Մեր հարցերին պատասխանում է տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ
– Գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացնելով ձեր տեսակետները՝ ըստ էության համաձայնեցիք կառավարության հետ, որ Հարկային նոր օրենսգրքով սահմանված խաղի կանոնները եւ ԵԱՏՄ շրջանակում գործող մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը մեծ դերակատարություն չեն ունեցել գնաճային ճնշումների վրա։ Ուրեմն՝ ի՞նչն է խնդիրը, եւ ինչպե՞ս պաշտպանել սոցիալապես անապահով շերտերին։
– Ես գնացել էի ոչ թե ինքնանպատակ քննադատելու, այլ ներկայացնելու իմ առաջարկությունները, մասնավորապես կենսապահովման զամբյուղի հետ կապված (ոմանք դա շփոթում են սպառողական զամբյուղի հետ, որն ավելի լայն հասկացողություն է), օգնելու գործադիրին՝ ավելի արդյունավետ աշխատելու։
Այս տեսակետից, Կենտրոնական բանկը, այո, շատ ճշգրիտ թվեր է հրապարակել. եթե տրոհենք գնաճի բաղադրիչները եւ փորձենք գնահատել Եվրասիական տնտեսական միության անդամակցության, ակցիզային հարկերի, մաքսատուրքերի փոփոխության եւ անուղղակի վարչարարության հետեւանքները, այդ գործոնների ազդեցությունը իրոք ավելին չէ, քան մեկ տոկոսը։
Հարց է առաջանում. ինչո՞վ է պայմանավորված դժգոհության այս ալիքը, եթե տարվա ընթացքում գնաճը չի գերազանցում 2,6 տոկոսը։ Որտե՞ղ է գաղտնիքը։
ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանն իր մասով ներկայացրեց, ասաց, որ դա, ըստ էության, սպառողական գների ինդեքսն է, բայց պետք է ազնիվ լինենք հասարակության հետ եւ սպառողական գների ինդեքսը չնույնացնենք սոցիալական խնդրի հետ, որ կա։ Բոլորս հասկանում ենք, որ շատ ապրանքների գները երկնիշ աճ են արձանագրել, որը կոմպենսացվում է այլ ապրանքների գների անկմամբ, եւ արդյունքում ստացվում է 2,6 տոկոս։ Այսինքն՝ դա մոտ 500 ապրանքների գնաճի միջին ցուցանիշն է։
Ես տարիներ շարունակ մատնանշել եմ եւ ուզում եմ եւս մեկ անգամ հորդորել կառավարությանը՝ գոնե ծառայողական օգտագործման համար թիրախավորել 10 ապրանքախմբերը, որոնց գնաճը ցավագին է ազդում սոցիալապես անապահովների վրա։
– Ո՞ր 10 ապրանքախմբերի մասին է խոսքը, եւ ինչ նկատի ունեք՝ ասելով, որ կառավարությունը պետք է թիրախավորի այդ խմբերը. սա նշանակում է՝ կոշտ վերահսկողություն սահմանել եւ արհեստականորեն զսպե՞լ այդ ապրանքային շուկաներում տեղի ունեցող գնային տատանումները։
– Վերահսկել՝ չի նշանակում արհեստականորեն զսպել գները։ Կառավարության ներկայացուցիչները շատ լավ հասկացան՝ ինչի մասին է խոսքը, եւ, հուսով եմ՝ ֆիքսեցին կամ գոնե ի գիտություն ընդունեցին իմ ասածը։ Դրանք այն ապրանքախմբերն են, որ օգտագործում են բոլորը, հատկապես սոցիալապես անապահովները՝ անհրաժեշտ նվազագույնը, որ պետք է մարդուն գոյատեւելու համար։ Կառավարությունը չպետք է թույլ տա, որ այդ ապրանքային շուկաներում գնաճը երկնիշ թվով լինի։
Կան երկրներ, որտեղ գներն ինդեքսավորում են կամ կտրոններ են տրամադրում սոցիալապես խոցելի խմբերին այդ պարենային ապրանքները համեմատաբար էժան առնելու համար։ Սրա՛ մասին է խոսքը. պետք է հաշվի առնել սոցիալական գործոնը՝ դժգոհությունների հիմնական պատճառը եկամուտների անբավարար մակարդակն է. եթե մարդկանց եկամուտները բավարար լինեին կամ աղքատության մակարդակն այսքան բարձր չլիներ, 2,6 տոկոս գնաճը վստահաբար նման վրդովմունք չէր առաջացնի հանրության շրջանում։
Լիլիթ Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում