2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի գործով հերթական դատական նիստն այսօր սկսվեց դատավորի եւ փաստաբանների միջեւ անհամաձայնությամբ, ինչպես եւ նախորդը: Այս անգամ ամբաստանյալներից Մանվել Աթոյանի համար դատավոր Արտուշ Գաբրիելյանը հանրային պաշտպանի էր հրավիրել, քանի որ նախորդ նիստում Աթոյանը հրաժարվել էր պաշտպանից եւ սանկցիայի ենթարկվել՝ նիստերի դահլիճից հեռացման տեսքով: Այսօր էլ Աթոյանը պնդեց՝ օգտվելու է ոչ թե հանրային պաշտպանի, այլ իր պայմանագրային պաշտպանի՝ Արա Ղարագյոզյանի ծառայություններից, ինչպես եւ նախկինում: «Անձը հրաժարվում է հանրային պաշտպան ունենալ, նա իրավունք ունի որոշել՝ ո՞ր պաշտպանի ծառայություններից օգտվել, իսկ դուք ինձ եք ներգրավում: Սա պաշտպանական իրավունքի խախտում է»,-հայտարարեց հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը եւ միջնորդեց դադարեցնել իր լիազորությունները:
Մյուս՝ պայմանագրային պաշտպանները միացան նրա միջնորդությանը: Փաստաբանների եւ դատավոր Արտուշ Գաբրիելյանի բանավեճը մոտ երկու ժամ տեւեց: Ի վերջո, դատավորը որոշեց մերժել Անուշ Մխիթարյանի միջնորդությունը եւ նրան թողնել գործի վարույթում՝ որպես ամբաստանյալ Մանվել Աթոյանի հանրային պաշտպան:
Հիշեցնենք՝ «ծռերի» գործով երեք դատավորներն էլ, չնայած պայմանագրային պաշտպանների առկայությանը, հանրային պաշտպաններ նշանակեցին այն բանից հետո, երբ ամբաստանյալներն ի աջակցություն Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելու պահանջի, բոյկոտեցին նիստերը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ