Քաղաքագետ Էդգար Վարդանյանի մեկնաբանմամբ, նախագահի պաշտոնը թեեւ խորհրդարանական կառավարման համակարգում հիմնականում ներկայացուցչական բնույթ ունի, բայց մեր Սահմանադրությամբ ՀՀ նախագահը պետության գլուխն է, ինչն արդեն իսկ նշանակում է, որ նախագահի պաշտոնը լուրջ պաշտոն է:
Դա նշանակում է, որ հատկապես ճգնաժամային իրավիճակներում, նախագահը կարող է ունենալ քաղաքական իմաստով լուրջ դերակատարություն: Նա կարող է մթնոլորտ ստեղծել, ազդել հանրային տրամադրությունների վրա, կարող է բարձրաձայնել այն հարցերը, որոնք չեն բարձրաձայնվում իշխող կուսակցության անդամների կողմից ԱԺ-ում, կառավարությունում, կարող է կոնկրետ գործողություններ իրականացնել, որոնք կարող են ստեղծել լուրջ խնդիրներ: Օրինակ՝ ՀՀ նախագահը կարող է չստորագրել ԱԺ կողմից ընդունված օրենքի տակ, եւ եթե երկրորդ անգամ չի ստորագրում, ստիպված ԱԺ նախագահն է ստորագրելու, բայց դա նշանակում է լուրջ քաղաքական քայլ, որով, ըստ էության, ՀՀ նախագահը որոշակիորեն կարող է ներկայացնել ընդդիմության տրամադրություններն ու ուժեղացնել ընդդիմությանը»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց քաղաքագետը:
Հարցին, թե քաղաքական մեծամասնության կողմից ընտրված նախագահը կարո՞ղ է ընդդիմության տրամադրությունները ներկայացնել կամ ուժեղացնել ընդդիմությանը, քաղաքագետը պատասխանեց. «Եթե ժողովրդավարական երկրի մասին խոսք գնար, պետք է ասել, որ բացարձակ կապ չունի՝ նախագահը քաղաքական մեծամասնության կողմից է ընտրվում, թե հանրության, դա նրա հետագա քաղաքական գծի վրա էական նշանակություն չէր կարող ունենալ, Հայաստանում կարող է ունենալ… Ըստ Սահմանադրության՝ այն, ինչ կա, կարող է եւ չգործել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի