Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաբայանը համբուրեց վիրավոր զինվորներին, Էրիկը մի քանի անգամ խոնարհվեց, իսկ Կոմանդոսին ուղղված ծափերը չէին դադարում. (Ֆոտոշարք)

Հունվար 24,2018 23:13

«Շնորհակալություն, հայ զինվոր». Այսօր այս խորագրով Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որին մասնակցում էին հայտնի երգիչ-երգչուհիներ Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրո, Արսեն Սաֆարյանը, Զարուհի Բաբայանը, Էրիկ Կարապետյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Վարդան Բադալյանը եւ այլք: Համերգի հասույթը տրամադրվելու է Զինվորների առողջության վերականգնողական կենտրոնին:

«Երանի մեզ, որ մենք ունենք այս որակի հայ զինվոր»,- իր խոսքում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը: Նա ասաց, որ այս համերգով ուզում են իրենց հասարակ վերաբերմունքը ցույց տալ մեր հայ զինվորի հանդեպ, որը երբեք չի խնայել իր կյանքը, չի խնայել իր առողջությունը՝ հանուն մեր ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ բարոյական գոյության:

Համերգը կազմակերպել էր «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ն, որի նախագահ Մանուել Մանուկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են համերգի կազմակերպմանը, նաեւ խոնարհվեց զոհված զինծառայողների մայրերի առաջ, իրենց վիրավոր ընկերների եւ նրանց ծնողների առաջ. «Մեր նպատակն է, որ մենք բոլորով միասնական լինենք»:

Համերգին մասնակցում էին նաեւ պատերազմի վետերաններ, քառօրյա պատերազմի մասնակիցներ: Ուշագրավ է, որ երբ հայտարարվեց, որ դահլիճում է գտնվում նաեւ Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ողջ դահլիճը ոտքի կանգնեց եւ տեւական ժամանակ հոտնկայս ծափահարեց նրան՝ հայտնելով իր երախտագիտությունը:

Ծափերով ողջունեցին եւ շնորհակալություն հայտնեցին նաեւ վերականգնողական կենտրոնի բժիշկներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ զինվորներին ոտքի կանգնեցնելու, առողջացնելու համար, ուրախանում են նրանց գրանցած ամեն մի փոքր հաջողություններով:

Երգչուհի Զարուհի Բաբայանը մաղթեց. «Ուզում եմ, որ մեր բանակը լինի մեր անվտանգության եւ խաղաղության խորհրդանիշ, երբեւիցե թող այդ զենքերը չկրակեն: Շնորհակալ եմ, հայ զինվոր, մենք ձեր կողքին ենք»: Նա նաեւ շփվեց զինվորների հետ, համբուրեց քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանին, Ռոլանդ Սահակյանին:

Իսկ Էրիկը մի քանի անգամ խոնարհվելով՝ ասաց, որ ինչքան էլ խոնարհվի, էլի քիչ է. «Մենք ամբողջ կյանքով ենք պարտական ձեզ»:

«Դիրքապահ» կազմակերպության հաշվեհամարն է՝ AMD 15700 27028900100
USD 15700 27028900101

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031