Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգ-բանակ-եկեղեցի

Հունվար 25,2018 14:00

Ցանկացած քաղաքական գաղափարախոսություն իր թիկունքում պետք է ունենա իրեն փոխլրացնող իդեոլոգիական հենքը հոգեւոր ոլորտում։ Եթե թերթենք պատմության ծանոթ ու անծանոթ էջերը, ապա կտեսնենք, որ հոգեւոր-մշակութային հիմքից զուրկ քաղաքական լոզունգները, ուղղություններն ու գաղափարները չեն դիմացել ամենազոր ժամանակի փորձությանը, մինչդեռ գրեթե բոլոր հզոր քաղաքական գաղափարախոսությունները պարտադիր ունեցել են մշակված հայեցակարգեր կրոնի եւ ամենայն հոգեւորի հարցերում։ Առհասարակ կրոնները քաղաքականության մեջ դառնում են գործիք՝ կառավարելու մարդկանց մտքերը։ Եթե բռնությամբ եւ քաղաքական գործիքակազմով հասարակական խմբերի վրա իշխելը բարդ է եւ ժամանակավոր, ապա կրոնների միջոցով այն դառնում է ավելի դյուրին եւ երկարաժամկետ։

Օրինակ՝ բոլշեւիկները կրոնի հարցում ընտրեցին աթեիզմը, եւ վերջինս ԽՍՀՄ գոյության ընթացքում նրա եւ՛ հոգեւոր, եւ՛ քաղաքական հենասյուներից էր։ Գերմանական թագավորության տիրակալ Օտտոն I-ը դեռ 10-րդ դարում իր քաղաքական իշխանության ամրապնդման համար հենարան ընտրեց գերմանական եկեղեցին (Օտտոնյան եկեղեցի). սա նրան հնարավորություն տվեց վերջ դնելու անջատական ձգտումներին եւ ստեղծելու հզոր քաղաքական իշխանություն։ Օրինակները բազմազան են եւ տարաբնույթ։
Այսօր Հայաստանի քաղաքական իշխանությունը առաջ է քաշել «Ազգ-բանակ» կոնցեպտը։ Այն հավակնում է դառնալու նաեւ հասարակական տրամադրությունների բյուրեղացումը, քանզի կամաց-կամաց հասարակությունը ներծծվում է ազգ-բանակային մտածողությամբ։ Բնական է, որ հասարակական-քաղաքական այս կոնցեպտը պետք է մշակված մոտեցում ունենա կրոնական հարցերում։ Ահա այստեղ է, որ քաղաքական իշխանությունների համար Հայ առաքելական եկեղեցին դառնում է թեւ ու թիկունք. քրիստոնեությունը, իսկ ավելի կոնկրետ նրա առաքելական ճյուղը վերածվում է «Ազգ-բանակ»-ի գաղափարական սնուցողի։

Այսպիսով նացիոնալ-միլիտարիստական գաղափարախոսությանը հավելվում է առաջինը քրիստոնեությունը ընդունած լինելու պատիվը եւ աշխարհին բարոյական կապիտուլյացիայի ենթարկելու ի վերուստ տրված միսիան եւ վերջ. պատրաստ է մի ողջ արժեհամակարգ՝ ներքին կուռ կառուցվածքով, որը թույլ կտա քաղաքական եւ հոգեւոր անվերապահ իշխանություն ունենալու հանրային ընկալումների ու մտածողության վրա։
Որեւէ մեկի համար գաղտնիք չէ Հայ առաքելական եկեղեցու ունեցած զգալի նշանակությունը հայոց պատմության համատեքստում։ Սակայն մյուս կողմից էլ ակնհայտ է նրա ուռճացված, երբեմն գերագնահատված դերը, երբ պետականազուրկ ժամանակահատվածներում եկեղեցին նույնացվել է պետության հետ։ Ուզենք թե չուզենք՝ պետությունը աշխարհիկ իրողություն է։ Գրեթե բոլոր զարգացած եվրոպական երկրները անցել են այն ուղով, որը եկեղեցին անջատում է պետությունից։ Պետությունից եկեղեցու անջատվելը Եվրոպայում խորհրդանշում էր միջնադարից անցումը դեպի նոր ժամանակներ։ Ժամանակային տարբեր ընդգրկումներով այս երեւույթը ուղեկցում է/ ուղեկցելու է այն երկրներին, որոնք բռնել են դեմոկրատացման ուղին։
1991թ.-ից ի վեր ակնհայտ է մի իրողություն. Հայ առաքելական եկեղեցին չի կորցրել իր քաղաքական կշիռը եւ իրեն անհրաժեշտ պահերին գործի է դնում քաղաքական իր լծակները։

Օրերս հանրության ուշադրությունը սեւեռվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վրա, որը եկեղեցական զգեստ հագած, մասնակցում էր ջրօրհնեքի արարողությանը որպես խաչքավոր։ Իհարկե, ոչ ոք չի կարող Վիգեն Սարգսյանին մեղադրել իր կրոնական հայացքների համար, սակայն աշխարհիկ, ժողովրդավարության ձգտող երկրի համար սա այնքան էլ օրինաչափ երեւույթ չէ։ Սա բացահայտ ցուցադրումն է նրա, որ պետությունը՝ բարձրաստիճան պաշտոնյայի տեսքով, աջակցում է Հայ առաքելական եկեղեցուն, ինչն անուղղակի հակասության մեջ է գտնվում Սահմանադրությամբ ամրագրված խղճի եւ դավանանքի ազատության մասին սկզբունքին։ Այլապես մյուս կրոնական համայնքները եւս պետք է նման կարգի աջակցություն ստանան. բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցեն նրանց կրոնական արարողություններին եւս։

Կամ պետք է ամրագրվի պետության չեզոքությունը կրոնադավանական հարցերում, քանզի պետության հիմնական բջիջը ոչ թե կրոնական ինչ-որ համայնքի ներկայացուցիչն է, այլ քաղաքացին՝ անկախ կրոնական ու ազգային պատկանելությունից։
Սակայն եթե մի կողմ դնենք իրավական եւ քաղաքական ձեւակերպումները եւ խնդիրը դիտարկենք գաղափարախոսական հարթության վրա, ապա կարող ենք արձանագրել, որ Հայ առաքելական եկեղեցին գալիս է ամրացնելու «Ազգ-բանակ» կոնցեպտի հիմքերը հոգեւոր ոլորտում եւ դառնում այն շաղախը, որով ամրացվելու են այդ կոնցեպտի մասնիկները։ Իսկ դա ակնհայտ է դառնում այն բանից, որ հիշյալ կոնցեպտում շեշտվում է ազգ, այլ ոչ թե պետություն բաղադրիչը, իսկ հայության գերակշիռ հատվածը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են։ Եթե ինչ-ինչ քաղաքական պատճառներով հանրությանը անհնար լինի միավորել բանակի շուրջ, իսկ դա քիչ հավանական է թվում, ապա քրիստոնեության ու եկեղեցու շուրջ համախմբելը տասնապատիկ ավելի հեշտ կլինի։ Հենց թեկուզ հայ ազգի նրբազգացությունը այդ հարցում օգտագործելով։
Այսպիսով՝ միավորված կերպով հրապարակ է իջնում «Ազգ-բանակ-եկեղեցի» կոնցեպտը՝ ավելի ամբողջական ու փոխլրացված։ Այս կոնցեպտը, որ կամաց-կամաց ամրապնդում է իր դիրքերը հասարակական-քաղաքական դաշտում եւ թեկուզ de facto դրվում պետական մակարդակի վրա, անխուսափելիորեն ունենալու է դրսեւորումները իր յուրաքանչյուր կոմպոնենտի մեջ։

ԱՎԵՏ ԿԱՐԵՅԱՆ

ԵՊՀ պատմության
ֆակուլտետի ուսանող

«Առավոտ»

24.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031