«Փաստ»-ի հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը
– Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մեր երկիրը ներդրումային լավագույն միջավայր ունեցող երկրներից է։ Նրա այս հայտարարությունը պոտենցիալ ներդրողների վրա ազդեցություն կթողնի՞։
– Հայաստանն այդպիսին է տնտեսական ցուցանիշներով։ Բայց քաղաքական ցուցանիշներով դեռևս չի համարվում լավագույն ներդրումային միջավայր ունեցող երկիր։ Իսկ այս պահին կարևորվում է քաղաքական բաղադրիչը։
Լավագույն տնտեսական ցուցանիշն էլ, այսպես ասած, մեր եվրաբոնդերի տոկոսներն են։ Եվ՝ վերջինիս համեմատությունը այլ երկրների հետ։ Օրինակ, եթե Հայաստանի տնտեսական միջավայրն ավելի բարվոք է գնահատվում, քան Վրաստանինը, ապա, միևնույն է, Վրաստանի տոկոսադրույքներն ավելի ցածր են։ Իսկ դա էլ նշանակում է, որ Վրաստանի քաղաքական բաղադրիչն ավելի բարվոք է գնահատվում։
Եվ այս ամենն ավելի շատ քաղաքական հարցեր են։ Մենք դեռևս այն երկրներից չենք, որ միայն տնտեսական ցուցանիշները նկատի ունենալով՝ մարդիկ որոշումներ կայացնեն։
– Իսկ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը դրական ազդեցություն չի՞ ունենա, դրսի աշխարհում եղած ինչ-որ կարծրատիպ չի՞ կարող կոտրել։
– Այստեղ միայն կարծրատիպի հարց չէ։ Փաստորեն մի կողմից Եվրամիությունն օգնում է մեզ, մյուս կողմից մենք պարտավորվում ենք բազմաթիվ բարեփոխումներ անել մեր երկրում։ Եվ հարցը հիմնականում կախված է մեզանից, թե մենք ի՞նչ որակով ենք այդ բարեփոխումներն իրականացնում։
Այսինքն՝ համաձայնագիրը հնարավորություն է՝ տրված մեզ, որից պետք է առավելագույնս օգտվենք։ Իսկ եթե չօգտվենք, ապա ոչինչ էլ չի փոխվի։ Միայն համաձայնագիր ստորագրելն ինքնին դեռ բան չի նշանակում։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում