Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջվում է բարետես արտաքինով 25- 30 տարեկան մատուցողուհի». այս հայտարարության համար այլ երկրներում պատժում են

Հունվար 25,2018 12:14

Կանանց իրավունքները մնում են եզրային՝ տղամարդկանց իրավունքների համեմատ: Այսօր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ներկայացրեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի վերաբերյալ հետազոտություն:

Այդ օրենքն ընդունվեց դեռ 2013-ին, բայց կոալիցիան, ուսումնասիրելով օրենքի բացերը եւ իրավակիրառ պրակտիկան, գտնում է, որ օրենքում գենդերային խտրականության բոլոր դրսեւորումները լիարժեք սահմանված չեն: Պետական կառավարման եւ հանրային ծառայության ոլորտում միայն այդ իրավունքները պահելով՝ հարցը չի լուծվում: Գենդերային հավասարության վերաբերյալ օրենքը պետք է անդրադառնա բոլոր ոլորտներին՝ կրթություն, առողջապահություն, սպորտ, գիտություն, սպառողների պաշտպանություն եւ այլն:

Ըստ կոալիցիայի, պետությունը պետք է ոչ թե գենդերային հավասարության մասին օրենքն ընդունի եւ քաշվի մի կողմ, այլ ջանքեր գործադրի, որ այն կիրառվի, ընդ որում՝ բոլոր ոլորտներում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ, օրինակ, զբաղվածության ոլորտում քիչ չեն դեպքերը, երբ խտրական վերաբերմունք է դրսեւորվում՝ սեռով պայմանավորված: Ճիշտ է, օրենքն արգելում է, որ միեւնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց սեռով պայմանավորված տարբեր վարձատրություն սահմանեն, բայց պրակտիկայում խտրականության այլ դրսեւորումներ են լինում. հաճախ են հանդիպում աշխատանքի տեղավորման մասին հայտարարություններ, որտեղ նշվում է՝ «պահանջվում է բարետես արտաքինով 25- 30 տարեկան մատուցողուհի»: Հայտարարության մեջ նշվում են աշխատանքին ոչ ներհատուկ պահանջներ, աշխատանքի համար դիմող անձանցից պահանջում են ընտանեկան կարգավիճակի, մասնավոր կյանքի կամ ընտանեկան պլանների մասին տեղեկատվություն՝ ամուսնացած է, թե ամուրի, պատրաստվում է առաջիկայում երեխա ունենալ, թե ոչ: Օրենքի կարգավորման չի ենթարկվել հետապնդումը, որն առավել հաճախ դրսեւորվում է աշխատանքի վայրում:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Ալեքսանյանն ասաց, որ Լիտվայում, օրինակ, արգելված են աշխատանքի խտրական հայտարարությունները, մեզ մոտ դա բաց է: Եթե անձը խտրական հայտարարություն է տալիս, պատասխանատվություն դրա համար նախատեսված չէ: Միջազգային պրակտիկայում տարբեր պատժամիջոցներ են գործում՝ տուգանք, եթե իրավաբանական անձ է, կասեցում, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն. «Մենք չունենք սանկցիաներ ինչպես Քրեական, այնպես էլ Աշխատանքային, Վարչական, Քաղաքացիական օրենսգրքերում»:

Ըստ Նարինե Ալեքսանյանի, մեզ մոտ, եթե նույնիսկ արգելվում է, դա կրում է դեկլարատիվ բնույթ, եթե պատասխանատվություն չի սահմանվում: ԶԼՄ-երով կարծրատիպերի արտացոլումը արգելվում է, բայց ԶԼՄ-ների մասին օրենսդրությունում այս հարցը նորից կարգավորված չէ, թե ինչ է տեղի ունենում, երբ ԶԼՄ-ն խախտում է անում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031