Հիմա Կարեն Կարապետյանի հերթն է: Հարցն այն է, թե որքանով է նա անկեղծ, երբ ասում է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է: Սինգապուրը, այսպես ասենք, չի փայլում իր ժողովրդավարությամբ, եւ այդ երկրում արդեն մի քանի տասնամյակ իշխանության է միեւնույն կուսակցությունը: Այդ իմաստով ահագին նման է Հայաստանին: Բայց միեւնույն ժամանակ այդ երկրում օրենքի գերակայությունը հասել է անհավանական մակարդակի: Այդ երկրում, կարելի է ասել, ոչ թե օրենքի գերակայություն է, այլ օրենքի դիկտատուրա: Օրենքի առաջ հավասար են բոլորը՝ բացարձակապես բոլորը, ու ասենք կաշառակերության համար ժամանակին դատապարտվել են հենց Լի Կուան Յուի մտերիմ ընկերներն ու մերձավորները: Եթե սրան էլ ավելացնենք արմատական բարեփոխումները, տնտեսության բացարձակ ազատականացումը, բիզնեսի ու իշխանության իսպառ տարանջատումը, ապա ակնհայտ կդառնա, որ Սինգապուրն ու մենք հակառակ բեւեռներում ենք:
Այնպես որ, թերեւս տեսականորեն Կարեն Կարապետյանը կարող է անկեղծորեն համարել, որ Սինգապուրը լավ օրինակ է: Բայց ցանկացած քայլ դեպի «զարգացման այն ուղին», որով անցել է Սինգապուրը, չափազանց վտանգավոր է: Դե հիշում եք՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել առաջնորդից»: Այնպես որ, հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը ընդամենը դիվանագիտական ձեւակերպումներ է արել:
Պետք է նկատել, որ նրա զրուցակիցը եւս չի փայլել իր անկեղծությամբ: «Շատ կարեւոր է, որ մեր միջեւ որեւէ խնդիր չկա, եւ մենք վճռական ենք խորացնելու երկկողմ համագործակցությունը»,- նշել է Սինգապուրի փոխվարչապետը: «Երկկողմ համագործակցություն» արտահայտությունը, մեղմ ասած, կիրառելի չէ Հայաստանի ու Սինգապուրի դեպքում: Փոխադարձ առեւտուրը մեր երկրների միջեւ այնքան փոքր է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը այն չի էլ արձանագրում: Սինգապուրից ներդրումները մեր տնտեսության մեջ նույնպես զրոյական են ու ԱՎԾ-ն դա նույնպես չի արձանագրում:
Այնպես որ, «Երկկողմ համագործակցություն» մեր երկրների միջեւ, կարելի է ասել չկա:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում