Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Դիվանագետի եւ պետական ծառայողի պաշտոնում ես չէի կարող բացահայտորեն խոսել իմ մտահոգությունների մասին՝ ՀՀ ղեկավարության գործողությունների կապակցությամբ». «Հրապարակ»

Հունվար 25,2018 10:38

1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո մամուլը պարբերաբար գրում էր, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանի հակառակորդներն Արմեն Սարգսյանի հետ գաղտնի բանակցություններ են վարում՝ նրան համարելով այլընտրանք Քոչարյանին, այսինքն՝ նախագահի հավակնորդ: Անգամ լուրեր կային, որ գեներալ Մանվելն է մեկնել Լոնդոն՝ առաջարկելու Արմեն Սարգսյանին վերադառնալ եւ տեր կանգնել երկրին։ «Մեդիամաքսն» օրերս հրապարակել էր մի հաղորդագրություն, որը պատմում է Ա. Սարգսյանի եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ 2000թ. ապրիլի 23-ին կայացած հանդիպման մասին, որի ժամանակ Ա. Սարգսյանն ասել է․ «Այսօր ցավով նշում եմ, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած սպանություններից (նկատենք, որ նա չի գործածում «ահաբեկչություն» բառը՝ խմբ.) հետո Հայաստանն ապրում է ծանր ժամանակներ: Երկրի առջեւ ծառացել են քաղաքական եւ տնտեսական բարդ խնդիրներ: Ես միշտ փորձել եմ գործել ոչ միայն խոսքերով եւ արարքներով, այլեւ հոգով ու սրտով: Դիվանագետի եւ պետական ծառայողի պաշտոնում ես չէի կարող բացահայտորեն խոսել իմ մտահոգությունների մասին՝ ՀՀ ղեկավարության գործողությունների կապակցությամբ: Ամեն դեպքում, խիղճս մաքուր է, քանի որ իմ բոլոր խորհուրդներն անկեղծ էին: Ցավոք սրտի, իմ տեսակետը ՀՀ ապագայի վերաբերյալ միշտ չէ, որ համընկել է ՀՀ ղեկավարների տեսակետների հետ: Առայժմ ես ձեռնպահ կմնամ հետագա հրապարակային հայտարարություններից: Բայց մոտ ապագայում հույս ունեմ հանդիպել ձեզ եւ քննարկել այս եւ այլ կարեւոր հարցեր»: Այս հանդիպումից 3 օր առաջ Ռ. Քոչարյանն ազատել էր Սարգսյանին դեսպանի պաշտոնից:

Պաշտոնանկությունից հետո մոտ 13 տարի Սարգսյանը դիվանագիտական աշխատանքով չի զբաղվել, իսկ, ահա, 2010-ին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում քաղաքականության հետ հաշիվները մաքրած Ա. Սարգսյանը նշել է, թե որեւէ հետաքրքրություն չունի քաղաքականությամբ զբաղվելու ՀՀ-ում, սակայն ունի մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին: Եվ հավատում է, որ երկրին կարելի է օգտակար լինել՝ զերծ մնալով քաղաքական այս կամ այն ուժին պատկանելուց կամ պաշտոնյա լինելուց: Իսկ, ահա, 2013-ին, արդեն երկրորդ հնգամյակը պաշտոնավարող Սերժ Սարգսյանի կողմից նա կրկին նշանակվեց դեսպան՝ արժանանալով թագուհի Եղիսաբեթ 2-րդի զարմանքին. «Արմեն, Դուք չեմպիոն եք դեսպանների մեջ։ Վերադառնում եք արդեն երրորդ անգամ»։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031