Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացիները հստակ են ու շտապում են

Հունվար 25,2018 12:00

Իշխանություններից արդեն արագ աշխատանք են ակնկալում

Էստոնիան Եվրամիության 28 անդամ պետություններից առաջինն էր, որը մոտ երկու շաբաթ առաջ վավերացրեց Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այդպիսով անցնելով համաձայնագիրը ուժի մեջ մտցնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն վավերացնեն Հայաստանն ու Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները:

Իշխանությունները վստահեցնում են, որ Հայաստանի Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, մինչեւ մարտի վերջը կվավերացնի Եվրամիության հետ ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Տարեվերջին կառավարությունը հավանություն էր տվել փաստաթղթին: Առաջիկայում, երբ Սահմանադրական դատարանը եւս դրական եզրակացություն տա, այն որպես օրենքի նախագիծ կուղարկվի Ազգային ժողով:

«Արդեն սահմանված ընթացակարգով մենք վավերացման գործընթացը կշարունակենք: Կարծում եմ, որ մինչեւ մարտի վերջ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի այս համաձայնագիրը: Համաձայնագիրը պարունակում է նաեւ անցումային դրույթներ, որոնք թույլ են տալիս համաձայնագրի մի շարք կարեւոր կետեր, հատկապես Եվրամիության ֆինանսական աջակցությանը վերաբերող կետերը կյանքի կոչել մինչեւ համաձայնագրի վերջնական վավերացումը Եվրոպական խորհրդարանի կողմից: Բայց դրա համար պահանջվում է, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացնի: Կարծում եմ՝ այս ժամանակացույցը շատ իրատեսական է»,- «Ազատությանն» ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է եվրոպական կողմին, ապա Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ գոնե մինչեւ 2019թ. կեսը Բրյուսելը կազդարարի համաձայնագրի վերջնական վավերացումը: «Հայաստանի խորհրդարանի բոլոր պատվիրակությունները, բարեկամական խմբերը, որոնք աշխատում են կամ աշխատելու են ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարանների հետ, Հայաստան-ԵՄ համաձայնագրի շուտափույթ վավերացման հարցը պետք է դարձնեն առաջնահերթ իրենց օրակարգում: Ընթացակարգը բավականին բարդ է Եվրոպական միությունում: Որպեսզի համաձայնագիրը վավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից, այն պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում, որից հետո նոր պետք է գա Բրյուսել՝ վերջնական վավերացման Եվրոպական խորհրդարանի կողմից: Սա նշանակում է, որ ամենալավատեսական ժամկետը 2019թ. մինչեւ հունիսի 1-ն է: Որովհետեւ 19 թվականի մայիս-հունիս ամիսներին Եվրոպական խորհրդարանի հերթական ընտրություններն են, եւ շատ կարեւոր է, որ մենք համատեղ ջանքերով, եվրոպական մեր գործընկերների քաղաքական կամքի հստակ դրսեւորումներով պայմանագրի վավերացումը ավարտենք մինչեւ այս Եվրոպական խորհրդարանի կազմի լիազորությունների ավարտը»,- նշել էր Աշոտյանը:

Դեկտեմբերի 25-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց մի կողմից՝ Հայաստանի Հանրապետության եւ մյուս կողմից՝ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, հանձնաժողովում ընդգրկված են արտաքին գործերի, արդարադատության, տնտեսական ներդրումների եւ զարգացման, ֆինանսների նախարարները, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, արտաքին գործերի, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, գյուղատնտեսության փոխնախարարները, Ոստիկանության պետի տեղակալը, Հայաստանի նախագահի օգնականը, կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության եւ արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետերը:
Հանձնաժողովը պետք է համակարգի համաձայնագրով եւ փաստաթղթով սահմանված առեւտրատնտեսական եւ ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության ու դրա անդամ պետությունների հետ Հայաստանի իրավասու մարմինների աշխատանքները, հաստատի համաձայնագրից եւ փաստաթղթից բխող, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից մշակված, այդ թվում՝ բարեփոխումների եւ մոտարկման գործընթացների իրականացմանն ուղղված՝ կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրերը եւ հետեւի դրանց կատարմանը, նախապես քննարկի համաձայնագրով նախատեսված՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի եւ Գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առեւտրատնտեսական եւ ոլորտային համագործակցության հարցերը եւ ընդունի որոշումներ: Հանձնաժողովը աշխատելու է նիստերի միջոցով, որոնք գումարվելու են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ: Հայաստանի պետական կառավարման մարմիններին հանձնարարվում է հանձնաժողովի հետ նախապես քննարկել դրա համակարգմանը ենթակա հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները, ստորագրվելիք եւ հաստատվելիք փաստաթղթերը:

Դեկտեմբերի 28-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց մի կողմից՝ Հայաստանի Հանրապետության եւ մյուս կողմից՝ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Ամենայն հավանականությամբ միջգերատեսչական հանձնաժողովը զբաղվելու ու վերահսկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կյանքի կոչման գործընթացը, այսինքն՝ որոշակի մոնիտորինգ է իրականացնելու:
Բացի այդ, թեեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը չի ենթադրում վիզաների ազատականացում, բայց Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ակնկալում են այս տարվանից այդ հարցով երկխոսության ծավալում: Վերջերս Ա. Աշոտյանն այս առնչությամբ ասել էր. «Մեր մոտեցումը շատ հստակ է, որ անկախ այն, այսպես կոչված, պայմանականություններից, որոնք դրված են վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի փաթեթում, մենք կարող ենք այդ երկխոսությունը սկսել՝ զուգահեռ կատարելով այն տեխնիկական, օրենսդրական պահանջները, որոնք դրված են փաթեթում: Այսինքն՝ մենք առաջարկում ենք, որ քաղաքական երկխոսությունը սկսվի մինչեւ պայմանների կատարման ամբողջական փաթեթը, որովհետեւ այնուհանդերձ դա նույնպես շատ ժամանակատար գործընթաց է՝ 2-3 տարի աշխատանքի դեպքում»:

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելով՝ դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ առաջին պետությունը, որը ԵՄ-ի հետ ձգտում է խորացնել համագործակցությունը: Մեզանում դեռեւս հարցեր են հնչեցվում, թե արդյոք իշխանությունը քաղաքական կամք կդրսեւորի՞ իրական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին, կամ՝ որքանո՞վ Հայաստանի իշխանությունները կկատարեն ստանձնած պարտավորությունները, արդյոք դրանք կկիրառվե՞ն առօրյայում, թե՞ կմնան թղթի վրա:
Բազմաթիվ թերահավատներ կան, որոնց համոզմամբ՝ իշխանությունները Եվրամիության հետ պայմանագրով կստանան դրամաշնորհներ, սակայն իրական բարեփոխումներ այդպես էլ չեն իրականացվի: Կոռուպցիայի դեմ պայքար, ազատ մրցակցային պայմանների ստեղծում, այս եւ այլ ոլորտներում իշխանություններն իսկապես քիչ անց պետք է ցույց տան կոնկրետ արդյունքներ: Այս խնդիրներում բարի ցանկություններ հայտնելուն, պատրաստակամության մասին ելույթներ, ճառեր հնչեցնելուն ոչ ոք ուշադրություն չի դարձնելու, կոնկրետ աշխատանք պետք է իրականացվի:
ԵՄ-ից արդեն իսկ հնչող որոշ ուղերձները հիմք ընդունելով՝ կարելի է եզրակացնել, որ մեր իշխանությունների եվրոպացի գործընկերները բավական հստակ են ու շտապում են: Նկատելի է, որ նրանք Հայաստանի իշխանությունների կողմից արդեն որոշակի արագ աշխատանք են ակնկալում:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի հունվարի 25-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 24.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031