Լրահոս
Օրվա լրահոսը

37 տարվա փորձով բուժքույրը պահանջում է իրեն որպես թոշակառու ազատել

Հունվար 25,2018 15:30

Ստելլա Եղիազարյանը 1980 թվականից աշխատել է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում որպես բուժքույր: Երկարամյա աշխատանքային փորձ ունեցող տիկինն այսօր բուժհիմնարկից հեռանում է վիրավորված: Նրան աշխատանքից ազատել են ոչ թե որպես կենսաթոշակառու, այլ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով: 37 տարի աշխատել է եւ աշխատանքից ազատվել անցյալ տարվա օգոստոսի 7-ին: Տիկին Ստելլան եւ մի քանի այլ աշխատակիցներ եւս աշխատանքից զրկվել են «Նուբարաշեն» եւ «Նորք» հոգեբուժական կենտրոնների օպտիմալացման արդյունքում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ՀՀ կառավարությունը որոշեց օպտիմալացնել հոգեբուժարանները` «Նորք» հոգեբուժական կենտրոնը միավորելով «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնին, ինչի արդյունքում ստեղծվեց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»:

Հոգեբուժական այս երկու կլինիկաների միաձուլումը առողջապահության նախարարը կառավարության նիստում պայմանավորեց ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ եւ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:

Օպտիմալացման ճանապարհին Ստելլա Եղիազարյանին կադրերի բաժնում առաջարկել են դիմում գրել եւ 2005 թվականի անորոշ ժամկետով կնքված հիմնական պայմանագիրը դարձրել են որոշակի ժամկետով: Պայմանագիրը կնքվել է մինչեւ օգոստոսի 4-ը, օգոստոսի 7-ին տիկնոջն ազատել են աշխատանքից` աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով:

Ինչո՞ւ Ստելլա Եղիազարյանին աշխատանքից չեն ազատել որպես կենսաթոշակառու, ինչը նրա ամուսնու` Ռաֆիկ Պետրոսյանի խոսքով՝ միանգամայն հասկանալի կլիներ: Ամուսնու համոզմամբ՝ այդպես են վարվել, որպեսզի տիկնոջը արձակման նպաստ չվճարեն` ինչպես որ օրենքով նախատեսված է: Ամուսինների հաշվարկներով՝ եթե որպես թոշակառու ազատեին, ապա գործատուն պարտավոր էր 44 աշխատանքային օրվա համար, քանի որ 15 տարուց ավելի աշխատող է, 275 հազար դրամ վճարել` որպես արձակման նպաստ:

«Աշխատանքային պայմանագիրը հենց դրա համար էլ փոխել են, որպեսզի արձակման նպաստ չտան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ գործատուն Աշխատանքային օրենսգրքի մեկ այլ կետ էլ է խախտել. «Պայմանագրի ժամկետը լրացել է օգոստոսի 4-ին, սակայն իմ կնոջն ազատել են օգոստոսի 7-ին:

Աշխատանքային օրենսգրքում նշվում է, որ եթե նույն օրը չեն ազատում, ապա հաջորդ օրվանից համարվում է, որ պայմանագիրն ուժի մեջ է»: Նրա խոսքով՝ 7 օրվա աշխատավարձ էլ այս պատճառով տիկնոջը չի վճարվել, ինչը կազմում է 19 հազար դրամ:
«Կինս կենսաթոշակառու է, եւ գործատուն միանգամայն իրավունք ունի այդ հիմքով նրան ազատելու, ոչ թե այնպիսի հնարքներ կիրառի, որ նրան հասանելիք գումարները չվճարի»,- ասում է Ստելլա Եղիազարյանի ամուսինը:

Նշենք, որ այս գործով ամուսինները դիմել են դատարան: Նախնական նիստն այս գործով փետրվարի 26-ին է:

Ամուսինների դժգոհության առնչությամբ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ից «Առավոտին» պարզաբանեցին, որ ընկերության եւ Ստելլա Եղիազարյանի միջեւ 2015 թվականին կնքված աշխատանքային պայմանագրից հետո հաջորդել են աշխատանքային պայմանների փոփոխման վերաբերյալ երկկողմ կնքված մի շարք համաձայնագրերը, որոնցից մեկը 01.07.2017թ. կնքված Կենտրոնի եւ Ստելլա Եղիազարյանի միջեւ կնքված համաձայնագիրն է, որով վերջինս արտահայտել է իր ազատ կամահայտնությունը 2005 թ. դեկտեմբերի 30-ին կնքված թիվ 92 աշխատանքային պայմանագրի 1.6 կետում կատարել փոփոխություն, այն է՝ պայմանագրի գործողության ժամկետ սահմանել մինչեւ 2017թ. օգոստոսի 4-ը, այսինքն` անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը դարձել է որոշակի ժամկետով կնքված:

Ինչ վերաբերում է, որ գործատուն տիկին Ստելլային ազատել է ոչ թե օգոստոսի 4-ին, այլ 7-ին, ապա այս առնչությամբ կենտրոնից հայտնում են. «Համաձայն պայմանագրի՝ 2017 թվականի օգոստոսի 4-ը եղել է ուրբաթ, եւ ներառյալ այդ օրը աշխատողը պետք է իրականացներ իր աշխատանքային պարտականությունները, իսկ վերջինիս աշխատանքից ազատման անհատական իրավական ակտը եղել է օգոստոսի 7-ին, այսինքն` առաջիկա աշխատանքային օրը, քանի որ 5, 6-ը եղել են հանգստյան օրեր»:

Գործատուն, վկայակոչելով Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածը, նշում է, որ այդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում. «Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձեւակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով…»:
Ըստ կենտրոնի պատասխանատուների` Ստելլա Եղիազարյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով:
Հարցին, թե Ստելլա Եղիազարյանը պնդում է, որ իրեն պետք է գործատուն վճարեր արձակման նպաստ 275 հազար դրամի չափով, կենտրոնից պատասխանեցին. «Հայցվորի մոտ բացակայում են արձակման նպաստի եւ աշխատավարձ չվճարելու պահանջի իրավական հիմքերը:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 83 հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի եւ գործատուի միջեւ, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը եւ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ: Նշված նորմի պահանջներին համապատասխան՝ ընկերության եւ հայցվորի միջեւ 2005թ. կնքվել է թիվ 92 աշխատանքային պայմանագիրը: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն են` 1) աշխատանքի ազատությունը՝ ներառյալ աշխատանքի իրավունքը (որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է կամ որին ազատորեն համաձայնում է), աշխատանքային ունակությունները տնօրինելու, մասնագիտության եւ գործունեության տեսակի ընտրության իրավունքը:

Նորմի վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ յուրաքանչյուրն ազատ է ընտրելու եւ/կամ ազատ է տալու իր համաձայնությունը այս կամ այն աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու հարցում: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձեւակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով…
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ:

Ինչ վերաբերում է արձակման նպաստ վճարելու Ստելլա Եղիազարյանի պահանջին, ապա ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերով, ինչպես նաեւ 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով եւ 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ:
Նշյալ հոդվածի համապարփակ վերլուծությունից ակներեւ է դառնում, որ գործող Աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածը թվարկում է պայմանագրի լուծման հիմքերի սպառիչ ցանկը, որոնց դեպքում գործատուն պարտավոր է վճարել արձակման նպաստ: Մինչդեռ աշխատանքային պայմանագրի լուծման թվարկված հիմքերում իսպառ բացակայում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որով եւ ենթադրվում է, որ ընկերությունը որեւէ իրավական հիմքով չունի որեւէ պարտականություն Ստելլա Եղիազարյանին վճարելու հայցադիմումում նշված արձակման նպաստը»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

24.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031