Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների գործադուլ Գյումրիում․ «Հեչ չհասկացանք՝ Նապոլեոն Ազիզյանի մատը միամիտ կպա՞վ կոճակին» (Տեսանյութ)

Հունվար 24,2018 17:54

Այսօր գյումրեցի փաստաբանները գործադուլ էին հայտարարել՝ չմասնակցելով դատական նիստերին ու այս միջոցով իրենց բողոքը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» նախատեսված փոփոխության դեմ, որը հնարավորություն է տալիս դատավորներին դատական սանկցիա կիրառել ու մինչև 100 հազար դրամի հասնող տուգանքի ենթարկել կարգ խախտած փաստաբաններին։

«Գտնում ենք, որ խաթարվում է փաստաբանի անկախությունը, լիարժեքորեն չենք կարող իրականացնել մեր իրավապաշտպան գործունեությունը և դրանով իսկ ոտնահարվում է մեր անկախությունը և կամայական վերաբերմունքի տեղիք է տալիս։ Որևէ փաստ չի բերվում, թե ինչու է կոնկրետ անհրաժեշտություն առաջացել նման նախագծի և նման դրույթի»,-ասաց փաստաբան Հայկ Հարությունյանը։ Վերջինս նշեց, որ Շիրակի մարզում մեկօրյա գործադուլը նախազգուշական ակցիա է, իսկ ողջ Հայաստանով բողոքին միացել են շուրջ 1300 փաստաբան։ «Մենք հիմա մեսիջ ենք ուղղում կառավարությանը, որ եթե շարունակվի, ավելի լայնամասշտաբ քայլերի կդիմենք»,- շարունակեց Հայկ Հարությունյանը։

Փաստաբան Արամայիս Հայրապետյանն էլ ասաց՝ չկան ընթացակարգային երաշխիքներ, որ սանկցիան չի կիրառվի կամայականորեն։ «Գործող Դատական օրենսգիրքը և նաև Քրեական դատավարության օրենսգիրքը նշում է, որ դատական սանկցիա կարող է կիրառվել դատավորի օրինական կարգադրությունը չկատարելու դեպքում կամ այլ խախտումներ կատարելու դեպքում, որը անհարգալից վերաբերմունքն է դատարանի նկատմամբ։ Նախագծում նշվում է դատարանի ուղղակի կարգադրությունը չկատարելու դեպքում, չի նշվում օրինական կարգադրությունը, և երկրորդ՝ դատական կարգը խախտելու դեպքում, չի նշվում, որ արտահայտվել է անհարգալից վերաբերմունքով։ Աբսուրդը որն է, որ դատական նիստերի դահլիճում կամ դատարանի շենքում այնպիսի վարքագիծ դրսևորելը, որը կարող է վիրավորական թվալ դատարանի կամ դատավոր նկատմամբ։ Ասենք դուք ինձանից հարցազրույց եք վերցնում դատարանի շենքում, և ես ասում եմ՝ դատավորի նման վարքագիծն աբսուրդ է։ Դատավորը, ընկալելով, որ սրանով վարկաբեկում եմ իրեն, կարող է դատական սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ։ Ընթացակարգային որևէ երաշխիք, որ դա ընթացակարգ պետք է անցնի, նոր սանկցիա կիրառեն, գոյություն չունի, կամայական օգտագործման լծակ են տալիս դատավորի ձեռքին։ Երբ հարց հնչեց, թե որն է նման փոփոխության նպատակը, հիմնավորում չկար, բայց նպատակը կոնկրետ ինձ ակնհայտ է՝ վերահսկողության տակ վերցնել փաստաբանական համայնքը, խոչընդոտել անկախությունը, որովհետև այսօր քիչ, թե շատ կայացած համայնքը փաստաբանական համայնքն է, իսկ մեր պետությանը պետք է համայնք, որը վերահսկելի լինի։ Այդ մասին է խոսում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի պարտված գործերի քանակը, դա նույնպես փաստաբանության անկախության, փաստաբանության պայքարի արդյունքն է։ Որևէ պետություն բարեփոխում կատարելիս, որ ասում են՝ բարեփոխում ենք կատարում Եվրոպայի ճնշման ներքո, թող չասի իր շնորհքն է, դա հենց փաստաբանության շնորհքն է։ Փաստաբանները հասան նրան, որ Եվրոպայի դատարանում պետությունը հսկայական գործեր պարտվի։ Այս խնդիրը լուծելու, արդարադատություն իրականացնելու փոխարեն, նրանք գտնում են, որ ավելի լավ է փաստաբանական համայնքը լինի վերահսկելի, իսկ երաշխիքներ գոյություն չունեն, որ դա կամայական չի լինի»,- ասաց Արամայիս Հայրապետյանը։

Նա խայտառակություն է որակում այս նախագիծը: Ըստ նրա, այս դեպքում կամ ստիպված են հրաժարվել փաստաբանական գործունեությունից կամ վախենալով ֆինանսական կորուստներից՝ կաշկանդվել դատարանում, պայքար չմղել, քանի որ մեկ դատական նիստի ընթացքում հնարավոր է փաստաբանը մինչև մեկ միլիոն դրամ տուգանվի, 10 անգամ խախտում կատարի ու 10 անգամ տուգանվի։

Փաստաբան Աննա Դավթյան էլ ասում է, որ ներկայումս գործող կարգի համաձայն, եթե դատավորը գտնում է, որ անօրինական է փաստաբանի վարքագիծը, նա խախտում է դատական կարգը, կարող է արձանագրել, որոշում կայացնել ու ուղարկել փաստաբանական համայնքին։ «Դատարանը մուտք է գործել մեր համայնքի ներքին խնդիրների մեջ։ Դատարանը իրավունք չունի ներգործելու, փաստաբանը իր մասնագիտական գործունեությամբ ազատ է, անկախ և ենթարկվում է միմիայն իր համայնքի շրջանակներում գործող ներքին կանոնադրությանը։ Աշխարհի ոչ մի երկրում նման կարգ գոյություն չունի, որ դատարանները տույժի ենթարկեն փաստաբաններին»,-ասում է Աննա Դավթյանը։

Նրա համոզմամբ, նման նախագիծ մշակելու ու փաստաբաններին ճնշման ենթարկելու պատճառը մեր հանրապետությունում ընթացող աղմկոտ քրգործերն են, ինչպես նաև Եվրոպական դատարանում հայ փաստաբանների հասած հաջողությունները։

Արամայիս Հայրապետյանն էլ հիշեցնում է, որ Քրեական օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել փաստաբանին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու համար, ուստիև Դատական օրենսգրքով նոր պատիժ սահմանելն, անհեթեթ է։

Փաստաբանները նշում են, ըստ օրենքի նախագծի, տուգանքի վիճարկումը չի կասեցնում տուգանքի մուծման գործընթացը։ Իսկ սա ծանր հետևանքներ կարող է ունենալ, չհամաձայնելու դեպքում բողոքարկման կարգը շատ երկար կարող է տևել, մինչ այդ էլ հնարավոր է և կալանք դրվի փաստաբանի անձական գույքի նկատմամբ։

Փաստաբանները նաև նշում էին, որ այդպես էլ չհասկացան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը կո՞ղմ էր, թե՞ դեմ փոփոխություններին։ «Հեչ չհասկացանք՝ Նապոլեոն Ազիզյանի մատը միամիտ կպա՞վ կոճակին», -ասում էին նրանք։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր, քանի որ հաշվել են նաև «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031