Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց նախնական նիստի դատաքննություն եղավ, վճիռն էլ կայացվեց նույն օրը

Հունվար 25,2018 15:00

Պատասխանողը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական
ընկերությանը չի տեղեկացրել պատահարի վերաբերյալ

Չորս տարի առաջ հոկտեմբերի 11-ին Երեւանի Իտալական եւ Խորենացի փողոցների խաչմերուկում վարորդ Սարգիս Խաչատրյանն իր «Վազ 21214» մակնիշի 30 MM 005 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել էր Արմեն Մկրտչյանի վարած «Սուբարո» մակնիշի 34 VF 189 պետհամարանիշի ավտոմեքենային: Արմեն Մկրտչյանը ստացել էր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Ապահովագրական ընկերությունը դիմել էր դատարան:

Իսկ վերաքննիչ բողոք ներկայացրած Սարգիս Խաչատրյանն էլ առաջին ատյանի դատարանի վճռի դեմ բողոքը հիմնավորել էր, հայտնելով, թե Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ձեռնամուխ չի եղել գործը դատաքննության նախապատրաստելուն, իսկ այդ պայմաններում նա հնարավորություն չի ունեցել հայտնելու իր դիրքորոշումը ներկայացված պահանջի դեմ, ներկայացնելու համապատասխան ապացույցներ:

Բողոքաբեր վարորդը հայտնել էր, թե այս գործով դատարանն առանց նախնական դատական նիստ հրավիրելու, հայցադիմումը վարույթ ընդունելով, գործը նշանակել է դատաքննության 04.10.2017 թվականին՝ ժամը 10:20-ին, նույն օրը գործի քննությունը համարել է ավարտված եւ դատական ակտի հրապարակման օր է հայտարարվել 18.11.2017 թվականը:

Վերաքննիչ դատարանը Մ.Հարթենյան, Լ.Գրիգորյան եւ Գ.Խանդանյան կազմով անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին մերժեց Սարգիս Խաչատրյանի վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ թողեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 18-ի վճիռը:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը Սարգիս Խաչատրյանից պահանջել էր 1 979 643 ՀՀ դրամ գումար եւ 39 593 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ըստ գործի նյութերի, 17.04.2014 թվականին «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության եւ Սարգիս Խաչատրյանի միջեւ կնքվել է ԱՊՊԱ պայմանագիր, որի հիման վրա տրվել էր ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագիր:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունը մերժել էր քրեական գործ հարուցել:

«Փորձագետների միություն» ՍՊԸ-ի եզրակացության համաձայն՝ «Սուբարո» մակնիշի 34 VF 189 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառված նյութական վնասի չափը կազմում է 1 321 000 ՀՀ դրամ:

«Ռոսգոսստրախ-Արմենիան», հավաստագրի համաձայն, որոշել էր բավարարել հատուցում ստանալու վերաբերյալ տուժող Արմեն Մկրտչյանի լիազորված անձ Գարիկ Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը՝ 1321000 ՀՀ դրամի չափով որպես մեքենային պատճառված վնաս: Նույն հավաստագրի համաձայն՝ որոշվել էր բավարարել տուժող Արմեն Մկրտչյանի բուժման ծախսի, կորցրած եկամուտների համար ներկայացված դիմումը 658 643 ՀՀ դրամի չափով:

Ապահովագրական ընկերությունը նշել էր հայցադիմումում, որ պատասխանող Սարգիս Խաչատրյանը չի տեղեկացրել ընկերությանը պատահարի վերաբերյալ: Վկայագրի համաձայն՝ «ապահովադիրը՝ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ, առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին հայտնել ապահովագրողին»:

Ըստ պատասխանողի առարկությունների էլ. «Մինչդեռ առկա չէ ավտոտրանսպորտային պատահարի ստույգ ժամ, որպիսի պարագայում նշվել է «02:15-ի սահմաններում» եզրույթը, ինչը ենթադրում է, որ հնարավոր չէ ստույգ նշել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել վթարը»:

Ինչպես նման հայցադիմումների դեպքերում է, պատասխանողը վկայակոչել էր «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը՝ հայտնել է, որ օրենքում ամրագրված անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) եզրույթը պետք է մեկնաբանել կախված առաջացած իրադրությունից, անձի հոգեվիճակից եւ այլ հանգամանքներից: Անհայտ է, թե հայցվորն ինչից է ենթադրել, որ պատասխանողն անհապաղ չի զանգահարել ապահովագրողին, դրա վերաբերյալ առկա չէ որեւէ վերաբերելի եւ թույլատրելի ապացույց, հետեւաբար ապահովագրական ընկերության կողմից ապացուցման ենթակա փաստը չապացուցվելու պայմաններում ընկերությունը պետք է կրեր դրա բացասական հետեւանքները:

Վարորդն իր բողոքում հայտնել էր. «Սույն գործով չի ներկայացվել եւ չի հիմնավորվել վնասի առկայությունը: Մասնավորապես պահանջվող 304143 ՀՀ դրամ գումարը հանդիսանում է որպես բաց թողնված օգուտ, մինչդեռ նշվածի վերաբերյալ դատական ակտում առկա չէ որեւէ պատճառաբանություն, բացառությամբ այն բանի, որ ըստ հայցվորի՝ վերջինս այն փոխհատուցել է, մինչդեռ հայցվորի կողմից փոխհատուցած լինելու հանգամանքն ինքնին հիմք չէ փաստելու, որ առկա է եղել բաց թողնված օգուտ, որն էլ իբր ենթակա է եղել վճարման»:

Ըստ վարորդի՝ տվյալ դեպքում խախտվել էր արդար դատաքննության իր իրավունքը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

24.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031