«Առավոտ»-ի զրուցակիցն է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն
– Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմի հաշվետվությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ պատրաստ կլինի հունվարի 29-ին: Անդերս Օսլունդենի խոսքով՝ հաշվետվությունը կծածկի «ռուսական տրիլիոնի» կեսը, որը կներառի «Գազպրոմ»-ի եւ «Ռոսնեֆտ»-ի ձեռնարկությունները: Ի՞նչ ազդեցություն այն կունենա ընդհանրապես հետխորհրդային երկրների վրա եւ մասնավորապես Հայաստանի եւ Վրաստանի վրա:
– Այս հարցին պատասխանելու համար փորձենք հակիրճ պատասխանել հարցին, թե ինչ է կատարվում: Իմ կարծիքով՝ Ղրիմից եւ Դոնբասից հետո որոշ ուժեր (այն էլ՝ արեւմտյան քաղաքական ինստիտուտների շատ ազդեցիկ ուժեր, խոսքը նախեւառաջ Միացյալ Նահանգների մասին է, բայց ոչ միայն) հասկացան, որ եթե Ռուսաստանին զսպելու ուղղությամբ միջոցներ չկիրառվեն, դեպի Արեւմուտք ընդլայնված ռուսական քաղաքականությունը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ոչ միայն հետխորհրդային երկրների համար, այլ նաեւ ամբողջ Արեւմուտքի համար: Այդ հասկացությունը ավելի ամրապնդվեց, երբ Մոսկվան փորձեց խառնվել ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների քաղաքական գործընթացներին: Ռուսաստանի դեմ պայքարի քաղաքականությունը, որն ամբողջովին ընկնում է արեւմտյան երկրների պատմության պարադիգմում, այսօր ունի առավելագույն ծրագիր: Այս ծրագրի նպատակն է գոյություն ունեցող ռուսական իշխանության փոփոխությունը, ավելի ճիշտ՝ ուժերի փոփոխությունը ավելի հավատարիմ ուժով, որը կարող է համաձայնության գալ Արեւմուտքի հետ:
Բայց դա, այսպես ասած, երկարաժամկետ նպատակն է: Կարճաժամկետ կտրվածքով արեւմտյան երկրների քաղաքականության ընդհանուր դիսկուրսը կբերի Ռուսաստանի տնտեսական անկմանը, միջազգային նախագծերից Ռուսաստանի դուրս մղմանը եւ միջազգային քաղաքականության վրա նրա ազդեցության կրճատմանը: Նույն այդ հաշվետվությունը, որի մասին նշեցիք, տեղավորվում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ նպատակների մեջ, քանի որ ուղղակիորեն հարվածում է ռուսական քաղաքական եւ տնտեսական էլիտային: Իհարկե, Արեւմուտքում կան ուժեր, որոնք այլ կերպ են մտածում, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ առճակատումը այսօր արեւմտյան քաղաքականության հիմնական ուղղությունն է, եւ զիջումների գնալու տեղ չկա:
Արդյոք Ռուսաստանում իշխանության փոփոխություն կլինի՞, ե՞րբ կլինի եւ ի՞նչ կերպ՝ բավականին հիպոթետիկ հարց է: Բայց փաստը, որ Արեւմուտքի ձեռնարկած քայլերը կնպաստեն Ռուսաստանի թուլացմանը, ակնհայտ է: Եվ այս հանգամանքը, անշուշտ, մեր տարածաշրջանի համար երկարատեւ հետեւանքներ կունենա: Եվ հետեւանքները բազմակողմանի են: Օրինակ՝ կարելի է վստահ կանխատեսել այդ գործընթացների բացասական ազդեցությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի վրա: Այս դեպքում՝ Հայաստանին՝ ավելի մեծ չափով, իսկ Վրաստանին՝ պակաս, քանի որ մեր տնտեսությունների՝ ռուսական տնտեսության հետ ինտեգրման մակարդակը համեմատելի չէ: Բայց, այնուամենայնիվ, չի նշանակում, որ Վրաստանի վրա սա չի անդրադառնա:
– Ինչպիսի՞ գործընթացներ են ավելի հավանական ռազմական, քաղաքական, տնտեսական եւ անվտանգության հարթություններում:
– Լավ հարց է: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Ռուսաստանի ընդհանուր թուլացումը կկրճատի նրա հնարավորությունները ազդելու տարածաշրջանի իրավիճակի վրա: Բայց իրականում ամեն ինչ կարող է հակառակ լինել: Ունենալով Հարավային Կովկասի վրա ազդեցության լուրջ գործիքներ, օրինակ՝ ռազմական բազաներ Հայաստանում եւ Վրաստանի գրավյալ տարածքներում, Մոսկվան միանգամայն կարող է օգտագործել այս գործիքները Արեւմուտքի հետ սակարկման հարցեր ստեղծելու համար: Դա շատ վտանգավոր ճանապարհ է: Բայց ինչպես մենք տեսանք Ուկրաինայում եւ նույն Սիրիայում, նման ռիսկերը չեն կանգնեցնում ռուսական ներկայիս իշխանությանը: Դժվար է ասել, թե ինչպես կլինի մեր դեպքում: Բայց նման սցենարի մերժումը, իսկ դա եւս մեկ ռազմական կոնֆլիկտ է Ռուսաստանի մասնակցությամբ կամ նրա հովանավորությամբ՝ այս անգամ մեր տարածաշրջանում, անհարկի լավատեսություն կլինի: Ռազմական գործողությունների ամենահավանական թատրոնը կլինի Լեռնային Ղարաբաղը, որտեղ պատերազմը շարունակվում է: Այնպես որ, ռազմական գործողությունները ակտիվացնելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում: Բացի այդ, պաշտոնապես Մոսկվան որեւէ կապ չի ունենա եւ նույնիսկ կարող է «խաղաղարարի» դեր տանել:
Բայց եկեք հետաձգենք ապոկալիպտիկ սցենարները, հատկապես, որ իմ կարծիքով՝ վերջին տարիներին դրա հավանականությունը նվազել է, ոչ թե ավելացել: Ամեն դեպքում Արեւմուտքի` Ռուսաստանի դիրքերին ճակատային հարձակման դեպքում Մոսկվան կսկսի մեծացնել Հարավային Կովկասի վրա իր՝ առանց այն էլ մեծ ազդեցությունը: Եվ քիչ հավանական է, որ այդ փորձերը դրական լինեն մեր երկրների համար:
– Ի՞նչ կլինի ռուսական ինտեգրացիոն միությունների հետ: Որքա՞ն է դա առնչվելու Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող ռուսական զորքերին:
– Այսպես ասենք, որ առայժմ ոչինչ չի սպառնում ռուսական ինտեգրացիոն միություններին, առավել եւս Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող ռուսական զորքերին: Ավելին, ես այդ մասին արդեն խոսել եմ. ռուսական իշխանությունը միջազգային քաղաքականության եւ տնտեսության վրա իր ազդեցության նվազելու դեպքում կփորձի փոխհատուցել այդ նույն ազդեցությունը այնտեղ, որտեղ հնարավոր է: Իսկ Կրեմլի ամենաշատ հնարավորությունները հենց ինտեգրացիոն գործընկերների հետ են, այդ թվում նաեւ՝ Հայաստանի: Համարել, որ ազդեցությունը ավելացնելու էլ տեղ չկա, այնքան միամիտ է, տեղ կա, հարցն այն է, թե ինչպես կստացվի:
– Վրաստանը եւ Ուկրաինան Միացյալ Նահանգների հետ համաձայնության են հասել պաշտպանական սպառազինություն գնելու հարցում, ի՞նչ կփոխվի Ռուսաստանի հետ հարաբերություններում: Եվ ինչպե՞ս դա կազդի հետխորհրդային տարածքում իրադարձությունների վրա:
– Դժվար թե Վրաստանի կամ Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ-որ փոփոխություն լինի ամերիկյան պաշտպանական սպառազինության մատակարարման պատճառով: Գրավյալ տարածքների առկայությունը, ոչ թե ամերիկյան զենքի առկայությունը, որոշիչ գործոն է Վրաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:
Ինչ վերաբերում է մատակարարման փաստին, ապա այստեղ խոսքը այնքան ռազմական բաղադրիչի մասին չէ, չնայած դա կա, այլ քաղաքական: Վրաստանի տարածքային պաշտպանության ծրագրի իրականացումը, որի շրջանակներում Վրաստանը ստացել է ինչպես Javelin հակատանկային համակարգեր, այնպես էլ ֆրանսիական հակաօդային պաշտպանության համակարգեր, ենթադրում են, որ կապված փոփոխվող քաղաքական իրավիճակի հետ՝ արեւմտյան երկրները Վրաստանը եւ ամբողջ Հարավային Կովկասը համարում են ոչ թե ծայրամասային տարածաշրջան՝ թույլ արտահայտված շահերով, այլ որպես Մոսկվայի հետ դիմակայության մի թեւ: Ինչքան ցանկանանք՝ կարող ենք խոսել, թե արդյոք օրինակա՞ն է, թե՞ անօրինական է ներկայիս իրավիճակի մասին կիրառել «նոր սառը պատերազմ» եզրը, բայց դա զուտ գեղագիտական խնդիր է: Իրականում մենք ունենք այն, ինչ ունենք՝ ամերիկյան զենք հետխորհրդային տարածքում, դեռ ավելին՝ ոչ Բալթյան երկրներում:
– Սպասելիքներ կա՞ն արդյոք Վրաստանում Հայաստանի եւ Իրանի հետ եռակողմ համագործակցության հետ: Խոսքը վերաբերում է հաղորդակցության ուղիներին, էներգետիկային, արտաքին առեւտրի ոլորտին՝ համաձայն Ռոհանիի Սեւ ծովից Պարսից ծոց միջանցքի ձեւավորմանը, որը բազմիցս հնչել է Թեհրանում եւ Երեւանում:
– Ինչպես Վրաստանի եւ Հայաստանի համար, այնպես էլ Իրանի համար նման նախագծերը կարող են բավականին օգտակար լինել: Բայց եկեք ռեալիստ լինենք, ներկայիս քաղաքական իրավիճակում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Միացյալ Նահանգները թույլ չեն տա նման ծրագրերի մասշտաբային իրականացումը: Այդ ծրագրերը վաղուց սեղանին են, մոտավորապես 10 տարի: Ավելին՝ Չինաստանը վաղուց պատրաստ է դրանք ֆինանսավորել Վերակառուցման եւ զարգացման ասիական բանկի միջոցով, նույնիսկ դրանք մասամբ իրականանում են: Բայց շատ մասամբ: Ճիշտն ասած, ես չեմ հավատում նման ծրագրերի արագ իրականացման հեռանկարներին հենց քաղաքական պատճառներով:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
24.01.2018