Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը տպավորված է Մակրոն-Սարգսյան հանդիպումներից (Տեսանյութ)

Հունվար 25,2018 12:57

«ՀՀ-ն հաջողությամբ իրականացնում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն: Ինչպես պարոն նախագահն ասաց, մենք ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ ենք, բայց մեզ հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել եվրոպական երկրների հետ, մասնավորապես Ֆրանսիայի նման բարեկամ երկրի հետ»,-«Արմենպրես» մամուլի ակումբում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`ամփոփելով ՀՀ նախագահի Ֆրանսիա կատարած այցի արդյունքները: Հիշեցնում է` հոկտեմբերին կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ասում է`այդ օրերին Հայաստանը դառնալու է կարեւորագույն քաղաքական կենտրոններից մեկն աշխարհում:

ՀՀԿ խոսնակն ասում է՝ Էմանուել Մակրոնի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումները տպավորիչ էին. «Կար փոխըմբռնում, նախագահն ասաց, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության զարգացումը, իսկ Ֆրանսիայի նախագահն էլ ընդգծեց՝ Ֆրանսիան մշտապես լինելու է Հայաստանի կողքին»:

Էդուարդ Շարմազանովն առանձնացրեց Սերժ Սարգսյանի հիմնական ուղերձները. մենք Եվրոպա ենք արժեքային համակարգով, իսկ դա ժողովրդավարական արժեքներին դավանելն է, օրենքի գերակայությունն է, կոռուպցիայի դեմ պայքարը, համամարդկային ու քրիստոնեական արժեքների պահպանումը. «Եվ մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով: Տարիները ցույց են տվել, որ սրանք ոչ միայն խոսքեր են, այլ կատարված աշխատանք»:

Հաջորդը`կոռուպցիայի դեմ պայքարն է, որին ըստ նախագահի եւ Էդուարդ Շարմազանովի`ՀՀ-ն գնում է անշեղորեն եւ տքնաջան: «Բայց ինչպես նախագահն էլ ասաց, կոռուպցիան հատուկ չէ մեր նման զարգացող երկրներին: ԵԽԽՎ-ին էլ է դա հատուկ, նախագահն էլ ափսոսանքով նշեց, որ ականատես ենք եղել այնտեղ արժեքային ճգնաժամին, երբ խավիարը կամ նավթադոլարները շատ ավելի համոզիչ էին, քան ժողովրդական արժեքներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»:

Սերժ Սարգսյանի երրորդ ուղերձն, ըստ Էդուարդ Շարմազանովի, այն էր, որ ԵԱՏՄ ու Եվրոպական միությունը պետք է համագործակցեն, իսկ Հայաստանն այստեղ կարող է կամուրջ հանդիսանալ:

Էդուարդ Շարմազանովն իր տպավորություններով էլ կիսվեց: Դրանք վերաբերում էին ԵԽԽՎ-ում նախագահի հանդիպումներին եւ հայտարարություններին: «Եթե հետ գնանք Ստրասբուրգ եւ Փարիզ, կտեսնենք թե մի քանի տարի առաջ ինչպիսի բառամթերք էին օգտագործում եվրոպացի մեր գործընկերներն ու ինչպիսի բառամթերք են օգտագործում նրանք այսօր: Թորբյորն Յագլանդն ասաց, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում: Սա օդից է՞ եկել»,- ասաց նա: Ըստ բանախոսի, սա առաջին հերթին պետության առաջնորդի աշխատանքի արդյունքն է, ապա եւ իշխանության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության: «Երբ Սերժ Սարգսյանը նոր էր ընտրվել նախագահ, ՀՀ-ում ներքաղաքական ժողովրդավարական խնդիրներն անհանգստացնող էին հենց եվրոպացի նախագահների տեսանկյունից: Այո, այն ժամանակ տարբեր բանաձեւեր էին ընդունվում, ու վտանգ կար, որ ՀՀ-ն ենթարկվի որոշ պատժամիջոցների, այդ դահլիճում երեկ որևէ հարց տվող կասկածի տակ չդրեց ՀՀ-ում մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքականության անշրջելիությունը, սա օդից չի եկել, սա պետության առաջնորդի հստակ քաղաքական գծի իրացման հետևանք է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031