնի համար ձեռք կբերվեն բժշկական ֆունկցիոնալ մահճակալներ։
Նշենք նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 2018թ. շարունակում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար իրականացվող ծրագրերը։ Այս տարի նույնպես հիմնադրամն ամենամսյա կրթաթոշակներ կտրամադրի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի աղջիկ կուրսանտներին, կշարունակի զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցությունը, զորամասերի համալրումը համակարգչային տեխնիկայով, այլ պարագաներով։ Ի դեպ, այս օրերին Երիտասարդական հիմնադրամում ընդունվում են հայտեր 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն