«Ի՞նչ է նշանակում դրսից է: Նա դրսից չէ: Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն է, նախկինում վարչապետ էր: Եթե նկատի ունեք կառավարման համակարգից`համակարգից է»,-«Արմենպրես» մամուլի սրահում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում կարեւոր պաշտոնների համար իշխող ՀՀԿ-ն մարդիկ չառաջադրեց, այլ դրսից բերեց:
«Նա այն եզակի գործիչներից է, ով երեք մեր նախագահների կողմից նշանակվել է դեսպան: Խոսել նրա մասին, որ նա դրսից բերված մարդ է, արդարացի չէ: Արմեն Սարգսյանն իր քաղաքական ու գիտական կենսագրությամբ արժանի է լինել ՀՀ նախագահ, առաջ չընկնենք, որովհետեւ նա դեռ պետք է համաձայնի»,-շարունակեց բանախոսը:
Թե ինչո՞ւ թեկնածուն ՀՀԿ-ից չէ, Էդուարդ Շարմազանովը հստակեցնում է` Սահմանադրության պահանջն է, նոր նախագահը անկուսակցական պիտի լինի: Նկատենք, սակայն, որ Սահմանադրությամբ ամրագրված է`պաշտոնավարման ընթացքում պետք է անկուսակցական լինի:
Քաղտեխնոլոգները գնահատականներ էին հնչեցրել`ՀՀԿ-ն բերում է այնպիսի մարդիկ, օրինակ, նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, ովքեր «համակարգի ծնունդ չեն»: «Ի՞նչ է նշանակում համակարգի ծնունդ: Ես համակարգի՞ ծնունդ եմ: Կարեն Կարապետյանը եղել է նաև Էներգետիկայի նախարարի տեղակալ, Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակի ներկայացուցիչ, բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, ո՞վ է մեր թիմի անդամ: Ես դա չեմ հասկանում: Ի՞նչ է նշանակում՝ ՀՀԿ-ն համակարգից դուրս է մարդ բերում: Եթե Միացյալ Թագավորությունում արտակարգ եւ լիազոր դեսպանը, ՀՀ նախկին վարչապետը պետական համակարգի ներկայացուցիչ չէ, բա լավ, ո՞վ է պետական համակարգի ներկայացուցիչ»,- եղավ պատասխանը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ