Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվեց «Լիա» գեղեցկության սրահում սպանվածի կնոջ ցուցմունքը

Հունվար 24,2018 19:12

Չարբախում մեկ տարի առաջ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով այսօր Շենգավիթ վարչական շրջանի իրավասության դատարանում հրապարակվեց այս գործով տուժողի իրավահաջորդ Մուշեղ Մուշեղյանի կնոջ՝ Նարինե Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքը:

Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ դեպքի նախորդ օրը ամուսինն առավոտյան տանից դուրս է եկել՝ հայտնելով, որ ընկերների հետ է լինելու և այդ օրը տուն չի գալու: Սպանվածի կինը հայտնել է, թե տեղյակ չէ՝ ամուսինը թշնամիներ ուներ, թե` ոչ:

Ըստ ցուցմունքի՝ Նարինե Հովհաննիսյանն ասել է, որ չի ճանաչում միջադեպի մասնակիցներից ոչ մեկին: Նարինե Հովհաննիսյանը դատարան չէր ներկայացել եւ դատարանին գրությամբ հայտնել էր, որ չի ցանկանում ներկա լինել դատական նիստերին և ցանկանում է, որ հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքը:

Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել նաև դատակոչված եւս 3 վկա: Դատարանը որոշեց բերման ենթարկել Վիրաբ Գասպարյանին և Դավիթ Հախանումյանին:

Հիշեցնենք, որ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել, որ Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել, որից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031