Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Խնդիրն ադրբեջանական ղեկավարության ուղեղներում է» (Տեսանյութ)

Հունվար 25,2018 13:17

«Արցախի խնդիրն ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության պայքար է, տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ուստի այն չի կարող չպսակվել հաջողությամբ»,- «Արմենպրես» մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ելույթի`Արցախի մասին հնչեցրած թեզերին: Ասում է` սումգայիթյան ջարդերի նախօրեին շատ կարեւոր է խոսել այդ ջարդերի մասին եւ ինչպես նախագահն ասաց` ցեղասպանության ժամանակ անթույլատրելի է հավասարության նշան դնել դահիճի ու զոհի միջեւ, այստեղ եւս անթույլատրելի է այդ հավասարության նշանը դնել:

«Հայկական կողմը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է, պարոն Մակրոնն էլ նշեց՝ խնդիրը պետք է լուծվի բացառապես քաղաքական ու փոխզիջումների ճանապարհով, ու դրան պետք է հաջորդեն կոնկրետ քայլերը»,-ասաց նա`հավելելով, որ դրանք Ժնեւի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումն է, որը տորպեդահարում է Ադրբեջանը:

Անդրադառնալով գիշերն Ադրբեջանի կողմից իրականացրած հերթական դիվերսիային, բանախոսը նկատեց, որ գրեթե ցանկացած լուրջ միջազգային իրադարձությունից հետո Ադրբեջանը պատասխանում է սադրանքով: Հիշեցնում է` դա եղավ նաեւ Նալբանդյան-Մամեդյարով վերջին հանդիպումից հետո, եւ ժնեւյան հանդիպումից հետո: «Ադրբեջանն այդ քաղաքականությամբ ցույց է տալիս, որ պատրաստ չէ խաղաղ բանակցությունների`անկախ նրանից, թե ինչ են ասում միջնորդ երկրների մոտ: Դարձել են իրենց քաղաքականության զոհը: Իրենք են իրենց մտցրել փակուղի, միջազգային հանրությունը պետք է օգնի, որ նրանք կարողանան դուրս գալ այդ մաքսիմալիստական վիճակից: Բայց անհնար է օգնել մեկին, ով չի ցանկանում այդ օգնությունը: Խնդիրն ադրբեջանական ղեկավարության ուղեղներում է, իրենք են դարձել հայատյացության քաղաքականության զոհը»:

Բանախոսը նաեւ ադրբեջանական իշխանությանը համեմատեց ֆաշիստական Գերմանիայի ղեկավարության հետ: Ասում է`այն ժամանակ էլ Հիտլերն ու Գեբելսն էին հրեաների դեմ անում այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք հիմա անում են Ադրբեջանի ղեկավարները`հայերի եւ հայկականության դեմ:

Մանրամասները`տեսանյութում

«Նմանատիպ սադրանքները երբեք չեն կարող ազդել Հայաստանի ու Արցախի ժողովրդի քաղաքական կամքի վրա, ազատության ձգտումը երբեք չի կարող կասկածի տակ դրվել»,- հայտարարեց բանախոսը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031