ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի խոսքով, նորություն չէ, որ հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո որպես կանոն Ադրբեջանը ակտիվացնում է իր գործողությունները. «Այստեղ կարելի է մի ենթադրություն անել, որ վերջին հանդիպումը արտգործնախարարների հետ, որտեղ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի ուղղված Կասպրշիկի խմբի ընդլայնման հետ՝ իրեն ձեռնտու չէր եւ այդպես է արտահայտում իր դժգոհությունը, բայց մյուս կողմից պարտադրված գնում է այն քայլերի, որոնք նախանշված են դեռեւս Վիեննայի պայմանավորվածությամբ»:
Այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների այն հարցին էլ, թե Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարեց, որ Ադրբեջանը որեւէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում, Հայաստանը որեւէ կերպ արձագանքելո՞ւ է այդ հայտարարությանը, պարոն Քոչարյանն ասաց.
«Այնքան հայտարարություններ են արվում Ադրբեջանի կողմից Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը՝ ներառյալ նաեւ օգտվելով մեր դաշնակցային հնարավորություններից: Ընդ որում` շատ ավելի մատչելի գներով ստանում է սպառազինություն: Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ամեն ասածին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ