Լրահոս
Օրվա լրահոսը

«Երազում եմ Բեն Ֆորսթերի ու Ջոնի Դեփի հետ նույն բեմում լինել»

Հունվար 25,2018 14:30

Սուրեն Պողոսյանն իր` եվրատեսիլյան The Voice երգի
ու սեփական թատրոն ունենալու մասին

Հոկտեմբերի 27-ին Առաջին ալիքն ազդարարեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը։ Լսումների արդյունքում, շուրջ 100 դիմորդից ընտրվել են այն 20 մասնակիցները, որոնք հնարավորություն կստանան ներկայացնել իրենց երգերը հեռուստադիտողի եւ միջազգային ժյուրիի առջեւ, իսկ հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» 2018-ին։

Այդ քսանի թվում է Սուրեն Պողոսյանը` The Voice երգով:

«Առավոտի» հետ զրույցում Սուրենն ասում է, որ անցյալ տարի էլ էր անցել, սակայն չէր կարողացել նախագծին մասնակցել, որովհետեւ մեկ այլ հեռուստաընկերության հետ պայմանագիր ուներ: Ինչ վերաբերում է իր եվրատեսիլյան երգին` երիտասարդը նշում է. «Երգը գրել է շվեդ երգահան Յոնաս Գլադնիկովը: Ավելի վաղ նա ինձ ուղարկեց 10 երգերի դեմո-տարբերակներ, եւ ես հասկացա, որ The Voice-ը իմ երգն է: Այն Յոնասը գրել է Նատաշա Թըրների (Մալթա) եւ Ջորջիոս Կալպակիդիսի (Հունաստան) հետ: Երեքն էլ եվրատեսիլյան պատմություն ունեցող հեղինակներ են, տարբեր երկրների մասնակիցներ 4-5 անգամ կատարել են նրանց երգերը: Իմ երգը Հայաստանում է ձայնագրվել, սակայն գործիքավորվել եւ վերջնական տեսքի է բերվել Շվեդիայում»,- հավելեց Սուրեն Պողոսյանը:
Նա ասում է, որ չէր սպասում, թե կհայտնվեր լավագույն քսանի մեջ, բայց ամեն դեպքում ուրախ է «եվրոպական երգ» ունենալ իր երգացանկում:

Նրանից տեղեկացանք, որ բեմադրությամբ զբաղվում է ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը, խորեոգրաֆն է Արա Ասատուրյանը:

Մեր զրուցակիցը եւս կարծում է, որ «Եվրատեսիլը» քաղաքականացված մրցույթ է, ասում է՝ 13 տարի է՝ հետեւում է մրցույթին ու ամեն ինչ «կողքից տեսնում» է: Սուրենի համոզմամբ, էականը հաղթելը չէ, մանավանդ, նրա խոսքերով. «Հայաստանն այնպիսի երաժշտություն ունի, որ կարիքը չունի հաղթելու, որ դրանով լսեն հայկական երաժշտություն: Ուղղակի պետք է ճիշտ ներկայանալ Եվրոպայում»:
Իսկ ի՞նչ կտա իրեն մասնակցությունը «Եվրատեսիլին»: Սուրենի կարծիքով՝ առաջին հերթին լսարան, ասում է՝ արդեն իր անձի շուրջ հետաքրքրություն կա, աճել է իր երգերի դիտումների քանակը:

«Այսօր լավ երաժշտության կարիք շատ կա, հաճախ ենք հղում անում «հին» երաժշտությանը, որովհետեւ այսօր դեռ նման մակարդակի երաժշտություն չի ստեղծվել»,- փաստում է մեր զրուցակիցը:

Նշենք, որ Սուրեն Պողոսյանը սովորում է Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դերասանական բաժնի 2-րդ կուրսում, Գրիգոր Խաչատրյանի արվեստանոցում: Այժմ ներգրավված է Կամերային թատրոնի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ, վերջերս մարմնավորել է Հիսուս Քրիստոսին` համանուն ռոք-օպերայում: Նկարահանվել է Բահար Պարսի ֆիլմում, որը շվեդական նախագիծ էր եւ դրա մի մասն իրականացվում էր Հայաստանում, նաեւ անգլիական էքսպերիմենտալ ոճի մի ֆիլմում: Այժմ կենտրոնացած է իր ուսման վրա, կարծում է, որ հայաստանցի ուսանողներին պակասում են պայմաններ, նրանք չունեն ինքնադրսեւորվելու հարթակ, կապեր «դրսի» հաստատությւոնների հետ:
«Արտասահմանում շատ են ուսանողական փառատոները, ինչը քեզ ստիպում է աշխատել, այստեղ կարծես թե միայն «Արտֆեստ» է: Չկա այն փառատոնը, որը ուրիշ երկրներից էլ ուսանողների ներգրավի եւ կրթական փոխանակում տեղի ունենա»,-ափսոսում է երիտասարդը:

Հարցրինք` ո՞ւմ հետ է երազում դուետ երգել, գտնվել նույն բեմի վրա:
«Բեն Ֆորսթերի հետ կուզենայի նույն բեմի վրա լինել, երգել կամ խաղալ, հոլիվուդյան դերասաններից էլ` Ջոնի Դեփի: Անետա Ֆրանկլինին ու Թինա Թըրներին էլ եմ սիրում»,-պատասխանեց Սուրենը:

Ըստ երիտասարդի, լավ երգի, լավ ֆիլմի, լավ ներկայացման գրավականը ժամանակի հետ շարժվելն է ու զուտ հանուն շահի չգործելը: «Ստեղծագործության մեջ պետք է հոգի լինի, հետո նոր մտածեն դա ապրանք դարձնելու մասին»,- կարծում է երիտասարդ արվեստագետը:

Սուրեն Պողոսյանը մի երազանք էլ ունի` ապագայում իր թատրոնն ունենալ, որը կտարբերվի Հայաստանում գործող մնացած թատրոններից:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Սուրեն Պողոսյանի
ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031