2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», հանդես եկավ հայտարարությամբ՝ ցավակցություն հայտնելով ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի մահվան կապակցությամբ:
Խանդոյանն ասաց, որ Հացպանյան իր ու իր ընկերների զինակիցն է եղել: «Մենք վերցրել ենք երկիրը պաշտպանելու բեռը, եւ, ցավոք, այսպես կորցնում ենք մեր ընկերներին: Խորը վիշտ է, որ ամեն օր կորցնում ենք մեր խոշտանգված երկրի պաշտպաններին, հուղարկավորում երկրի ապագան»,-ասաց նա:
Ապա Արայիկ Խանդոյանը հավելեց. «Եռաբլուրը լայնանում է…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ