Իրանի քրդաբնակ նահանգների համալսարանների 180 դասախոսներ, գիտնականներ Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատող հայտարարություն են արել:
Հայտարարությունը ստորագրած գիտաշխատողները միջազգային հանրությանը կոչ են արել խախտել լռությունը և «Ո՛չ» ասել հանցագործությանը:
«Fırat» լրատվական գործակալության հրապարակած հայտարարության մեջ Ռուսաստանը մեղադրվում է Աֆրինի վրա հարձակվելու հարցում Թուրքիայի հետ «կեղտոտ» պայմանավորվածության գալու, ԱՄՆ-ը՝ լուռ համաձայնություն տալու, իսկ Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների պաշտպանության մասին բարձրաձայնողները՝ լռություն պահպանելու մեջ:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոտորածներին, որոնք համաշխարհային պատմության սև էջերն են, ավելացնում է ևս մեկը:
Գիտնականները, նշելով, որ Աֆրինի վրա հարձակման ընթացքում մինչև այժմ տասնյակ կանայք և երեխաներ են սպանվել, իրենց պարտքն են համարել բարձրաձայնել հետևյալ 4 հարցի մասին.
- Թուրքիայի կողմից մեկ այլ պետության տարածքի վրա հարձակումը, որը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ, անօրինակ է և հանցագործություն է:
- Թուրքիայի հարձակումը, որ այն նախաձեռնել է իր գերիշխանությունն ընդլայնելու համար, վտանգի տակ է դնում Սիրիայում հաստատված խաղաղությունը:
- Այս հարձակումը հող է նախապատրաստում օտարերկրյա ուժերի միջամտության համար:
- Անտեսվում է այս տարածքի խաղաղ բնակչության ապագան և կյանքի անվտանգությունը:
«Համարում ենք, որ Թուրքիայի այս բռնությունների և հանցագործությունների հանդեպ լռություն պահպանողները խախտում են միջազգային համընդհանուր իրավական նորմերը: Թուրքիայի այս հարձակումը քննադատում և դատապարտում ենք: Պահանջում ենք, որ միջազգային դերակատարները, հատկապես Իրանը, այս հանցագործությունը դադարեցնելու կոչ անեն»:
Աղբյուր` Ermenihaber.am