Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր օպերային երգիչներն Ամանորին «դրսում» աշխատել են

Հունվար 25,2018 13:30

Ազգային օպերային թատրոնի որոշ մեներգիչներ, համաձայն իրենց հյուրախաղային գրաֆիկի, նոր տարին դիմավորեցին «դրսում» կամ էլ ամանորյա տոներից հետո անմիջապես մեկնել են արտասահման: Օրինակ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը Գերմանիայի թատրոններում էր: Դեկտեմբերի 29, 31-ին «Դոյչե օպերայում» հանդես է եկել Պուչինիի «Բոհեմում»՝ Ռուդոլֆի դերերգով, Քյոլնի օպերային թատրոնում էլ դեկտեմբերի 17, 26-ին եւ հունվարի 4, 7-ին ներկայացել է որպես Դուքս՝ Վերդիի «Ռիգոլետո» ներկայացման մեջ, հունվարի 28-ին «Շտատս օպերայում»՝ Վերդիի «Տրավիատայում» կմարմնավորի Ալֆրեդին:

Հայ արվեստագետները Էյլաթում:

Բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը մինչ Ամանորը բեմ է բարձրացել արտասահմանյան տարբեր թատրոններում, նոր տարին դիմավորել տանը, ապա հունվարի 1-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի եւ իր կոլեգաների՝ սոպրանոներ Սյուզի Մելքոնյանի, Ջուլիետա Ալեքսանյանի, տենորներ Հովհաննես Այվազյանի ու Արմեն Բադալյանի հետ մեկնել Իսրայել: Էյլաթ քաղաքում ավանդաբար անցկացվող «Կլասսի-Կամերի» փառատոնում, որը երկար տարիներ ղեկավարել է Վալերի Գերգիեւը, հայաստանցի երգիչները մաեստրո Օրբելյանի ղեկավարությամբ, տեղի նվագախմբի ընկերակցությամբ հունվարի 3-ին եւ 5-ին հանդես են եկել հայկական, իտալական ու ռուսական դասական արվեստի ընտիր նմուշներով:

Հակոբյան-իշխան Գրյազնոյ:

«Առավոտը» կապվեց Գեւորգ Հակոբյանի հետ, որը փետրվարի 15, 17-ին Մեծ թատրոնում հրավիրված է կատարելու Կոմս Տոմսկու դերերգը Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի պրեմիերային: Արվեստագետը նշեց, որ ճանաչված այս օպերան բացարձակ նոր ընթերցում է, որի բեմադրող դիրիժորը Տուգան Սոխիեւն է, ռեժիսորը՝ Ռիմաս Տումինասը: Խնդրեցինք ներկայացնել մինչ Ամանոր երգչի բեմելներն արտասահմանում: Մեր զրուցակիցը նշեց իր մասնակցությամբ իտալական մի քանի նախագծեր, դրանք են՝ Ջորդանոյի «Անդրեա Շենյե» բեմադրությունը, Վերդիի «Նաբուկո» օպերան, Կարակալա փառատոնին մասնակցությունը եւ Պուչինիի «Տոսկան»: Հոկտեմբերին «Շտուտգարդ օպերայում» հանդես է եկել Կոմս Տոմսկու դերերգով «Պիկովայա դամա» օպերայում: Մեծ թատրոնում էլ հանդես է եկել Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» օպերայում, կատարելով Իշխան Գրյազնոյի դերերգը: Բոլոնիայի օպերային թատրոնում ներկայացել է Սկարպիա՝ Պուչինիի «Տոսկայում»:

Գեւորգ Հակոբյանը՝ Տոմսկու կերպարում:

Բարիտոնի երեք մենեջերները՝ Իտալիայից Անջելո Գաբրիելին, Մեծ Բրիտանիայից Մարկ Հիլդրուն եւ Ավստրիայից Արիանա Հոլենդերը, փաստորեն, լավ են կատարում իրենց առաքելությունը: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ ձեզ սպասե՞նք հայրենիքում, Գեւորգ Հակոբյանը պատասխանեց. «Մոսկվայում «Պիկովայա դամայի» պրեմիերայից անմիջապես հետո վերադառնում եմ Հայաստան»:

Սկարպիայի կերպարում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Եթէ բէթօնճիները դրսում աշխտում են -Օփերայի երգիչները ինչու ներսում պիտ աշխատին ….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031