Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ցանկացած ներկայացուցիչ՝ լինի նա երկրի առաջին դեմք, իշխանական թե ընդդիմադիր պատգամավոր, առաջին հերթին խոսում է Արցախի խնդրի մասին: Ես հասկանում եմ, թե ինչու է այդպես, բայց շատ կցանկանայի, որ այդպես չլիներ, որովհետեւ Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները լուծելու հարթակ չէ՝ այդ կառույցի առաքելությունը եվրոպական արժեքների շուրջ համախմբումն ու համագործակցությունն է:
Դա առայժմ այնքան էլ լավ չի ստացվում՝ նաեւ կառույցի ներքին խնդիրների պատճառով, ինչի մասին, ի դեպ, երեկ խոսել է նաեւ Հայաստանի նախագահը: Բայց «չստացվելու» հիմնական պատճառն այն է, որ ԵԽԽՎ-ում տարբեր երկրներ, նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը նստաշրջանի ժամանակ սկսում են իրար հետ «հաշիվ մաքրել»: Իհարկե, դրա նախաձեռնողը սովորաբար ադրբեջանական պատվիրակությունն է լինում, ինչպես որ երեկ էր, երբ այդ պատվիրակության ղեկավար Սեիդովը գրգռված ձայնով կրկնեց ադրբեջանական քարոզչության, իմ կարծիքով, հնացած փաստարկները: Բայց եթե փաստարկները հնչում են, մերոնք ստիպված են պատասխանել, եւ ԵԽԽՎ մանդատից դուրս ծավալվող բանավեճն անխուսափելի է:
Բայց ընդհանուր առմամբ պետք է ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլեւ մնացած միջազգային հարթակներում խուսափել, որ Հայաստանը մնա «Ցեղասպանություն, Ղարաբաղ, Ռուսաստանի ֆորպոստ» ասոցիատիվ տխուր շարքի մեջ: Ինձ թվում է՝ պետք չի քաշվել եւ բարդույթավորվել, անհրաժեշտ է անկաշկանդ, հավասարը հավասարի պես մնացած եվրոպական (իսկական եվրոպական) երկրների հետ քննարկել համաեվրոպական օրակարգը:
…Մեր պատգամավորներից Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ: Նա ներկայացնում է մեր հասարակական վերնախավի երիտասարդ սերունդը, որն ամբողջությամբ կայացել է անկախ Հայաստանի ժամանակաշրջանում. նրա համար եվրոպական արժեհամակարգի մեջ տեղավորվելը շատ ավելի դյուրին է, քան իմ հասակակիցների, նա չունի լեզվական եւ այլ խոչընդոտներ: Վստահ եմ, որ ԵԺԿ խմբում քննարկվելու են տարբեր եվրոպական երկրներում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, և մեր ներկայացուցիչն ակտիվորեն կմասնակցի այդ քննարկումներին: Կարծում եմ՝ դա կարեւոր է նաեւ Արցախի համար:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Տարիներ առաջ մի ամերիկուհու հետ ծանօթացայ: Հարցրեց որտեղից ե՞ս: Ասացի Հայաստանից: Նա էլ բա. «Դուք էիք չէ՞ ցեղասպանութեան ենթարկուել»: Ժպտալով ասացի «այո, նման բան էլ է եղել»: Ու մտքումս մտածում էի. «Հազարամեակների պատմութիւն, մենք, մենք, ամենա-, ամենա-ն, թատրոնը, ծառերն ու կապիկները, քրիստոնէութեան ջահակիրն … ու աշխարհում Ալբանիայի (ներողութիւն՝ Արմենիայի) յայտնի այցեքարտը»:
Մի լեհ արհեստաւոր ունէինք մեր համալսարանում: Մի օր հարցրեց որտեղացի լինելս: Նորից, ասացի Հայաստան: Թէ բա ռուս էք էլի: Հանդարտ տոնով ու ժպտալով պատասխանեցի, որ արդէն անկախ պետութիւն ենք ու մշակոյթով, ազգային խառնուածքով շատ տարբեր ենք նրանցից:
Հաջորդ օրը հեռախօսով խօսում էր: Զրուցելուց յետոյ հարցրեցի՝ ի՞նչ լեզուով էիր խօսում (իբր թէ չգիտեմ): Հպարտօրէն ասաց՝ լեհերէն: Ծիծաղելով ասացի. «Լեհերէնս ո՞րն է, ասա ռուսերէն է էլի»: Քիչ էր մնում ինձ հում-հում ուտի:
Որպես ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ ֆուտբոլի մասին խոսելով՝ Արփինե Հովհաննիսյանը մեզ դարձրեց համաեվրոպական ընտանիքի մեկ մասնիկ: Միաժամանակ, Արփինե Հովհաննիսյանը ցույց տվեց, որ ֆուտբոլ նայում ու ֆուտբոլից հասկանում են ոչ միայն հայ տղամարդիկ, այլև կանայք՝ վկայելով մեր երկրում կանանց էմանսիպացիայի մասին: